Զամբյուղ

Մայրենի 4: 12 թեստ

Մանկավարժ, մեթոդիստ և փորձագետ Կարինե Չիբուխչյանը ներկայացնում է «Մայրենի 4: 12 թեստ ժողովածուի» կառուցվածքը, առանձնահատկություններն ու առավելությունները։ 
Ապրիլի 11, 2024 | Կարինե Չիբուխչյան

Մանկավարժ, մեթոդիստ և փորձագետ Կարինե Չիբուխչյանը ներկայացնում է «Մայրենի 4: 12 թեստ ժողովածուի» կառուցվածքը, առանձնահատկություններն ու առավելությունները։ 
 
Կառուցվածք 
 
«Մայրենի 4: 12 թեստ» ժողովածուն ընդգրկում է 12 թեստ։ Յուրաքանչյուր թեստ կազմված է 2 մասից: Առաջին մասում զետեղված են յոթ առաջադրանքներ, որոնք հնարավորություն կընձեռեն աշակերտներին դրսևորելու իրենց կարողությունները նվազագույն պարտադիր մակարդակով: Երկրորդ մասի առաջադրանքները ևս յոթն են, որոնք իրենց բնույթով ավելի բարդ են և ակնկալում են գիտելիքի գործադրում։   
 
Առանձնահատկություններ 

Ժողովածուն իր տեսակով առաջիններից է, որ կազմվել է չափորոշչային և ծրագրային պահանջներին համապատասխան։ Շուրջ տասը տարի արդյունավետորեն գործածվում է՝ յուրաքանչյուր տարի ենթարկվելով փոփոխության՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից մշակված նմուշօրինակին համապատասխան։   
 

  • Ոչ միայն հնարավորություն է ընձեռում նախապատրաստվելու գիտելիքի տարեվերջյան ստուգմանը, այլև տանը ստուգելու երեխայի առաջադիմությունը և տարրական դպրոցի ավարտին մայրենիի կրթական ծրագրի յուրացման մակարդակը, բացահայտելու ուժեղ ու թույլ կողմերը, արձանագրելու հաջողություններն ու բացթողումները։  

  • Ընդգրկված են հետաքրքրաշարժ տեքստեր, որոնց բովանդակությունն ըմբռնելի է տվյալ տարիքի սովորողների համար։ 

  • Թեստերը չորրորդ դասարանի դասընթացում կարող են կիրառվել որպես ուսուցանող գրավորներ, թեմատիկ աշխատանքներ, տնօրենության կողմից տրվող գրավոր աշխատանքներ։ 

  • Ժողովածուն ներառում է բոլոր թեստերի պատասխանները։ Սովորողները, աշխատելով ինքնուրույն, կարող են ինքնուրույն էլ ստուգել իրենց աշխատանքը՝ համեմատելով պատասխանները։  

  • Հավելվածում մանրամասն ներկայացված են թեստերի կառուցվածքին և առաջադրանքներին ներկայացվող չափանիշները և ուղղորդումներ առաջադրանքների բնույթի և ստուգվող կարողությունների վերաբերյալ։ Այն կօգնի ուսուցչին, մեթոդմիավորման նախագահին, տնօրենի տեղակալին՝ կողմնորոշվելու ստուգման ենթակա ծրագրային պահանջների հարցում։  

  • Յուրաքանչյուր առաջադրանքի կողքին գրված թիվը նշում է առաջադրանքների այն համախումբը, որը համապատասխանում է ծրագրային այս կամ այն պահանջին։ Առաջադրանքների համախումբը նշող թիվը շատ կարևոր է և՛ սովորողի, և՛ ուսուցչի, և՛ ծնողի համար։ Այսպես․ 

  • Սովորողն ինքնուրույն կկարողանա որոշել, թե ծրագրային որ պահանջը կատարելիս  է դժվարությունների հանդիպում և ինչ շտկողական աշխատանք կարող է կատարել հետագայում։  

  • Ծրագրային պահանջների համախմբին ծանոթ լինելն ուսուցչին կօգնի ինքնուրույն թեստեր կազմելու կարողության բարելավմանը․ չէ՞ որ առաջարկվող բոլոր թեստերն օրինակ են դպրոցում ինքնուրույն թեստեր կազմելու համար, քանի որ առաջարկվող թեստերի ժողովածուի հիմքում ընկած են ճիշտ թեստ կազմելու բոլոր սկզբունքները։  

  • Ցանկացած համախմբի առաջադրանքների առնչությամբ երեխայի հանդիպած դժվարությունը հուշում կլինի ծնողի և ուսուցչի համար, որ տարեվերջյան գիտելիքների ստուգմանը նախապատրաստվելիս որ հարցերին պետք է ուշադրություն դարձնել։  Ինչպես նաև թեստերի շուրջ երեխան կարող է աշխատել ամառային արձակուրդի ընթացքում՝ բարելավելով իր կարդալու տեխնիկան, դրանով իսկ պարարտ հող ստեղծելով հինգերորդ դասարանի ծրագրային նյութն արդյունավետ յուրացնելու համար։ 

Առավելություններ 
 
Ժողովածուին կից տրված է բնութագիր–ամփոփաթերթ, որն ավելի դյուրին ու համակարգված կդարձնի ուսուցիչների և սովորողների աշխատանքը: Այն կօգնի առանց դժվարության կազմելու սովորողի գիտելիքների, հմտությունների ու կարողությունների նկարագրական, նաև տարեկան բնութագիրը, հավաստի փաստաթուղթ է 5–րդ դասարան փոխադրվող սովորողի համար, որն ուսուցիչը կարող է օգտագործել անգամ որպես հայտորոշիչ՝ մայրենիի ուսուցման գործընթացը ճիշտ պլանավորելու համար:  

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին