«Ձևաբանություն» ձեռնարկին հղումների նյութեր

 

Գոյականակերտ ածանցներ

Նախածանցներ. արտ–երկիր, անդր–աշխարհ, գեր–մարդ, դեր–բայ, ենթա–կետ, հակա–թույն, համա–կարգ, մակ–դիր, պարա–գիծ, տրամա–չափ, փոխ–արքա։

Վերջածանցներ՝ պահ–ածո, գետ–ակ, խց–ան, մրց–անակ, առած–անի, գազան–անոց, քաջալեր–անք, թագ–ավոր, կերպ–ար, ուսումն–արան, ստուգ–արք, քաղաք–ացի, հարսն–ացու, լվ–ացք, ընդ–եղեն, տանձ–ենի, Մարգար–ենք, գով–եստ, ռուս–երեն, կողպ–եք, կաթ–իլ, մարտ–իկ, ուսուց–իչ, խաղալ–իք, զգաց–մունք, եռամս–յակ, Արամ–յան(ց), շառաչ–յուն, սկս–նակ, կտր–ոն, առաջն–որդ, գոռգոռ–ոց, հնոց–ա–պան, Հայ–ա–ստան, հատ–ված, ճեղք–վածք, բան–վոր, այցել–ու, արտասան–ություն, միջ–ուկ, դերասան–ուհի, ուս–ում, մրց–ույթ, գրք–ույկ, կառ–ույց, հաճ–ույք, սն–ունդ, ծեր–ունի, արբ–ունք, տես–ուչ, ապր–ուստ, մոշ–ուտ, աճ–ուրդ, դեղն–ուց, մանր–ուք, հան–ք։

(Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձևաբանություն, Ե., 2015, էջ 10)

 

Ածականակերտ ածանցներ

• ժխտական և այլ նախածանցներ՝ ամենա–մեծ, ան–արդար, ապ–երախտ, բաց–արձակ, գեր–խիտ, դժ–գոհ, ընդ–արձակ, թեր–խաշ, հակա–դարձ, համա–դաս, հարա–կից, ստորա–կարգ, չ–բեր, վերա–հաս, տ–կար, տարա–բախտ,

• վերջածանցներ՝ ահ–ագին, հն–ագույն, ուրախ–ալի, բր–ածո, գյուղ–ական, ուղղ–ակի, նյարդ–ային, կծ–ան, յոթգլխ–անի, հոս–անուտ, բուր–ավետ, գմբեթ–ավոր, կարմր–ավուն, գուն–ատ, խել–ացի, անագ–ե, նազ–ելի, վառ–ելիք, ուժ–եղ, հր–եղեն, հայր–ենի, կատաղ–ի, աշխարհ–իկ, խոր–ին, հուզ–իչ, պստ–լիկ, խռով–կան, հյուս–կեն, ցաս–կոտ, բամբակ–յա, միաց–յալ, արևմտ–յան, վճար–ովի, ժանգ–ոտ, ազդ–ու, գիր–ուկ, փխր–ուն։

 

(Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձևաբանություն, Ե., 2015, էջ 52)

 

Որակական և հարաբերական ածականների տարբերակումը

Որակական ածականների մեծ մասը՝

1. ունի համեմատության աստիճաններ՝ մեծ – ավելի մեծ, ամենամեծ, խոր – ավելի խոր, ամենախոր, ուժեղ – ավելի ուժեղ, ուժեղագույն, լուսավոր – ավելի լուսավոր, ամենալուսավոր, անշնորհք – ավելի անշնորհք, ամենաանշնորհք,

2. կարող է կապակցվել չափի ու քանակի մակբայների հետ՝ շատ լուսավոր, մի քիչ փոքր, փոքր–ինչ սառը, չափազանց նյութապաշտ, լիովին անտարբեր, մասամբ անտառապատ, կիսով չափ ավարտուն, բավական դիմացկուն, գրեթե հասուն, անհամեմատ շքեղ,

3. ունենում է իր հականիշը՝ թեթև – ծանր, սառը – տաք, վաղնջական – արդիական,

4. ունենում է -ություն ածանցով իրեն հարաբերակից վերացական գոյականը՝ ծուլ–ություն, դժվար–ություն, ամլ–ություն, մերկ–ություն, հավասար–ություն,

5. կարող է գործածվել նաև մակբայաբար՝ թեթև շնչել, շատ բարձր խոսել, ավելի լավ սովորել, հավասար բաժանել։

Որակական ածականների մի մասը՝

6. ստանում է որոշ կարգի ածանցներ՝

• սաստկական՝ նեղ – նեղլիկ, զվարթ – զվարթագին, լուռ – լռին,

• սահմանափակման՝ երկար – երկարավուն, մանր – մանրոտ,

• նվազական–փաղաքշական՝ անուշ – անուշիկ, տաք – տաքուկ,

7. կազմում է սաստկական կրկնավորներ՝ դառը–դառը, հին–հին, կարծր–կարծր,

8. ունենում է իրեն հարաբերակից բայը՝ ամուլ – ամլանալ, այրի – այրիանալ, թույլ – թուլանալ, ազնիվ – ազնվանալ, կարմիր – կարմրել, հավասար – հավասարվել,

9. կազմությամբ լինում են թե՛ պարզ (թույլ, հաստ, նոսր, սուր, կեռ, խաղաղ, գիժ, դառը), թե՛ բաղադրյալ (ընդունակ, իմաստուն, ազնիվ, վարդագույն, կենսուրախ, մեծամիտ, չարակամ)։

Հարաբերական ածականները, որպես կանոն, չունեն այս հատկանիշերը։

Հարաբերական ածականները՝

1. մեծ մասամբ կարող են փոխարինվել նույն հիմքից կազմված՝

• գոյականի սեռական–տրական կամ բացառական հոլովաձևով՝ փայտե – փայտի(ց), բամբակյա – բամբակի(ց), քաղաքային – քաղաքի, գյուղական – գյուղի, արևելյան – արևելքի, հնադարյան – հին դարերի(ց),

• բառակապակցությամբ՝ քարակոփ – քարից կոփված, ծղոտահյուս – ծղոտից հյուսված, ուսումնական – ուսմանը վերաբերող, հայրենի – հորը կամ հայրենիքին վերաբերող։

2. կազմությամբ անխտիր բաղադրյալ են.

• մեծ մասամբ պարունակում են գոյականական արմատ (տեղական, լուսնային, բրդյա, փղոսկրե, լուսեղեն, կաշեկազմ, քարաշեն),

• հաճախ կազմված են –ային, –ական, –յան, –յա, –ե, –եղեն, –ենի ածանցներով։

Սակայն նշված ածանցներով կազմվող որոշ բառեր ժամանակի ընթացքում լիովին կամ իրենց որոշ իմաստներով վերածվել են որակական ածականների՝ մարդկային, օդային, հանելուկային, ջղային, մակերեսային, ճգնաժամային, հրեշային, եզրային, չորային, պետքական, ձևական, տևական, շահեկան, վերացական, իրական, տարրական, սովորական, ընկերական, եղերական, դրական, կուսական, պատվական, վճռական, հակասական, տեսական, կենսական, հերոսական, հիմնական, օրինական, գործնական, երկրորդական, դյութական, արդիական, փոփոխական, գործածական, հալածական, երգիծական, սիզիֆյան, հնադարյան, հնօրյա, գործունյա, առօրյա, հնամյա և այլն։

Նման ածականների որակական կամ հարաբերական լինելը հնարավոր է որոշել միայն տվյալ կիրառության մեջ։ Օրինակ՝ նյարդային համակարգ (հարաբերական), նյարդային մարդ (որակական), տարրական դպրոց (հարաբերական), տարրական գիտելիքներ (որակական), երկրորդական հումք (հարաբերական), երկրորդական հոգսեր (որակական), եզրային մրցավար (հարաբերական), եզրային շերտեր (որակական), բացասական թիվ (հարաբերական), բացասական մարդ (որակական), երգիծական ժանր (հարաբերական), երգիծական իրավիճակ (որակական), հրեղեն պատկեր (հարաբերական), հրեղեն ձի (որակական)։

(Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձևաբանություն, Ե., 2015, էջ 57-58)

 

Անձնական դերանվան սեռական հոլովի և կիրառությունների մասին

 

Անձնական դերանվան սեռական հոլովաձևերը՝ իմ, քո, նրա, իր, մատնացույց են անում այն անձը, որին պատկանում կամ վերաբերում է մի բան, և նախադասության մեջ ունենում են հիմնականում հատկացուցիչի պաշտոն։ Դրանք փոխանվանաբար կարող են հոլովվել՝ իմը, իմի(ն), իմից, իմով, իմում (հզվ.), ձերը, ձերի(ն), ձերից, ձերով, ձերում (հզվ.) և այլն։

