«Զանգակ»–ի գործունեության մեջ հիմնային դեր ունեն կրթական և սոցիալական նախաձեռնությունները, որոնց միջոցով մենք փորձում ենք հնարավորինս հասանելի լինել ընթերցողին: «Զանգակ»–ը նաև համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, որոնք կիսում են մեր տեսլականը և դրական սոցիալական փոփոխությունների են տանում գրքի և ընթերցանության ուժով: Այստեղ կարող եք ծանոթանալ վերջին շրջանի մեր համագործակցություններից մի քանիսին։
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2014 թ. սկսած՝ «Զանգակ» հրատարակչությունը կազմակերպում է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը, որը երեխաների ամառային ամիսները հագեցնում է բազմաբնույթ գրական, թատերական միջոցառումներով, նոր ծանոթություններով և, իհարկե, ռեկորդային թվով գրքերի ընթերցանությամբ: Ծրագիրն ունի մրցութային մաս, և դրա ավարտին լավագույն ընթերցողների դպրոցներ են գնում բազմաթիվ նվեր-գրքեր:
2022 թ. «Զանգակ» գրատան նախաձեռնությամբ և «Զանգակ» հրատարակչության գործակցությամբ հիմնվեց Մանկական գրքի ամենամյա փառատոնը՝ հագեցած բազմաթիվ միջոցառումներով և գրքի ցուցահանդես–վաճառքով։ Փառատոնին մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր հրատարակչությունները:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2024-ի ապրիլին գործընկեր դարձանք «Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության՝ Վարդենիսում նախաձեռնած «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին, որին մասնակցեցին ավելի քան 400 մասնագետներ, գործարարներ ու մտավորականներ՝ կիսվելով իրենց փորձով երիտասարդների հետ։
«Զանգակ» հրատարակչությունը «10:30 ակումբ»–ի գլխավոր գործընկերներից մեկն է։ Ակումբը բազմաբնույթ հանդիպումների միջոցով միմյանց գիտելիք փոխանցելու հարթակ է, որը զբաղվում է բարեգործությամբ:
Մենք նաև Koreez համադպրոցական ինտելեկտուալ առցանց մրցույթի հովանավորների շարքում ենք: Այս մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական և մասնավոր բոլոր դպրոցների 5–12–րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև պետական քոլեջների ուսանողները։
2022 թ. «Այբ» կրթական հիմնադրամը մեկնարկեց Հիբրիդային կրթության ծրագիրը, և մենք հպարտ ենք այս ծրագրի շրջանակում հիմնադրամի հետ համագործակցությամբ: «Այբ» հիբրիդային կրթությունը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ կրթական մոդել է՝ հիմնված «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի վրա։ Ծրագիրը նախատեսված է ՀՀ հանրակրթական դպրոցների (ինչպես նաև քոլեջների և ուսումնարանների) 10–րդ դասարանցիների համար։
«Զանգակ» համալիրի տնօրենների և աշխատակիցների նախաձեռնությամբ 2022 թ. Սյունիքի մարզի «Տաթև» համայնքի դպրոցում կահավորվեցին մի շարք դասարաններ, և դպրոցի գրադարանը համալրվեց «Զանգակ» հրատարակչության գրքերով։
Հաջողված էր նաև մեր աշխատանքը Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում հիմնված Կարդացող մարդ/Homo Legens գրադարանի և դրա զարգացման շուրջ աշխատող երիտասարդների հետ (2021 թ.):