Զամբյուղ

Մարկետինգ. մեկ օր և մի ամբողջ կյանք՝ այբից մինչև ֆե

Դժվա՞ր է արդյոք սովորել մարքեթինգ` հարցնում է Քոթլերը։ Լավ նորությունն այն է, որ մարքեթինգ կարելի է սովորել ընդամենը մեկ օրում:
Փետրվարի 09, 2024 | Ֆիլիպ Քոթլեր

Մարքեթինգի խնդիրը մարդկանց հարափոփոխ կարիքները շահութաբեր հնարավորությունների փոխարկելն է, իսկ մարքեթինգի կառավարումը թիրախային շուկաներ ընտրելու և հաճախորդներ ձեռք բերելու, այդ հաճախորդներին չկորցնելու և նրանց թիվն էլ ավելի մեծացնելու արվեստն է:

Դժվա՞ր է արդյոք սովորել մարքեթինգ։ Լավ նորությունն այն է, որ  մարքեթինգ կարելի է սովորել ընդամենը մեկ օրում։ Վատ նորությունն այն է, որ մարքեթինգի նրբություններին տիրապետելու համար կպահանջվի մի ամբողջ կյանք։ Բայց նույնիսկ այս վատ նորությանը կարելի է դրականորեն մոտենալ։ Հատկապես, եթե ձեզ օգնելու է Ֆիլիպ Քոթլերը՝ 20-րդ դարի շուկայական խոշոր հեղափոխությունների միջով անցած մասնագետը, որը խորհրդատվություն է տրամադրում կառավարությունների մակարդակում: 

 

***

Մարքեթինգի ոլորտում իմ 40–ամյա կարիերայի ընթացքում ինչ–որ գիտելիքներ եմ կուտակել և նույնիսկ փոքր–ինչ իմաստնություն ձեռք բերել։ Այս ոլորտի ներկա վիճակի մասին մտածելիս մտքովս անցավ, որ ժամանակն է վերադառնալու և վերասահմանելու մարքեթինգի մի շարք հասկացություններ։ 

Նախ՝ թվարկել եմ այսօր խիստ էական թվացող մարքեթինգային 80 հասկացություններ, խոր և մանրակրկիտ մտածել եմ ու փորձել ձևակերպել պատշաճ գործարարության համար դրանց նշանակությունը։ Առաջնային նպատակս նորարար և արդյունավետ մարքեթինգային գործունեության համար լավագույն սկզբունքների և աշխատակարգերի շեշտադրումն էր։ Այս ուղիս լի էր անակնկալներով, որոնք ստիպեցին ինձ հանգել նոր ներհայեցումների և տեսակետների։

Չցանկացա ևս մի 800 էջանոց դասագիրք գրել մարքեթինգի մասին։ Նաև չէի ցանկանում կրկնել նախորդ գրքերումս ներկայացված մտքերս և հատվածները։ Ցանկացա ընթերցողին բերել թարմ և նոր պատկերացումներ խթանող գաղափարներ և տեսակետներ այնպիսի գրքով, որը կարելի է վերցնել, մի կտոր կարդալ, մարսել և ցանկացած պահի նորից ցած դնել։ Արդյունքում կարճ գիրք ստացվեց, սակայն այն գրվել է՝ մտովի ուղղված լինելով հետևյալ լսարաններին.

 

•              Կառավարիչներ, որոնք հենց նոր են պարզել, որ մարքեթինգային որոշ գիտելիքների կարիք ունեն։ Գուցե ֆինանսական գծով փոխնախագահ եք, շահույթ չհետապնդող կազմակերպության գործադիր տնօրեն կամ նոր ապրանքի թողարկմանը պատրաստվող ձեռներեց։ Ժամանակ չունեք ընթերցելու անգամ «Մարքեթինգն սկսնակների համար» գիրքը, որն ընդամենը 300 էջ է։ Փոխարենը ցանկանում եք հասկանալ առանցքային հասկացությունները այս ոլորտում հեղինակություն ունեցող մասնագետի կողմից պարզ ձևակերպումներով տրված սահմանումների միջոցով։

 

•              Կառավարիչներ, որոնք գուցե տարիներ առաջ մարքեթինգի դասընթաց են անցել, սակայն հիմա գիտակցում են, որ դաշտում ինչ–որ բան է փոխվել։ Գուցե ցանկանում եք թարմացնել մարքեթինգային առանցքային հասկացությունների ձեր իմացությունը և զգում եք բարձր կատարողական ապահովող մարքեթինգի մասին վերջին նորություններին ծանոթանալու անհրաժեշտությունը։

 

•              Արհեստավարժ մարքեթոլոգներ, որոնք գուցե զգում են, որ խճճվել են մարքեթինգի առօրյա աշխատանքային քաոսում և ցանկանում են որոշ բաներ հստակեցնել՝ այս գիրքը կարդալու միջոցով իրենց գիտելիքները թարմացնելով։

Իմ մոտեցումն էապես ազդված է Զենից։ Զենը շեշտում է մեդիտացիայի և ուղիղ, ինտուիտիվ ներհայեցումների միջոցով ուսումնառությունը։ Այս գրքում ներկայացված մտքերը այստեղ զետեղված հիմնարար մարքեթինգային հասկացությունների և սկզբունքների մասին իմ իսկ մեդիտացիաների արդյունքն են։

Ինչպես էլ ես դա անվանեմ՝ մեդիտացիա, խորհրդածություն կամ մտահայեցում, միևնույնն է, բնավ չեմ պնդում, որ այս գրքում ներկայացված բոլոր մտքերն իմ սեփականն են։ Բիզնեսի և մարքեթինգի ոլորտում մեծ մտածողներից ոմանց խոսքից այստեղ ուղիղ մեջբերումներ կան, կամ էլ զգացվում է այստեղ ներկայացված մտքերի վրա նրանց անմիջական ազդեցությունը։ Ես յուրացրել եմ նրանց գաղափարները ընթերցանության, զրույցների, ուսուցման և խորհրդատվության միջոցով։

Բաժանորդագրվիր մեր նորություններին