Իր դերանունը հոլովվում է իրեն- հիմքով՝ իրենը, իրենի(ն), իրենինից, իրենինով, իրենինում (հզվ.):

Ծանոթություն 1։ Իր դերանունը որպես հատկացուցիչ (իր խոսքը, իր դեմքով) կամ կապի խնդիր (իր համար, իր մասին, իր մոտ, իր վրա, իր կողմից) օգտագործելիս չպետք է շփոթել իրեն ձևի հետ, որ գործածվում է որպես ուղիղ խնդիր (իրեն չի սիրում, խնամում է իրեն) կամ հանգման խնդիր (իրեն կտամ, մոտեցա իրեն)։

Ծանոթություն 2։ 1–ին և 2–րդ դեմքի ես, դու դերանունների հոգնակիի ձևերը՝ մենք, դուք, մատնանշում են ոչ միայն բազմակի խոսող կամ խոսակից (Մենք՝ ներքոստորագրյալներս, վրդովված ենք։ Դուք կկորչեք հողմերի նման), այլև խո­սո­ղի կամ խոսակցի անունից հանդես եկող անձանց խումբ՝ ներառյալ խոսողը կամ խոսակիցը (Նավապե՛տ, դուք խորտակվում եք։ Հարազատնե՛րս, մենք պիտի հաղթենք)։

Ծանոթություն 3։ 1–ին և 2–րդ դեմքերին են հարաբերակցվում 3–րդ դեմքի մերոնք, ձերոնք բառերը, որոնք մատնանշում են խոսողի կամ խոսակցի անունից հանդես եկող խումբ՝ բացառյալ խոսողը կամ խոսակիցը (Սիրելի՛ս, ձերոնք արդեն գնացել են։ Մերոնք իմ մասին մոռացել են)։ Խոսակցական լեզվում կան նաև իմոնք, քոնոնք բառերը, որոնք նշանակում են «իմերը, քոները»։ Անեզական այս բառերը ենթարկվում են ց հոլովման։ Դրանք սովորաբար համարվում են գոյականներ, երբեմն՝ դերանուններ։

Տարահիմք զուգաձևեր են առկա 1–ին և 2–րդ դեմքերի բացառական, գործիական, ներգոյական հոլովներում՝ ինձնից – ինձանից, քեզնով – քեզանով, մեզնում – մեզանում և այլն։

Անձնական դերանունների ներգոյական հոլովաձևերը սակավ գործածական են: Առավել հաճախ հանդիպում է մեզանում ձևը՝ «մեր միջավայրում» իմաստով:

Անձնական դերանվան 2–րդ դեմքի հոգնակիի ձևերը կարելի է կիրառել նաև եզակիի նշանակությամբ։ Այդպիսի կիրառությունը կոչվում է քաղաքավարական հոգնակի։ Քաղաքավարական հոգնակիի ձևերը գրվում են մեծատառով՝ Դուք, Ձեր, Ձեզ, Ձեզնից, Ձեզնով, Ձեզանում, Ինքներդ, Ձերը, Ձերի, Ձերից, Ձերով, Ձերինից, Ձերինով և այլն։

1-ին դեմքի մենք-ը և դրա թեք ձևերը գիտական խոսքում հաճախ գործածվում են եզակիի նշանակությամբ՝ գրվելով փոքրատառով:

Անձնական դերանունները նախադասության մեջ ունենում են գոյական անվանը բնորոշ պաշտոններ՝ որոշ սահմանափակումներով։

Ծանոթություն։ Գոյություն ունի ես դերանվանը համանուն ես գոյականը՝ «անձ, էություն, անհատականություն» իմաստով, որը ենթարկվում է ի հոլովման (Դու միշտ քո եսն ես առաջ տանում։ Ես իմ եսից չեմ հրաժարվի։ Նա իր եսով է իրեն լավ զգում և ուրիշ ոչ մեկի ես չի ճանաչում. եսասերի մեկն է)։

 

(Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձևաբանություն, Ե., 2015, էջ 135-136)

 

 

 

Ցուցական դերանունների կիրառությունների մասին

 

Գոյականական սա, դա, նա ցուցական դերանուններին նույնպես բնո­րոշ է տարարմատությունը (դերանվանական հոլովումը)՝ սա – սրա, դա – դրա, նա – նրա։ Դրանք հոգնակի թվում ենթարկվում են ց հոլովման:

Այս, այդ, այն ածականական դերանունները կարող են գործածվել գոյականաբար՝ առանց թեք հոլովներ և հոգնակի թիվ ստանալու (Այն ի՞նչն է, ի՞նչը… Ես այն չեմ, ինչ դու կարծում ես)։

Տեղի մակբային հարաբերակից այստեղ, այդտեղ, այնտեղ ցուցական դերանունները միայն եզակի թվով (առանց ներգոյականի) հոլովվում են գոյականի պես՝ ենթարկվելով ի հոլովման՝ այստեղի, այստեղից, այստեղով։

Մյուս բոլոր ցուցական դերանունները (բացի ձևի մակբային հարաբերակից այսպես, այդպես, այնպես, նույնպես դերանուններից) կարող են գործածվել փոխանվանաբար և հոլովվել (-քան և -չափ բաղադրիչով կազմվածները՝ սովորաբար միայն եզակի թվով)։

Ածականական այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս դերանունների հետ իբրև լրացյալ (որոշյալ) գործածվող գոյականը լինում է միայն որոշյալ առումով (որոշյալ հոդով)՝ այս գիրքը, այդ լուրը, սույն գրությունը, մյուս մասնակիցը։

Ծանոթություն 1։ Սխալ է միևնույն դերանվան փոխանվանական գործածու­թյունը առանց որոշիչ հոդի։ Ճիշտ կիրառության օրինակներ են. «Ինձ համար մի­և­նույնն է (միևնույնը չէ), թե դու ուր կգնաս»։ «Ես, միևնույնն է, քեզ չեմ հավատում»։

Ծանոթություն 2։ Նա ցուցական դերանունը համանուն է նա անձնական դերանվանը և, ի տարբերություն նրա, կարող է մատնացույց անել ոչ միայն անձ (Սա ավագ եղբայրն է, դա՝ միջնեկը, իսկ նա՝ կրտսերը), այլև ոչ անձ (Սրանք գեղարվեստական գրքերն են, դրանք՝ գիտականները, իսկ նրանք՝ գիտահանրա­մատչելիները։ Սա վարդ է, դա՝ վարդակակաչ, իսկ նա՝ ոսկեծաղիկ), և բնավ կարիք չկա նա ցուցական դերանունը անտեղի փոխարինելու այն դերանվամբ։

Ծանոթություն 3։ Հանձնարարելի չէ դա դերանվան փոխարեն նա–ի գործածությունը, եթե խոսքը ոչ անձի մասին է, ինչպես՝ խաղողենին և նրա խնամքը։ Ճիշտ ձևեր են՝ հոմանիշները և դրանց ոճական կիրառությունը, բայց՝ երիտասարդ թուրքերը և նրանց ոճրագործությունները։

Ծանոթություն 4։ Հայերենում բացակայում են ժամանակի մակբայներին հարաբերակից ցուցական դերանունները: Այսժամ, այդժամ, այնժամ գրքային բառերը համարվում են ոչ թե դերանուններ, այլ մակբայներ:

(Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձևաբանություն, Ե., 2015, էջ 138-139)

 

 

Հարցական դերանունների հնչերանգի և կիրառությունների մասին

 

Հարցական դերանուններն արտասանվում են հարցական առոգանու­թյամբ (հնչերանգով), որը գրավոր խոսքում արտահայտվում է հարցա­կան նշանով։

Հարցական հնչերանգը կարող է երբեմն փոխարինվել բացականչական հնչերանգով կամ շեշտով՝ արտահայտելով՝

• ճարտասանական բացականչություն. Ո՛վ չի ճանաչում մեր նշանավոր զորավարին։ Ո՜ւր է քո հոր Թուր–Կեծակին։

• «շատ» իմաստը. Որքա՜ն եմ տառապել ես նրա համար։ Ինչպե՜ս է փոխվել աշխարհը։

Երկրորդական նախադասություններում և դրանցից առաջացած վեր­նա­գրա­յին կառույցներում հարցական դերանունները սովորաբար լինում են առանց հարցական հնչերանգի և առոգանական նշանի. Չգիտեմ, թե ուր պիտի գնամ։ Նա չասաց, թե ինչու է եկել։ [Այն մասին, թե] Ինչ է ձևաբանությունը։

Առոգանական նշանը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա, եթե դա ը չէ (ե՞րբ, որքա՞ն, ո՞րը, ի՞նչը)։ Ո՞րերորդ, քանի՞երորդ դերանունների դեպքում նշանը դրվում է ոչ թե վերջածանցի, այլ արմատի վրա։ Ո՞րերորդ դերանվան թեք ձևերում հարցական նշանը կարող է լինել թե՛ արմատի վրա (ո՞րերորդը, ո՞րերորդի, ո՞րերորդից, ո՞րերորդում, ո՞րերորդներին և այլն), թե՛ բառավերջում (որերո՞րդը, որերորդի՞, որերորդի՞ց, որերորդո՞ւմ, որերորդների՞ն և այլն)։

Գոյականական ո՞վ դերանունը անձնանիշ է, հոլովվում է տարարմա­տությամբ (դերանվանական հոլովում) և միայն եզակի թվով (սեռական և տրական՝ ո՞ւմ, բացառական՝ ումի՞ց, գործիական՝ ումո՞վ)։ Միայն ուղղա­կա­նը ունի հոգնակի թիվ՝ ովքե՞ր։

Ի՞նչ դերանունը իրանիշ է և ենթարկվում է ի հոլովման՝ ի՞նչ(ը), ինչի՞(ն), ինչի՞ց, ինչո՞վ, ինչո՞ւմ, ինչե՞ր(ը), ինչերի՞(ն), ինչերի՞ց, ինչերո՞վ, ինչերո՞ւմ։ Հաճախ գործածվում է նաև որպես ածականական դերանուն՝ «ինչպիսի՞», «ո՞ր» իմաստով (Ի՞նչ խոսքերով երգեմ ես։ Սա ի՞նչ պտուղ է։ Ի՞նչ ծաղիկներ բերեմ քեզ)։ Այս դեպքում նրա լրացյալը սովորաբար լինում է անորոշ առումով (Ի՞նչ մարդ ես դու), երբեմն՝ որոշյալ (Իմ ի՞նչ գործն է դա)։

Ածականական ո՞ր դերանունը գործածվում է մեծ մասամբ որոշյալ առումով լրաց­յա­լի հետ, իսկ ինչպիսի՞-ն՝ անորոշ առումով լրացյալի հետ (Ո՞ր գիրքն է քոնը: Ո՞ր դասարան փոխադրվեցիր։ Սա ինչպիսի՞ գիրք է):

Ո՞ր դերանվան հոգնակին ենթարկվում է ց հոլովման՝ որո՞նք, որո՞նց, որոնցի՞ց, որոնցո՞վ, որոնցո՞ւմ։

Ածականական ո՞ր, ինչպիսի՞, որպիսի՞, թվականական որքա՞ն, ինչքա՞ն, քանի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ դերանունները կարող են գործած­վել գոյականաբար և ենթարկվել ի հոլովման։

Ծանոթություն։ Որպիսի՞, որչա՞փ, ինչչա՞փ դերանունները հնացած են։

Ինչպիսի՞, որպիսի՞ դերանունների հոգնակի ուղղականում առկա է զուգաձևություն՝ ինչպիսինե՞րը / ինչպիսի՞ք, որպիսինե՞րը / որպիսի՞ք, որոնցից առաջինները սակավ գործածական են:

Թվականական որքա՞ն, ինչքա՞ն դերանունների հոգնակին գործածա­կան չէ։ Դրանք գործածվում են նաև մակբայական որչա՞փ, ինչչա՞փ հնացած դերանունների փոխարեն (Ինչքա՞ն ես հոգնել)։

Քանի՞ դերանվան հոլովաձևերի հիմքը լինում է քանիս- ձևով՝ քանի՞ս(ը), քանիսի՞(ն), քանիսի՞ց, քանիսո՞վ, քանիսո՞ւմ։ Հոգնակիի ձևերը հնացած են։

Որքա՞ն, ինչքա՞ն, քանի՞ դերանունները լրացյալի հետ համաձայնում են քանակական թվականների նման։

Մակբայական ե՞րբ դերանունը արտահայտում է հարցում գործողու­թյան կամ եղելության ժամանակի մասին և ենթարկվում է վա հոլովման միայն եզակի թվով (երբվա՞, երբվանի՞ց)։ Գործիական և ներգոյական հոլովներ չունի։

Որտե՞ղ դերանունը արտահայտում է հարցում գործողության կատար­ման կամ եղելության տեղի մասին և ենթարկվում է ի հոլովման միայն եզակի թվով՝ որտե՞ղ(ը), որտեղի՞(ն), որտեղի՞ց, որտեղո՞վ։ Ներգոյական հոլովաձևը գրեթե չի գործածվում։

Ո՞ւր դերանունն առավելապես արտահայտում է հարցում գործողության ուղղության մասին և չի հոլովվում։

Ինչպե՞ս դերանունը արտահայտում է հարցում գործողության ձևի մա­սին և չի հոլովվում։ Դրա ո՞նց համարժե­քը գրական չէ։

Ինչո՞ւ դերանունը արտահայտում է հարցում գործողության պատճա­ռի կամ նպատակի մասին և չի հոլովվում։ Սրան հարաբերակից մակբայ չկա, բայց համարվում է մակբայական դերանուն, քանի որ մակբայների պես գործածվում է որպես բայական անդամի լրացում։

Ծանոթություն։ Ինչո՞ւ դերանվանը հաճախ համարժեք է ինչի՞ համար կապակցությունը. Ինչո՞ւ (= ինչի՞ համար) ես բերել այդ գործիքը։ Ուստի սխալ է ինչո՞ւ դերանվան գործածությունը համար կապի հետ։

Հանձնարարելի չէ նաև ռուսաբան ինչո՞ւմն է բանը (բանն ինչո՞ւմն է) կապակցությունը (որ նշանակում է «ի՞նչ է պատահել, ի՞նչ խնդիր կա, խնդիրը ո՞րն է») և դրա բանը նրանում(ն) է պատասխանը։

(Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձևաբանություն, Ե., 2015, էջ 140-143)

 

 

 

Որոշյալ դերանունների կիրառությունների մասին

 

Գոյականական որոշյալ դերանունները ենթարկվում են ի հոլովման միայն եզակի թվով՝ ամենի, ամենքի, ամեն մեկի, ամեն ինչի։

Ամեն ոք և յուրաքանչյուր ոք դերանունները թեք հոլովաձևեր և հոգնակի թիվ չունեն, հոդ չեն ստանում։

Բոլոր, յուրաքանչյուր, ողջ, ամբողջ, ամեն ածականական դերանուն­նե­րը կարող են գոյականաբար գործածվել և միայն եզակի թվով ենթարկ­վում են ի հոլովման՝ բոլորը, բոլորի(ն), բոլորից, բոլորով, բոլորում, ամբողջը, ամբողջի(ն), ամբողջից, ամբողջով, ամբողջում և այլն։

Ամեն, ամեն մի, յուրաքանչյուր, ամենայն ածականական դերանուննե­րը գործածվում են անորոշ առումով լրացյալի հետ (ամեն մարդ, ամեն մի ուսանող, յուրաքանչյուր քաղաքացի, ամենայն ցանկություն)։ Դրանց հետ միայն փոխանուն թվականները երբեմն կարող են գործածվել որոշյալ հոդով. ամեն մեկը, ամեն մի հինգերորդը, յուրաքանչյուր երկուսը (երկրորդը)։

Բոլոր ածականական դերանունը գործածվում է որոշյալ առումով լրացյալի հետ (բոլոր գրքերը)։

Ողջ, ամբողջ, համայն դերանունները սովորաբար պահանջում են որոշյալ առումով լրացյալ (ողջ աշխարհը, ամբողջ օրը, համայն մարդկու­թյունը), սակայն մի անորոշ դերանվան հետ զուգակցվելով՝ պահանջում են անորոշ առումով լրացյալ (մի ամբողջ տիեզերք, մի ողջ ժողովուրդ)։

Ամենքը դերանունը պահանջում է հոգնակի թվով ստորոգյալ (Ամենքը եկան)։

Բոլոր դերանունը պահանջում է հոգնակի թվով որոշյալ (Բոլոր հյու­րերը եկել են։ Բոլոր գրքերը կարդացել եմ), իսկ գոյականաբար գործածվելիս՝ հոգնակի թվով ստորոգյալ (Բոլորը լռեցին)։

Մյուս որոշյալ դերանունները պահանջում են եզակի թվով՝

• ստորոգյալ (Ամենը կորավ։ Ամեն ինչ վերջացավ։ Յուրաքանչյուրը գիտի իր անելիքը: Ամբողջը ջուրն ընկավ),

• որոշյալ (Ամեն արարած իր բախտն ունի։ Յուրաքանչյուր աշակերտ մի ծաղկեփունջ էր բերել։ Ամբողջ օրը քեզ էի սպասում։ Ողջ ճանապարհն անցա մի շնչով: Համայն աշխարհը նրան ճանաչում է։ Ամենայն տեղ մահը մի է)։

