Հնարավորություններն անսահման են, երբ առաջնորդվում ենք գիտելիքի ուժով: Մենք հավատում ենք, որ այդ ուժն է ծնում ապագա տեսնող ու կառուցող հասարակություն:
Վստահելով մեր ընթերցողին՝ Զանգակում ստեղծում ենք հնարավորություններ յուրաքանչյուր գրքի հետ յուրաքանչյուր օր:
Զանգակը մեծ ու նվիրված ընտանիք է, որտեղ գնահատվում են մնայուն արժեքները: Փոխադարձ հարգանքն ու վստահությունը մենք գործնականում վերածում ենք որակի ու արդյունավետության: Զանգակում հանդիպում են հավատարմության բացառիկ օրինակներն ու նորարար պայծառ ուղեղները՝ մղելով բոլորիս շարունակական զարգացման:
Զանգակում գրվում են դասագրքեր և պատկերագրքեր, թարգմանվում են համաշխարհային բեսթսելերներ, բացահայտվում են նոր հեղինակներ ու նկարազարդողներ: Ինչո՞ւ ենք երկար ու համառ աշխատում գրքի ամեն տողի ու նախադասության, էջի ու շապիկի ձևավորման վրա: Մենք ցանկանում ենք Ձեզ համար ուղենիշ դարձնել գիտելիքը:
Մենք հպարտությամբ ենք նշում, որ առաջատար դասագրքաստեղծ հրատարակչություն ենք. Զանգակը հիմնադրման առաջին իսկ տարվանից ստեղծում է ուսումնական գրականություն՝ մրցունակ դասագրքեր, աշխատանքային տետրեր, մեթոդական ձեռնարկներ եւ այլ ուսումնաօժանդակ նյութեր: Մեր նշանակալի ավանդը այս ոլորտի կայացման մեջ հնարավոր է դարձել հմուտ մասնագետների՝ մանկավարժների, մեթոդիստների եւ գիտնականների ներգրավվման, ուսուցիչների ու աշակերտների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ: Ստեղծվող ամեն մի նոր դասագիրք բոլորիս տեւական եւ համատեղ ջանքի արդյունքն է:
Երեխաները սիրում են մեզ, իսկ ծնողները՝ վստահում. սա ամենաթանկ գնահատականն է, որ ոգեշնչում է զանգակցիներիս՝ ավելի մեծ ներդրումներ կատարելու մանկապատանեկան գրականության ոլորտում: «Զանգակ» հրատարակչության մյուս կարեւոր առաքելությունը համաշխարհային եւ հայ գրականության մատուցումն է մանուկ եւ դեռահաս ընթերցողին: Հայաստանում ունենք բազմաթիվ շնորհալի հեղինակներ եւ նկարազարդողներ, որոնց հետ ստեղծում ենք գունագեղ ու որակյալ բովանդակությամբ գրքեր: Ստեղծում ենք շարքեր՝ նորովի ներկայացնելով եւ վերարժեւորելով մեր դասականներին: Թարգմանում ենք հեղինակների, որոնք կարեւոր ասելիք ունեն մեր երեխաներին: Հեղինակերի, թարգմանիչների, դպրոցների, գրադարանների եւ գրախանութների հետ աշխատելով՝ հագեցնում ենք նրանց առօրյան նոր գրքերով եւ միջոցառումներով:
Ընթերցողի հետ մենք երկխոսում ենք նաեւ գեղարվեստական գրականության միջոցով: Մեր հաջորդ հիմնական ուղղությունը գեղարվեստական բազմաժանր գրականության՝ թե՛ միջազգային, թե՛ հայ հեղինակների լավագույն ստեղծագործությունների հրատարակումն է: Եվ ոչ միայն. մենք ջանում ենք, որպեսզի յուրաքանչյուր նոր հրատարակություն միտված լինի լեզվի գեղարվեստական որակի զարգացմանը, սահմանի ձեւավորման ու տպագրության որակի նոր չափանիշներ: Հրատարակում ենք գրական հռչակ վայելող հեղինակների՝ ժամանակակիցների եւ դասականների, ներկայացնում (ինչպես նաեւ մանկապատանեկանի հեղինակներին) միջազգային գրական փառատոններին եւ տոնավաճառներին, նրանց գրքերի շուրջ կազմակերպում գրական հանդիպումներ եւ քննարկումներ:
Մեզ համար կարեւոր է նաեւ հեղինակների հետ համագործակցային հարաբերությունների խթանումը:
Ի սկզբանե մեզ համար կարեւոր է եղել մոտիվացնող եւ հանրամատչելի գրականության հրատարակումը, եւ մենք աջակցել ենք հայ հեղինակների՝ նման աշխատանքներ ստեղծելու փորձերին, ինչպես նաեւ թարգմանել ենք ոլորտում կայացած մասնագետների աշխատանքները: Հասցեագրված գրականությունը մեծ պահանջարկ ունի այսօր, ինչը ոգեւորում է մեզ՝ ընդլայնելու ոչ գեղարվեստական գրականության ժանրային ընդգրկումն ու ավելացնելու մեր տեսականին: