Զամբյուղ

Գրող ծնվո՞ւմ են, թե՞ դառնում

Ջեք Քերուեքը՝ տաղանդի և հանճարի կարևոր տարբերության մասին
Ապրիլի 29, 2024 | Թարգմանեց Մարիա Սադոյանը

«Մենք բոլորս մի շղթայի օղակներ ենք», — նկատել է Փիթ Զիգերը՝ խորհելով ստեղծագործ աշխատանքի բնույթի մասին: Մարկ Տվենը պակաս մեղմ է արտահայտվել Հելեն Քելերին ուղղված իր կտրուկ նամակում. «Հիմնականում բոլոր գաղափարները երկրորդական են, գիտակցաբար և անգիտակցաբար վերցված են միլիոնավոր արտաքին աղբյուրներից և ամեն օր հպարտությամբ ու գոհունակությամբ օգտագործվում են հավաքողի կողմից, որը սնահավատորեն կարծում է, որ ինքն է դրանց հեղինակը»:

Եվ իրոք, համոզիչ ապացույցներ կան, որ մենք, որպես մշակույթ, ինքնատիպության նկատմամբ ալերգիա ունենք:

Բայց, իհարկե, Ջեք Քերուեքը սադրիչ հակահարված է տալիս «Writer's Digest»–ի համար 1962–ին գրված «Գրողներ դառնո՞ւմ են, թե՞ ծնվում» էսսեում, որը հետագայում ներառվել է «The Portable Jack Kerouac» գրքում՝ պատմվածքների, բանաստեղծությունների, նամակների գանձարանում, որը ներառում է նաև բուդդիզմի մասին էսսեներ, որտեղ Քերուեքը գրում է բարության, ինքնախաբեության և «Ոսկե հավերժության» մասին:

Քերուեքը սկսում է վերամբարձ տոնով.

«Գրող դառնում են, քանի որ ցանկացած մարդ, որ անգրագետ չէ, կարող է գրել. բայց հանճարեղ գրող, ինչպիսիք են Մելվիլը, Ուիթմենը կամ Թորոն, ծնվում են»:

Նա անդրադառնում է հենց «հանճար» բառին, որի պատմությունը մեծ դեր է խաղացել ստեղծագործական մշակույթի ձևավորման մեջ, և ուսումնասիրում է դրա իմաստը.

«[Հանճարեղությունը] չի նշանակում խորաթափանցություն, էքսցենտրիկություն կամ չափազանց մեծ «տաղանդ»: «Genius» բառն առաջացել է լատիներեն gignere (ծնել) բառից, և հանճարը պարզապես այն մարդն է, որը ծնում է նախկինում անհայտ մի բան: Մելվիլից բացի ոչ ոք չէր կարող գրել «Մոբի Դիքը», նույնիսկ Ուիթմենը կամ Շեքսպիրը։ Ուիթմենից բացի ոչ ոք չէր կարող գրել «Խոտի տերևները»: Ուիթմենը ծնվել էր «Խոտի տերևները» գրելու, իսկ Մելվիլը՝ «Մոբի Դիք» գրելու համար:

Քերուեքը հատուկ ուշադրություն է դարձնում «տաղանդ» և «հանճար» գաղափարների նույնականացմանը.

«Կատարյալ վիրտուոզին, որը կարողանում է ջութակով նվագել Բրամս, անվանում են «հանճար», բայց հանճարը՝ սկզբնավորող ուժը, իրականում Բրամսն է. ջութակահար վիրտուոզը պարզապես տաղանդավոր վերարտադրող է, այլ կերպ ասած՝ «տաղանդ»: Կամ՝ լսած կլինեք, որ ասում են՝ այսինչը «մեծ գրող» է շնորհիվ իր «տաղանդի»։ Առանց ինքնատիպ հանճարի մեծ գրող չի կարող լինել: Հանճարեղ նկարիչները, օրինակ՝ Ջեքսոն Փոլոքը, նկարել են այնպիսի բաներ, որոնք նախկինում ոչ ոք չի տեսել... Վերցնենք Ջեյմս Ջոյսին. ասում են՝ նա իր «տաղանդը» վատնել է «գիտակցության հոսք» ոճի վրա, մինչդեռ իրականում նա պարզապես ծնվել էր այն ստեղծելու համար:

Նույն զգացողությամբ, որով Ջոնի Միտչելը հետագայում պնդում է, որ «արվեստագետին որոշ թոհուբոհ և խառնաշփոթ է անհրաժեշտ», Քերուեքն ավելացնում է.