Ծանոթություն։ Հաճախ հոգնակի լրացյալի հետ գործածվելիս շփոթվում են բոլոր և (ամբ)ողջ դերանունները։ Ըստ վերոհիշյալ կանոնների՝ պետք է ասել (ամբ)ողջ օրը (գիրքը, սենյակը, փողոցը, երկիրը, տարածքը, աշխարհը և այլն), բայց՝ բոլոր օրերը (գրքերը, սենյակները, փողոցները, երկրները, տարածքները, աշխարհները, գույները և այլն)։ Միայն առանձին դեպքերում ամբողջ-ը կարող է գործածվել հոգնակի լրացյալի հետ, օրինակ. Նա ամբողջ օրերով փակված է լինում տանը։ Ամբողջ տարիներ կորցրել եմ զուտ գոյատևելու համար:

Յուրաքանչյուրը, ամեն մեկը դերանուններով արտահայտված ենթա­կա­յի հետ ստորոգյալը լինում է եզակի երրորդ դեմքով. Յուրաքանչյուրն իր գործն է անում։ Ամեն մեկը մի բան է ասում։

Եթե այդ նույն դերանուններով արտահայտված ենթական ունենում է դիմորոշ հոդ (յուրաքանչյուրս, ամեն մեկս, յուրաքանչյուրդ, ամեն մեկդ), ապա ստորոգյալը կարող է առաջին կամ երկրորդ դեմքով լինել, եթե հոգնակի թվով է (Յուրաքանչյուրս մի առանձին գործ ենք անում։ Ամեն մեկդ ձեր անելի՛քն իմացեք), կամ էլ երրորդ դեմքով լինել, եթե եզակի թվով է (Յուրաքանչյուրս մի առանձին գործ է անում։ Ամեն մեկդ պիտի իմանա իր անելիքը)։

 

Անորոշ դերանունների կիրառությունների մասին

 

Գոյականական անորոշ ովևէ, ովևիցե դերանունները չեն հոլովվում։

Մեկը, մեկնումեկը դերանունները ենթարկվում են ի հոլովման միայն եզակի թվով՝ մեկը, մեկի(ն), մեկից, մեկով, մեկում, մեկնումեկի(ն), մեկնու­մեկից և այլն։

Ածականական և թվականական դերանուններից գոյականաբար գործած­վում են ոչ բոլորը։

Ոմն դերանունը եզակի թվով գոյականաբար չի գործածվում և չի հոլովվում։ Նրա հոգնակին՝ ոմանք, գործածվում է միայն գոյականաբար, ենթարկվում է ց հոլովման և հոդ չի ստանում՝ ոմանք, ոմանց, ոմանցից, ոմանցով։ Ներգոյականը գործածական չէ։

Մի քանի դերանունը հոլովվում է քանի՞ հարցական դերանվան նման՝ միայն եզակի թվով (մի քանիսը, մի քանիսի(ն), մի քանիսից, մի քանիսով, մի քանիսում), սակայն ենթակայի պաշտոնում գործածվում է հոգնակի ստորոգյալի հետ՝ մի քանիսը եկան, մի քանիսով ճանապարհ ընկան։

Ուրիշ, այսինչ, այնինչ դերանունները ենթարկվում են ի հոլովման՝ ուրիշի(ն), ուրիշներում, այսինչի(ն), այնինչից և այլն։

Այլ դերանունը գոյականաբար երբեմն, իբրև հնաբանություն, գործած­վում է միայն հոգնակի ուղղականում՝ այլք (այլոք ձևը սխալ կազմություն է), և սեռականում ու տրականում՝ այլոց։

Ծանոթություն։ Որոշ դերանվան գոյականաբար գործածությունը և հոգնակի թվով հոլովումը (որոշները, որոշներից և այլն) խոսակցական բնույթ ունեն և բնորոշ չեն գրական լեզվին։

Ածականական անորոշ դերանունները գործածվում են անորոշ առումով լրացյալի հետ (բացի այսինչ, այնինչ դերանուններից)՝ ինչ–որ բան, ինչ–ինչ խնդիրներ, ոմն Սարգսյան, մի քառյակ, ուրիշ հարցեր, այլ դեպքեր, որոշ պայմաններ, որևէ խոչընդոտ, որևիցե պատճառ, բայց՝ այսինչ մարդը, այսինչ–այնինչ նկատառումները։ Դրանց հետ միայն փոխանուն թվականները երբեմն կարող են գործածվել որոշյալ հոդով. ինչ–որ մեկը, ոմն մեկը, ուրիշ երկուսը, այլ մեկը, որևէ մեկը, որևիցե մեկը։

Եթե մի–ի լրացյալը որոշիչ հոդով է (Մի տողը մոռացել եմ), ուրեմն մի–ն տվյալ դեպքում ոչ թե դերանուն է, այլ թվական անուն։ Հակառակ դեպքում կարող է ընկալվել և՛ որպես թվական, և՛ որպես դերանուն (Մի տող մոռացել եմ)։

Ածականական ոմն, մի, որևէ, որևիցե դերանունները գործածվում են միայն եզակի թվով լրացյալի հետ (ոմն Պողոս, մի մարդ, որևէ խնդիր, որևիցե խոչընդոտ), իսկ ինչ–ինչ, որոշ դերանունները՝ միայն հոգնակի թվով լրացյալի հետ (ինչ–ինչ հանգամանքներ, որոշ դեպքեր)։

Թվականական մի քանի դերանունը գործածվում է թե՛ եզակի, թե՛ հոգնակի թվով լրացյալի հետ՝ մի քանի զինվոր(ներ)։

Հաճախ անորոշ դերանվան նշանակությամբ են գործածվում մի երկու, մի քիչ, մի շարք, մի խումբ (=որոշ), մի տեսակ (=ինչ–որ) կապակցու­թյունները։

 

Ժխտական դերանունների կիրառությունների մասին

 

Գոյականական ժխտական դերանունները հոլովվում են միայն եզակի թվով և ենթարկվում են ի հոլովման՝ ոչ ոքի, ոչ մեկի(ն), ոչնչից և այլն։

Ոչ ոք և ոչինչ դերանունները որոշիչ հոդ չեն ստանում՝ ոչ ոքի, ոչնչի։

Ոչ մեկը դերանունը ստորոգյալի հետ համաձայնում է ամեն մեկը, յուրաքանչյուրը դերանունների նման (տե՛ս վերևում)։ Օրինակ. Զարդաքանդակներից ոչ մեկը մյուսին չի կրկնում։ Ոչ մեկդ մի՛ խոսեք։

Ոչ մի դերանունը եզակի թվով որոշյալ և ստորոգյալ է պահանջում նույնիսկ որոշյալի բազմակի լինելու դեպքում. Ոչ մի տերև ու ծաղիկ չէր շարժվում քամուց։

Եթե նախադասության մեջ կա ժխտական դերանուն, ապա ստորո­գյալն ունենում է ժխտական խոնարհման ձև (Ոչ ոք ինձ չսպասեց)։ Ժխտական դերանվան առկայությամբ դրական խոնարհման ժամանա­կա­ձևով ստորոգյալը բնորոշ է արևմտահայ գրական լեզվին (Ոչ ոք ըսավ՝ սա տղին Պատռենք սիրտը տրտմագին)։

Ծանոթություն։ Սխալ (խոսակցական–բարբառային) է ոչ մեկը դերանվան ուղղականի փոխանվանական գործածու­թյունը առանց որոշիչ հոդի։ Ճիշտ կիրառության օրինակներ են. «Արդեն հինգ օր է՝ ոչ մեկը դասերից չի բացակայում»։ «Աշխատանքային մթնոլորտն այնքան լավ է, որ ոչ մեկը որևէ մեկի երբևէ չի նեղացնում»։

(Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձևաբանություն, Ե., 2015, էջ 144-148)

 

 

 

Ածանցավոր բայերի կազմությունը (հավելյալ տեղեկություններ)

Սոսկածանցներ

-Չ- սոսկածանցով բայերը, որոնք բոլորը չեզոք սեռի են և ե խոնարհման, թվով քիչ են և անկայուն, թեև շատ գործածական են։ Դրանցից հանգչել, սառչել, ուռչել, կորչել–ը խոսակցական լեզվում հաճախ գործածվում են առանց սոսկածանցի (հանգել, սառել, ուռել, կորել), փախչել, կպչել, թռչել–ը՝ նաև -ն- ածանցով (փախնել, կպնել, թռնել)։ Սրանք խոսակցական երանգ ունեն։ Հնացած հալչել, փլչել բայերը ունեն նաև -վ- ածանցով կրկնասեռ տարբերակներ (հալվել, փլվել), որոնք կանոնական են և ավելի տարածված։ Դիպչել-ը հնացած է և քիչ գործածական։ Փոխարենը գործածվում է կպչել (կպնել) բայը։ Լիովին հնացած է թաքչել բայը, որ փոխարինվել է թաքնվել տարբերակով։ Հանգչել «մարել, մեռնել, հանգստանալ» բայի խոսակցական հանգել տարբերակը հաճախ շփոթվում է համանուն հանգել (<յանգել) «ավարտին հասնել, վերջանալ» պարզ բայի հետ։

-Ն- սոսկածանցով բայերը (բոլորը՝ ե խոնարհման՝ բացի դառնալ անկանոն բայից) թվով քիչ են և անկայուն, թեև շատ գործա­ծա­կան են։ Դրանցից հեծնել, բուսնել բայերում ն-ն գրեթե քարա­ցել է և կատարյալի հիմքում սկսել է չընկնել (հեծնեց, բուսնեց, փոխանակ հեծավ, բուսավ ձևերի, որոնք հնացել են): Կալնել բայն ընդհան­րա­պես հնաբանություն է: Թողնել-ը խոսակցա­կան լեզվում հաճախ գործածվում է առանց սոսկածանցի (թողել, թողում եմ, կթողեմ): Դեռևս կայուն սոսկածանցով են գտնել, ընկնել, հագնել, իջնել, հասնել, մեռնել, մտնել, պրծնել կանոնավոր և առնել, ելնել, տեսնել, անել, դնել, տանել, դառնալ անկանոն բայերը: Սոսկածանցավոր են նաև սրանցից կազմված վերագտնել, համընկնել, ներդնել, վերադառնալ, անդրադառնալ բայերը: Հատել (հատնել) «սպառվել» բարբառային-խոսակցական բայը հաճախ շփոթվում է համանուն հատել «կտրել» պարզ բայի հետ։ Տեսնել և ելնել բայերի տենալ, հելնել տարբերակները խիստ խոսակցական են ու մերժելի։ Հեծնել «վրան նստել» բայը չպետք է շփոթել հեծել «լալ, տառապել» պարզ բայի հետ։

Ծանոթություն։ Սոսկածանցավոր բայերի հետ չպետք է շփոթել արտաքուստ նման մի շարք պարզ բայեր (բեռնել, բռնել, բորբոսնել, երկնել, զարթնել, զարնել, զբոսնել, ըմբռնել, թոշնել, խառնել, խրտնել, կանգնել, կռթնել, հառնել, հիմնել, հոգ­նել, մատնել, մթնել, նախաձեռնել, ոստնել, վատնել, կառչել, երկնչել, մարտն­չել, մեղանչել և այլն), որոնց վերջավորությանը նախորդող ն–ն կամ չ–ն եթե նույ­նիսկ արմատի մաս չէ, բայց ներկայումս սոսկածանց էլ չէ, քանի որ կատար­յալի հիմքում պահ­պանվում է (բռնեցի, զարթնեցիր, զբոսնեց, խրտնեցին, կռթնեցիք, հայտ­նեցինք, հառնեց, հոգնեցիր, մատնեցի, ոստնեցինք, կառչեցիք, երկնչեց, մարտնչած, մեղանչել ենք և այլն):

-Ան- սոսկածանցը սովորաբար չեզոք սեռի բայեր է կազմում (բոլորն էլ ա խոնարհման) ինչ–որ մի վիճակի վերածվելու իմաստով, մինչդեռ նույն հիմքով պարզ բայերը կարող են և ներգործական լինել՝ ողորկել – ողոր­կա­նալ, կարճել – կարճանալ, մեղմել – մեղմանալ, սերտել – սերտանալ, մանրել – մանրանալ, սրել – սրանալ, սեղմել – սեղմանալ, պարզել – պարզանալ և այլն։

-Են- սոսկածանցով բայերը թվով սահմանափակ են: Մի մասը չեզոք սեռի է (արբենալ, հագենալ, արժենալ, վախենալ, պարծենալ, մերձենալ, մոտենալ), մյուսները՝ ներգործական (ուզենալ, կամենալ, ունենալ, գիտենալ, կարենալ): Բոլորն էլ ա խոնարհման են։

Բազմապատկական ածանցներ

Բազմապատկական ածանցով բայերի մեծ մասը ե խոնարհման է, մի քանիսը՝ ա խոնարհման։ Դրանք խոնարհվում են համապատասխան խոնարհման պարզ բայերի նման: Կազմվում են հիմնականում ե խոնարհման բայերից:

Ծանոթություն 1։ Բայական -ոտ- և -ատ- ածանցները չպետք է շփոթել ածականակերտ -ոտ և -ատ- ածանցների հետ, որոնք կարող են հայտնվել բայի հիմքում՝ քաղցրոտ-ել, փոշոտ-ել, կնճռոտ-ել, ժանգոտ-ել, որդ(ն)ոտ-ել, ցեխոտ-ել, յուղոտ-ել, կիսատ-ել, գլխատ-ել, կրճատ-ել, հորատ-ել, գունատ-ել և այլն։

Ծանոթություն 2։ Կան արմատի կրկնությամբ բայեր, որոնք բազմապատ­կա­կան չեն՝ արարել, կարկառել, բարբառել, այլայլել, դայլայլել, կմկմալ և այլն:

Պատճառական ածանցներ

Պատճառական ածանցները կիրառվում են հետևյալ կերպ.

• -եցն- ածանցը գործածվում է ե խոնարհման պարզ, ինչպես նաև -են- սոսկածանցով բայերի դեպքում՝ խմել – խմեցնել, հագենալ – հագեցնել։

 

Ծանոթություն։ Խոսակցական լեզվում ե խոնարհման պարզ բայերից հաճախ պատճառական է կազմվում ոչ թե -եցն- ածանցով (խոսեցնել, քնեցնել, հարմա­րեցնել, հաջողեցնել, ծաղկեցնել, բռնեցնել, գժվեցնել, փխրեցնել, սառեցնել և այլն), այլ -ացն- ածանցով (խոսացնել, քնացնել, հարմա­րացնել, հաջողացնել, ծաղկացնել, բռնացնել, գժվացնել, փխրացնել, սառացնել և այլն), որոնք սխալ, մերժելի ձևեր են։

• -ացն- ածանցը գործածվում է ա խոնարհման պարզ և -ան- սոսկա­ծանցով բայերի դեպքում՝ խաղալ – խաղացնել, հեռանալ – հեռացնել։

Ծանոթություն։ Երբեմն -ան- սոսկածանցով բայերից -եցն- ածանցով կազմվում են կեղծ գրական ձևեր՝ մգանալ > մգեցնել (փոխանակ մգացնել), հնանալ > հնեցնել (փոխանակ հնացնել), խոնավանալ > խոնավեցնել (փոխանակ խոնավացնել), ամայանալ > ամայեցնել (փոխանակ ամայացնել), խլանալ > խլեցնել (փոխանակ խլացնել), խստանալ > խստեցնել (փոխանակ խստացնել), լայնանալ > լայնեցնել (փոխանակ լայնացնել) և այլն։

 

• -ցն- ածանցը գործածվում է –ն- և -չ- սոսկածանցով բայերի դեպքում՝ մտնել – մտցնել, հագնել – հագցնել, մեռնել – մեռցնել, հասնել – հասցնել, բուսնել – բուսցնել, տեսնել – տեսցնել, հանգչել – հանգցնել, փլչել – փլցնել, փախչել – փախցնել, դիպչել – դիպցնել, կպչել – կպցնել, թռչել – թռցնել, կորչել – կորցնել՝ բացառությամբ մի քանի դեպքի՝ պրծնել – պրծեցնել, համընկնել – համընկեցնել, իջնել – իջեցնել, հալչել – հալեցնել, սառչել – սառեցնել, ուռչել – ուռեցնել։

Ծանոթություն։ Խոսակցական լեզվում -եցն- և -ացն- ածանցները (իջեցնել, հալեցնել, պրծեցնել, սառեցնել, ուռեցնել, քնեցնել, խաղացնել և այլն) երբեմն փոխարինվում են -ցն- ածանցով (իջցնել, հալցնել, պրծցնել, սառցնել, ուռցնել, քնցնել, խաղցնել, խոսցնել և այլն): Վերջիններս սխալ, մերժելի ձևեր են։

Պատճառական ածանցով բոլոր բայերը ե խոնարհման են։ Դրանց կա­տարյալի հիմքը կազմվում է՝ պատճառական ածանցի ն–ն ր դարձնե­լով՝ վազեցնել – վա­զեցր+ի, թռցնել – թռցր+ո՛ւ, խաղացնել – խաղացր+ած։ Կրա­վորա­կանը կազմ­վում է՝ ն–ի փոխարեն -վ- ածանցը դնելով՝ խաղացնել – խաղացվել։

