Զամբյուղ
Դեկտեմբերի 14, 2023 | Կարին Գրիգորյան

Ժամանակակից հեքիաթներում շատ են անիրական կենդանիները, իսկ դասական հեքիաթների մեջ կենդանիները իրական կյանքից են եկել հեքիաթի աշխարհ: Այդպես է բոլոր արջուկների, շների ու ճագարների դեպքում:

Վերջերս մեզ մի շա՜տ հետաքրքիր ճագար է միացել Քեյթ ԴիՔամիլոյի «Էդուարդ Թյուլեյնի զարմանալի ճանապարհորդությունը» վիպակից: Եվ այսպես, մեր առանձնահատուկ ճագարը՝ Էդուարդ Թյուլեյնը, ճենապակյա է: Նա ստեղծվել է 2006 թ․, բայց իրականում շատ ավելի հին է և եկել է այն ժամանակներից, երբ մեծահարուստ ընտանիքների աղջիկները սիրում էին խաղալ մեծ տիկնիկներով: Հայտնվելով հասարակ մարդկանց միջավայրում՝ Էդուարդը ճաշակում է կյանքի գրեթե բոլոր դառն ու քաղցր փորձությունները: 

Հաջորդը Թավշյա ճագարն է, որին 1922 թ․ նվիրել էին  մի փոքրիկ տղայի։  Նա, երկար ճանապարհ անցնելով, 2021 թ․  հասել է «Զանգակ» հրատարակչություն: Ամեն անգամ, երբ նրան նվիրում են ինչ−որ երեխայի, ճագարը երազում է մեծ ընկերության ու փոխադարձ սիրո մասին, քանի որ այդպես նա իրական ճագար կդառնա:  

Մեր մյուս ճագարը եկել է Բեաթրիքս Փոթերի ընտանեկան ագարակից: Փոքրիկ աղջնակ Փոթերը խնամում էր ճագարներին, նկարում էր նրանց և մեծանալով՝ սկսել է պատմություններ գրել նրանց մասին: Պետրիկ ճագարը և ագարակի մյուս կենդանիները հեքիաթների աշխարհ են եկել 1901 թ․։ Ի դեպ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը հայացրել է նրանց անունները, որ նույնքան զավեշտալի հնչեն հայերենով: 

Մեր վերջին, բայց իրականում առաջին ճագարը Ալիսի սպիտակ ճագարն է: Հենց այն ճագարը, որը 1865 թ․ պաշտոնապես իր փոսը գցեց Ալիսին, և նա հայտնվեց հրաշքների աշխարհում: Ճերմակ ճագարը, որ միշտ ուշանում էր, գրպանի ժամացույց ուներ (ի դեպ, ճենապակյա Էդուարդ ճագարը նույնպես (ոսկյա) ժամացույց ուներ), իսկ հեքիաթից դուրս՝ իր առանձին ճագարային փառքը:  

Դե ինչ, մեր ճագարներից երեքը 18−19−րդ դարի բրիտանական ծագում ունեն, իսկ ճենապակյա Էդուարդի ժամանակը մոտավորապես նույնն է: Չգնա՞նք նրանց հետքերով դեպի վիկտորիանական դարաշրջանի Անգլիա (1837−1901): 

Ճագարաբուծությունը այդ շրջանի Անգլիայում իսկապես տարածված էր: Հատուկ ճագարանոցներում աճեցնում էին այս կենդանիներին իրենց մորթու և դիետիկ մսի համար, բայց նրանց դիտարկում էին նաև որպես տնային կենդանու: Փոքրիկ տղաները որսում էին ճագարներին վայրի բնությունից, բույն կառուցում նրանց համար և խնամում: Մեծահարուստները, որոնք տարված էին էկզոտիկ կենդանիներով ու սեփական կենդանաբանական այգիներ հիմնելով, պահում էին նաև վարժեցված ճագարներ: 

Հատուկ բուծված ճագարները մասնակցում էին ցուցադրությունների ու տոնավաճառների և մրցանակներ էին ստանում։ 7−10 տարի ապրող փամփլիկները շատ ժողովրդական էին այն տարիներին, երբ հայտնվեցին անգլիական հեքիաթներում, և ճագարների ու երեխաների ընկերությունը հայտնի դարձավ ողջ աշխարհում։

Ճագարներն իսկապես լավ ընկերներ են: Իսկ դուք ճագար պահե՞լ եք: Կիսվեք մեզ հետ ձեր պատմություններով՝ գրելով մեր ֆեյսբուքյան էջին: 

Գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին