Ֆուկոյի «հնագիտության» թիրախում ոչ թե պատմական փաստերի կուտակումներն են կամ անհատների ասելիքը, այլ դրանցում թաքնված այն շերտերը, որոնք ձևավորում են մտածելու եղանակները։ Գիտելիքը, ինչպես և ճշմարտությունը, ըստ փիլիսոփայի, երբեք չեզոք չեն․ դրանք բխում են կամ ազդված են իշխանության, լեզվի ու սոցիալական համատեքստի փոխազդեցություններից։ Գիտելիքի երևան գալը Ֆուկոն դիտարկում է իբրև մրցակից կամ միմյանց հաջորդող ճառաբանությունների (դիսկուրսների) արդյունք, իսկ գիտությունների կազմավորման պատմությունը՝ իբրև հավաքական մտքի արխիվ։ Ֆուկոն ուսումնասիրում է, թե ինչպես պատմական փուլերում որոշ գաղափարներ գերիշխում են, իսկ մյուսները` մղվում լուսանցք։ Մերժելով անընդհատության ու շարունակականության հնարավորությունը` նրա հնագիտությունը փորձում է բացել թաքնված կարգերը, որոնք յուրաքանչյուր դարաշրջանում պայմանավորում են «ճշմարտությունը»։ Նա խրախուսում է վիճարկել գիտելիքի համակարգերը եւ իշխանությունը, որոնցով ձեւավորվում է մեր աշխարհն ու նրա վերաբերյալ պատկերը:
«Գիտելիքի հնագիտությունը» հումանիտար գիտությունների զարգացման ուսումնասիրման մեթոդաբանական ազդեցիկ ուղեցույց է:
Խմբագիր՝ Մարկ Նշանյան