Պատճառական ածանցը կամ տալ–ը չեզոք բայը, որպես կանոն, դարձ­նում է ներգործական (ծաղկել > ծաղկեցնել, կորչել > կորցնել, հասնել > հասցնել, հագենալ > հագեցնել, մեղմանալ > մեղմացնել, մագլցել > մագլցել տալ), իսկ ներգոր­ծա­կան բայը՝ պատճառական («կրկնակի ներգործական») (հիշել > հիշեցնել, սիրել > սիրել տալ)։

Ծանոթություն 1։ Որոշ բայեր (հատկապես բնաձայնական), ստանալով պատճառական ածանց, հաճախ չեն փոխում իրենց սեռը (շվշվալ – շվշվացնել, փնչալ – փնչացնել, խռմփալ – խռմփացնել և այլն)։

Ծանոթություն 2։ Պատճառական ածանցով կազմված մի քանի ներգործական բայեր (վերցնել, կասեցնել, հատկացնել, յուրացնել և այլն) չունեն համապատասխան անածանց չեզոք ձևերը։

Ծանոթություն 3։ Սովորաբար պատճառական բայերի պես են խոնարհվում հարցնել, լցնել, եզրակացնել բայերը (հարցրի, հարցրիր, հարցրեց, հարցրինք, հարցրիք, հարցրին), որոնք պատճառական ածանց չեն պարունակում և միայն արտաքուստ են նման պատճառական բայերին՝ պատճառակերպ բայեր են։ Այդպիսին է նաև չափազանցնել բայը (չափազանցրիր, չափազանցրեց, մի՛ չափազանցրու), որն ունի իր առավել հանձնարարելի ոչ պատճառակերպ չափազանցել տարբերակը (չափազանցեցիր, չափազանցեց, մի՛ չափազանցիր): Մերժելի է այս բայի չափազանցեցնել տարբերակը:

Ծանոթություն 4։ Սխալ են պատճառական ածանցով բայերի անցյալ կատարյալի ավելորդ -եց–ով կեղծ գրական ձևերը՝ խաղացրեցի, թռցրեցի, մոտեցրեցի և այլն: Ճիշտ ձևերն են՝ խաղացրի, թռցրի, մոտեցրի։

Ծանոթություն 5։ Կան դեպքեր, երբ -եցն- և -ացն- ածանցներով հոմանիշ բայահիմքերից կազմվում են զուգահեռ ճիշտ ձևեր՝ սպիտակեցնել (<սպիտակել) և սպիտակացնել (<սպիտականալ), նիհարեցնել (<նիհարել) և նիհարացնել (<նիհա­րա­նալ), հարթեցնել (<հարթել) և հարթացնել (<հարթանալ), տափակեցնել (<տա­փա­կել) և տափակացնել (<տափականալ), վստահեցնել (<վստահել) և վստահաց­նել (<վստահանալ), փափկեցնել (<փափկել) և փափկացնել (<փափկանալ), խա­ղա­ղեց­նել (<խաղաղել) և խաղաղացնել (<խաղաղանալ), վարարեցնել (<վարարել) և վարարաց­նել (<վարարանալ) և այլն: Այդ­պի­սի զուգա­հեռ­ներից սովո­րա­բար նախընտրելի են -եցն-ով տարբերակները։ Բայց երկարեց­նել (<երկարել) և երկա­րաց­նել (<երկարանալ) տարբերակներից նախընտրելի է համարվում երկրորդը:

Ծանոթություն 6։ Կան դեպքեր, երբ տար­բեր իմաստներ ունեն -եցն- և -ացն- ածանցներով ձևերը՝ բազմեց­նել (<բազմել) և բազմացնել (<բազմանալ), հորդեց­նել «առատորեն հոսեցնել» (<հորդել) և հորդացնել «վարարեցնել» (<հորդանալ), -եցն- (-ացն-) և -ցն- ածանցներով ձևերը՝ հանգեցնել (<հանգել) և հանգցնել (<հանգչել), վերացնել (<վերանալ) և վերցնել և այլն:

Ծանոթություն 7։ Սովորաբար հավելուրդային է լինում պատճառական ածանցի և տալ բայի համատեղումը՝ խոսեցնել տալ, հիշեցնել տալ, զգացնել տալ։ Պատճառական ածանցի և տալ բայի համատեղումը հնարավոր է, եթե չեզոք բայից կազմվում է ոչ միայն պատճառակերպ ներգործական բայ, այլև դրան տրվում է պատճառական բայի նշանակություն։ Օրինակ. Հայերի ապստամբու­թյան առաջնորդ Գրիգոր Մամիկոնյանը կուրացնել տվեց Աշոտ Բագրատունի իշխանին իրենց չմիանալու համար։ Զանգեցի տեսուչին և մեր անջատված հոսանքը միացնել տվի։

Ծանոթություն 8։ Տալ բայը, հարադրվելով մի շարք գոյականների, բայար­մատների, մակբայների և այլն, կազմում է հարադիր բայեր՝ աչքով տալ, բարև տալ, գլուխ տալ, դուրս տալ, խելք խելքի տալ, կուլ տալ, հարայ տալ, հետ տալ, մեջ տալ, շուռ տալ, սիրտ տալ, վերջ տալ, վրա տալ, ցույց տալ: Սրանցից երբեմն հնարավոր է պատճառական բայեր կազմել երկրորդ տալ բաղադրիչով. Փորացավս անցավ, երբ մայրս, մատը կոկորդս մտցնելով, կերածս հետ տալ տվեց:

Ծանոթություն 9։ Տալ բայը անորոշ դերբայի սեռական–տրական հոլովաձևի անորոշ առման հետ նշանակում է «ձևացնել, տպավորություն ստեղծել». Շատ մեծ ամոթ էր, որ գիտեի, սակայն չիմանալու էի տալիս հորս խնդրանքը։ Ուրեմն, ինչպե՞ս, հեղեղներն արյան Թողնել, որ ծածկի՞ մոռացման փոշին, Խլացնե՞լ սիրտը, չզգա՞լ, չընդվզե՞լ, Մոռանալո՞ւ տալ, անգամ մոռանա՞լ։

Կրավորական ածանց

Կրավորական -վ- ավծանցը դրվում է ե խոնարհման բայերի ներկայի հիմքին (բեր–ել > բեր–վ–ել, գտն–ել > գտն–վ–ել), ա խոնարհման բայերի կատարյալի հիմքին (խաղ–ալ > խաղաց–վ–ել, մոռան–ալ > մոռաց–վ–ել), պատճառական և պատճառակերպ բայերի -ցն- ածանցի ն-ի փոխարեն (թռցն–ել > թռց–վ–ել, մոտեցն–ել > մոտեց–վ–ել, լցն–ել > լց–վ–ել)։ Բացառություն են ե խոնարհման անկանոն անել, դնել, տանել բայերը, որոնցում դրվում է կատարյալի հիմքի վրա (ան–ել > ար–վ–ել, դն–ել > դր–վ–ել, տան–ել > տար–վ–ել)։ Բացառություն կարելի է համարել նաև բաց թողնել բայը, որի կատարյալի հիմքից կազմված բաց թողվել ձևը նախընտրելի է ներկայի հիմքից կազմված բաց թողնվել տարբերակից:

Կրավորական ածանցով բոլոր բայերը ե խոնարհման են և խոնարհվում են ե խոնարհման պարզ բայերի նման։

(Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձևաբանություն, Ե., 2015, էջ 76-85)

 

 

Բայասեռի մասին (հավելյալ տեղեկություններ)

 

Չեզոք սեռի են –չ- սոսկածանցով բոլոր բայերը և –ան- սոսկածանց ունեցող բայերի մեծագույն մասը (բացառություններից են գողանալ, իմանալ, լվանալ, խոստանալ, հասկանալ, հղանալ, մոռանալ, (վեր)ստանալ, ցանկանալ, ուրանալ ներգործական բայերը):

Չեզոք սեռի բայերը, ստանալով պատճառական ածանց կամ տալ բայը, դառնում են ներգործական սեռի բայեր՝ սպասել > սպասեցնել, փախչել > փախցնել, զրնգալ > զրնգացնել, սթափվել > սթափեցնել, սողալ > սողալ տալ։

Ծանոթություն 1։ Բնաձայնական որոշ բայերից (խռխռալ, փնչալ, թրմփալ և այլն) պատճառական ածանցով կազմված դրանց հոմանիշները (խռխռացնել, փնչացնել, թրմփացնել) նույնպես չեզոք բայեր են։