«Որոշ հանճարներ գալիս են ծանրաքայլ և հանդիսավոր առաջ են ընթանում... Հանճարները կարող են լինել կայծասփյուռ, հանճարները կարող են լինել մռայլ, բայց նրանց ներսից ճառագում է այդ անխուսափելի, վշտալի խորությունը, որի անունն է ինքնատիպություն»:

Բայց քանի որ ինքնատիպությունը, ըստ սահմանման, պահանջում է չենթարկվել ընդհանուր կանոնին, «հանճարները», ինչպես պերճախոսորեն բողոքում է Կիերկեգորը, մեծարանքից առաջ հաճախ տառապում են ծաղրից և մերժումից: Քերուեքը կրկին անդրադառնում է Ջոյսին, որը նվաստացուցիչ պախարակման իր բաժինն է ունեցել.

«Գրեթե ողջ Իռլանդիան և աշխարհը ողջ կյանքում վիրավորել են Ջոյսին հանճար լինելու համար: «Celtic Twilight»–ի որոշ տխմարներ նույնիսկ խոստովանեցին, որ նա մի քիչ տաղանդ ունի: Էլ ի՞նչ պիտի ասեին, եթե բոլորը շուտով սկսելու էին ընդօրինակել նրան: Բայց եթե համալսարանական կրթություն ստացած հինգ հազար գրողներ փորձեին նկարագրել 1904 թվականին Դուբլինում հունիսյան մի օր կամ մի գիշերվա երազ, նրանք երբեք չէին հասնի այն բանին, ինչին հասավ Ջոյսը. նա պարզապես ծնված էր դա անելու համար: […]

Հետևաբար, երբ հարց է առաջանում՝ «գրող ծնվո՞ւմ են, թե՞ դառնում», պետք է նախ և առաջ հարցնել. «Նկատի ունեք տաղանդավո՞ր գրող, թե՞ ինքնատիպ գրող»: Որովհետև բոլորը կարող են գրել, բայց ոչ բոլորն են հորինում գրելու նոր ձևեր: Գերտրուդ Սթայնը հորինել է գրելու նոր ձևեր, իսկ նրան ընդօրինակողները պարզապես «տաղանդներ» են»։

Կես դար անց՝ «հանճարին» հոգեբանության լաբորատորիա բերելու և տաղանդի աճը քանակապես գնահատելու մեր դարում, Քերուեքի եզրափակիչ խոսքերը կրկնակի ազդեցիկ են.

«Տաղանդին կամ հանճարին դատելու չափանիշը վաղանցիկ է (եթե տրամաբանենք գրաֆիկների այս աշխարհում), բայց միանշանակ զգացողություն է առաջանում, երբ հանճարեղ գրողը զարմացնում է մեզ նախկինում չտեսնված և, այնուամենայնիվ, սարսափելի ծանոթ ուժով...

Հիմնական բանը, որ պետք է հիշել, այն է, որ տաղանդը ընդօրինակում է հանճարին, քանի որ ընդօրինակելու այլ բան չկա: Քանի որ տաղանդը չի կարող ստեղծել, այն ընդօրինակում է կամ մեկնաբանում...

Հանճարը ծնում է, իսկ տաղանդը՝ մատուցում: Այն, ինչ տեսել են Ռեմբրանդտը կամ Վան Գոգը գիշերային երկնքում, այլևս հնարավոր չէ տեսնել... Ապագայի ի ծնե գրողներն արդեն զարմացած են այն ամենից, ինչ տեսնում են հիմա. ժամանակին մենք բոլորս կտեսնենք դա առաջին անգամ և կտեսնենք բազում անգամներ, երբ այն կնմանակեն գրող դարձած մարդիկ:

Խոսելով ծաղրի հետևում թաքնված խանդի մասին՝ Քերուեքը ավարտում է մի դիտողությամբ, որը հատկապես կանխագուշակ է արագ, բարձրագոչ, լայնորեն շրջանառվող դատողությունների մեր դարում, և արձագանքում է Սայ Օլիվերի և Ջեյմս Յանգի՝ 1950–ականների «Tain't What You Do (It's The Way That Cha Do It» («Կարևոր չէ արածդ, արածիդ ձևն է կարևոր») ջազային մեղեդու կատարմանը:

«Նախանձավոր տաղանդները նոր լեզվական ձևեր ստեղծողներին հաճախ անվանում են «հավակնոտ»: Բայց «կարևոր չէ գրածդ, գրածիդ ձևն է կարևոր»:

Հեղինակ՝ Մարիա Պոպովա
Տեքստի բնօրինակը՝ 
https://www.themarginalian.org/2014/10/17/are-writers-born-or-made-jack-kerouac/


Զանգակը Մարիա Սադոյանի թարգմանությամբ հրատարակել է Քերուեքի Ճանապարհին վեպը: 



 

Բաժանորդագրվիր մեր նորություններին