Ծանոթություն 2։ Մի քանի բայեր չեզոք են թե՛ -վ- ածանցով, թե՛ առանց դրա՝ արձագանք(վ)ել, բռնկ(վ)ել, զմայլ(վ)ել, ընձյուղ(վ)ել, խռպոտ(վ)ել, հակառակ(վ)ել, համաձայն(վ)ել, նեղսրտ(վ)ել, փար(վ)ել և այլն։

Մի քանի այլ չեզոք բայերի վ–ով (նույնպես չեզոք) տարբերակները խոսակցա­կան են և մերժելի՝ ապստամբ(վ)ել, գործառ(վ)ել, դեղն(վ)ել, զուգադիպ(վ)ել, խաչակնք(վ)ել, ծլկ(վ)ել, հոժար(վ)ել, ճաքճք(վ)ել, մթագն(վ)ել, շրջանառ(վ)ել, պապակ(վ)ել, վիճ(վ)ել, տափակ(վ)ել, տվայտ(վ)ել, տուժ(վ)ել, ցամաք(վ)ել, ցնդ(վ)ել, քծն(վ)ել և այլն։

Ծանոթություն 3։ Վերաբերել–ը և վերաբերվել–ը տարբեր բայեր են։ Վերաբերել նշանակում է «առնչվել, կապ ունենալ» և գործածվում է իրանիշ գոյականով արտահայտված ենթակայի հետ։ Վերաբերվել նշանակում է «վերաբերմունք դրսևորել, վարվել» և գործածվում է միայն անձնանիշ գոյականով արտահայտված ենթակայի հետ։

Ծանոթություն 4։ Անպատվել, արտասվել, գգվել, երդվել, զզվել, թոթվել, թթվել, կռվել «մարտնչել», հաշվել, հովվել, հրճվել և մի շարք այլ բայերի -վ-ն ոչ թե սեռածանց է, այլ բառակազմական ածանց կամ արմատի վերջնահնչյուն։

Չեզոք սեռի են համարվում նաև անդրադարձ (լվացվել, սանրվել, հագնվել, հարդարվել, զուգվել, սափրվել) և փոխադարձ (համբուրվել, ողջագուրվել, գրկախառնվել, գժտվել, հաշտվել, տեսնվել) բայերը։ Սրանց դեպքում տրամաբանական ներգործող խնդիրը համընկնում է ենթակային (Ես սանրվեցի = Ես իմ կողմից սանրվեցի = Ես ինձ սանրեցի։ Մենք համբուրվեցինք = Մենք միմյանց կողմից համբուրվեցինք = Մենք իրար համբուրեցինք)։

Ներգործականներից –վ- ածանցով կազմված մի շարք բայեր խոսքի մեջ կարող են գործածվել մերթ կրավորական (Պատուհանը քամուց բացվեց: Դպրոցականներին նոր դասագրքեր բաժանվեցին), մերթ չեզոք սեռի նշանակությամբ (Ծաղիկը բացվեց: Մենք բաժանվեցինք):

Ստորոգիչի դեր կատարող վերացական բայերը (լինել, դառնալ, համարվել, կոչվել, թվալ, ձևանալ, հռչակել և այլն) չեզոք սեռի են, չնայած որ դրանց՝ գոյականի ուղղական հոլովով արտահայտված ստորոգելիները նման են լինում ուղիղ խնդրի։ Օրինակ՝ Այդ կատուն ինձ վագր էր թվում։ Նրան թագավոր հռչակեցին։

 (Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձևաբանություն, Ե., 2015, էջ 85-86)

 

 

Դերբայների կիրառությունները

Անորոշ դերբայ

Անորոշ դերբայը՝ ուղիղ կամ հոլովված ձևերով, կարող է լինել՝

1. դիմավոր նախադասության՝

• ենթակա. Անտեղի խոսելդ բանի նման չէր,

• ստորոգելի. Գլխավոր խնդիրը արդյունավետ աշխատելն է,

• զանազան լրացումներ. Երեխային արդեն սովորեցրել է հաշվել (ուղիղ խնդիր), Զգո՛ւյշ, սա խմելու ջուր չէ (որոշիչ), Դե՛, հրաժեշտ տալու ժամանակն է (հատկացուցիչ), Գնանք՝ զովացուցիչ խմելու (նպատակի պարագա), Իմ հակառակվելուն նա ուշադրություն չդարձ­րեց (հանգման խնդիր), Խուսափում էի նրան հանդիպելուց (անջատման խնդիր), Խոսում էինք ստեղծագործելու՝ նկարելու, քանդակելու, գրելու մասին (վերաբերության խնդիր և բացահայ­տիչ), Չափից ավելի աշխատելուց հյուծվել է (պատճառի պարագա), Շատ ուտելուց վատ բան չկա (համեմատության խնդիր), Մեր ետևից հևալով վազում էր շունը (ձևի պարագա), Տուն հասնելով՝ պառկեց հանգստանալու (ժամանակի պարագա), Բոլորը լարվեցին՝ զգալով պահի լրջությունը (պատճառի պարագա), Նա սկսեց ավելի արագ գործել՝ հետևելով մարզիչի ցուցումներին (հիմունքի պարագա),

2. բայական անդեմ նախադասության գերադաս անդամ. Սենյակում չծխե՛լ։ Անմիջապես գտնե՛լ մեղավորներին և պատժե՛լ:

Ծանոթություն: Անորոշ դերբայը ժողովրդական խոսքում հազվադեպ կարող է գործածվել հոգնակի թվով (Նրա մի ժամանոց լողանալները մեզ վրա շատ թանկ են նստում: Մեր ուտել-խմելներին վերջ չկա): Ավելի տարածված է հոգնակերտ մասնիկով անորոշ դերբայի գործածությունը հոգնակի ստացականի իմաստով. Գնալներդ (ձեր գնալը) լինի, գալներդ (ձեր գալը) չլինի:

Ինչպես արդեն գիտենք, անորոշ դերբայի հիմքից է կազմվում բայաձևերի մեծ մասը՝ գր–ած, կ–գր–եմ, խաղ–ալիս, խաղ–ա՛, չեմ թռչ–ի, թռչ–ում եմ և այլն։

Բայաձևերի մյուս մասը կազմվում է անցյալ կատարյալի հիմքից։

Անցյալ կատարյալի հիմքը կազմությամբ լինում է երեք տեսակի՝

1. արմատական (առանց բայածանցի և հիմքակազմ մասնիկի), որ հա­տուկ է –ն- կամ -չ- սոսկածանցով բայերին՝ հասնել > հաս-, փախչել > փախ-,

2. ցոյական (եց/աց հիմքակազմ մասնիկով), որ հատուկ է՝

• պարզ բայերին՝ գրել > գրեց-, կարդալ > կարդաց-,

• -են- կամ -ան- սոսկածանցով բայերին՝ մոտենալ > մոտեց-, իմանալ> իմաց-,

• կրավորական և բազմապատկական ածանցով բայերին՝ բնակվել > բնակվեց-, կոտրտել > կոտրտեց-, բոցկլտալ > բոցկլտաց-,

3. րեական (ր մասնիկով), որ հատուկ է պատճառական ածանցով և պատճառակերպ բայերին՝ մոտեցնել > մոտեցր-, հեռացնել > հեռացր-, թռցնել > թռցր-, հարցնել > հարցր-։

Ենթակայական դերբայ

Նախադասության մեջ լինում է՝

• որոշիչ. Երկնքում լողացող ամպը նման էր ուղտի,

• ստորոգելի. Նա գործ անող չէ։

Փոխանվանաբար գործածվելիս գոյականի նման հոլովվում է (ի հոլովմամբ), հոգնակի դառնում, որոշիչ հոդ ստանում և կատարում գոյականին բնորոշ պաշտոններ. Հաղթողը պարգևատրվեց շքանշանով (ենթակա)։ Ես քեզնից ձեռք քաշողը չեմ (ստորոգելի): Սուտ ասողի տունը կրակ ընկավ, չհավատացին (հատկացուցիչ): Կոպիտ խաղացողին դաշտից հեռացրին (ուղիղ խնդիր)։ Հաղթողից հաշիվ չեն պահանջում (անջատման խնդիր)։ Գումարտակը հայտնի էր իր լավ կռվողներով (միջոցի խնդիր)։

Մի շարք բայերի ենթակայականի ձևեր վերածվել են նաև գոյական­նե­րի՝ ասմունքող, գրող, ընտրող, ծնող, հարբեցող, մատուցող, մտածող, հարձակվող, առաջնորդող, ուսանող, ուրացող։

Ծանոթություն։ Մի շարք դեպքերում -ող–ը պարզապես գոյականակերտ ածանց է՝ լրագրող, ռադիոլսող, հեռուստադիտող, կինոսիրող և այլն։

Հարակատար դերբայ

Նախադասության մեջ լինում է՝

• որոշիչ. Պարտված երկիրը մեծ ռազմատուգանք վճարեց,

• ստորոգելի. Երեխան խիստ մրսած է,

• ձևի պարագա. Աղջիկը մոլորված կանգնել էր և չգիտեր ինչ անել,

• ժամանակի պարագա. Դեռ տուն չհասած՝ մեքենաս փչացավ:

Փոխանվանաբար գործածվելիս գոյականի նման հոլովվում է (ի հոլովմամբ), հոգնակի դառնում, որոշիչ հոդ ստանում և կատարում գոյականին բնորոշ պաշտոններ. Վթարից տուժածը դիմեց բուժօգնության (ենթակա)։ Դա իմ գրածը չէ (ստորոգելի)։ Արածդ հավանեցի՞ր (ուղիղ խնդիր): Լավ թխվածների՛ց տվեք (մասնական ուղիղ խնդիր)։ Աշխատածիս կեսը քեզ կտամ (հատկացուցիչ): Մտովի ցավակցում էինք պարտվածին (հանգման խնդիր): Քո պատմածից խիստ անհանգստացա (պատճառի պարագա): Իմ վաստակածով մի կերպ ծայրը ծայրին էինք հասցնում (միջոցի խնդիր): Քո գրածում ոչ մի ինքնուրույն միտք չկա (տեղի պարագա)։

Մի շարք բայերի հարակատարի ձևեր վերածվել են նաև գոյական­ների՝ արարած, խորոված, կոտորած, հավելված, հատված, հարված, նշանած, կամ ածականների՝ սոված, նեխած, ցնդած, խմած, զինված։

Ծանոթություն 1։ Մի շարք դեպքերում -ած–ը վերածվել է գոյականակերտ ածանցի՝ դիպված, առեղծված, վարկած, հոդված, զանգված, սոխառած, արկած, հասարակած։

Ծանոթություն 2։ Վիճակ, հետևանք ցույց տվող որոշ թվով կրավորական բայերի հարակատար դերբայը (մաշված, կառուցված, ավարտված, հնձված և այլն)՝ իբրև հնաբանություն, երբեմն գործածվում է որպես ձևաբայ՝ օժանդակ բայի հատկապես 3–րդ դեմքի հետ կազմելով, այսպես կոչված, հարակատար ժամանակ (բաղադրյալ դիմավոր ձևեր)։ Օրինակ. Այդ մասին ոչինչ չի գրված։ Դրան համարժեք է բաղադրյալ ստորոգյալով կառույցը (Այդ մասին ոչինչ գրված չէ), որտեղ նույն հարակատար դերբայը ստորոգելի է։

Համակատար դերբայ

Նախադասության մեջ լինում է ժամանակի պարագա (Այս գիրքը կարդալիս քեզ եմ հիշում)։

(Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձևաբանություն, Ե., 2015, էջ 89-92)

 

 

 

Որոշ ձևաբայեր իրենց համանուններից տարբերակելու բանալիների մասին

Ապակատար ձևաբայը (գրելու եմ) արտաքուստ նման է անորոշ դերբայի սեռական–տրական հոլովի անորոշ առման ձևին (գրելու), իսկ ե խոնարհման պարզ բայերի վաղակատար ձևաբայը (գրել եմ)՝ անորոշի ուղղականի անորոշ առման ձևին (գրել)։ Տարբերությունը երևում է նախադասության մեջ. ձևաբայերը գործածվում են միայն օժանդակ բայի հետ՝ որպես ստորոգյալ, նույնիսկ եթե օժանդակ բայը զեղչված է (Եղբայրը նվագել է, քույրը՝ երգել։ Երեխան խմելու է ջուրը), իսկ դերբայական ձևերը գործածվում են զանազան այլ պաշտոններով (Սևանի ջուրը խմելու է։ Այս սարքով խմելու ջուր են ստանում։ Ես գնում եմ ջուր բերելու։ Ես երգել չգիտեմ։ Չեմ ուզում պարել) և մի շարք դեպքերում կարող են վերածվել որոշյալ առման ու հոդ ստանալ (Ա՜յ սա իսկական պարել է։ – Սա իմ պարելը չէ։ Հաղորդումն ավարտվելու(ն) մոտ է)։ Ձևաբայով և դերբայով կազմված իրար նման կառույցները (Այս պտուղը ուտելու է։ – [Նա] այս պտուղը ուտելու է։ Ա՛յ սա նվագել է։ – Ա՛յ սա [նա] նվագել է) հեշտ տարբերվում են ժխտական դարձնելիս. դերբայի դեպքում հանգույցը լինում է հետադաս (Այս պտուղը ուտելու չէ։ Չէ՛, սա նվագել չէ), իսկ ձևաբայի դեպքում օժանդակ բայը դառնում է նախադաս և եզակի երրորդ դեմքում ստանում է չի ձևը ([Նա] այս պտուղը չի ուտելու։ Ա՛յ սա [նա] չի նվագել)։

Անկատար ձևաբայը հաճախ համանուն է նույնարմատ բայանվանը (մրցում, ժամանում, դիտում, հատում, ձգում, հսկում) և կամ գոյականի ներգոյական հոլովաձևին (գլանում, խցանում, գործում, երգում, ջրում,  խաղում):

(Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձևաբանություն, Ե., 2015, էջ 95-96)

 

 

Անկանոն և պակասավոր բայերի մասին

Դասագրքերում երբեմն անկանոն բայերի շարքում ներկայացվում են նաև բանալ, բառնալ բայերը։ Սակայն դրանք ներկայումս հնացած են և անգործածական։ Դրանց փոխարեն գործածվում են բացել, բարձել բայերը, որոնցից երկրորդը կանոնավոր է։ Կենալ, գիտենալ, ցանկալ, հուսալ բայերը նույնպես հնացել են և միտում ունեն լիովին փոխարինվելու մնալ, իմանալ, ցանկանալ, հույս ունենալ բայերով։ Խոսակցական-բարբառային երանգ ունի զարկել բայը, որին գրական լեզվում փոխարինում են խփել և հարվածել բայերը: Լալ բայի փոխարեն աստիճանաբար սկզբնաձև է դառնում ե խոնարհման լացել պարզ բայը։

Դասագրքերը անկանոն են համարում նաև լվանալ բայը՝ նրա որոշ ձևերի փոխարեն իբրև անկանոն ձևեր ներկայացնելով լվալ բայի համապատասխան ձևերը։ Իրականում լվանալ բայը պակասավոր է (տե՛ս աղյուսակ 7), քանի որ նրա անցյալ կատարյալի կանոնավոր ձևերը (լվաց-ա, -ար, -ավ, -անք, -աք, -ան) համարվում են խոսակցական և գրական խոսքում սովորաբար փոխարինվում լվալ բայի համարժեք ձևերով։ Վերջինս նույնպես պակասավոր է, քանի որ նրա անկատար ձևաբայի կանոնավոր լվում ձևը համարվում է խոսակցական։ Գրական խոսքում դրա փոխարեն գործածվում է լվանալ բայից կազմված լվանում ձևը։

Անկանոն են նաև վերոհիշյալ բայերից կազմված ներդնել, վերադառնալ, անդրադառնալ բայերը, մինչդեռ նույն բայերից բազմաթիվ այլ կազմություններ (հակասել, բացասել, վերաբացել, մեջբերել, մտաբերել, արտադրել, տեղադրել, նախատեսել, տնտեսել, անտեսել, ներթողել, տառադարձել և այլն) կանոնավոր են:

(Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ձևաբանություն, Ե., 2015, էջ 112-113)

 

 

Հայերենի այբուբենը՝ տառերի թվային արժեքներով

 

Ա – 1               Ժ – 10                    Ճ – 100                  Ռ – 1000

Բ – 2                Ի – 20                    Մ – 200                 Ս – 2000

Գ – 3                Լ – 30                    Յ – 300                  Վ – 3000

Դ – 4                Խ – 40                   Ն – 400                 Տ – 4000

Ե – 5                Ծ – 50                    Շ – 500                  Ր – 5000

Զ – 6                Կ – 60                    Ո – 600                 Ց – 6000

Է – 7                Հ – 70                     Չ – 700                  Ւ – 7000

Ը – 8                Ձ – 80                    Պ – 800                 Փ – 8000

Թ – 9               Ղ – 90                    Ջ – 900                  Ք – 9000

10000-ից սկսած՝ այբուբենի տառերի շարքը կրկնվում է՝ տառերի վրա դրվող հատուկ նշանով՝ հորիզոնական գծիկով՝ նշանակելով 10000 անգամ ավելի մեծ թվեր։