Զամբյուղ

Ամառային ընթերցանություն. 10 տարի և 100 առավելություն

Շատ երեխայասեր մեր հասարակությունում երեխաների համար քաղցրավենիք ու խաղալիք խնայող չկա: Եվ շատերի մանկությունն այդքանով ավարտվում է: Իսկ ի՞նչ ենք անում մենք:
Սեպտեմբերի 15, 2023

Շատ երեխայասեր մեր հասարակությունում երեխաների համար քաղցրավենիք ու խաղալիք խնայող չկա: Եվ շատերի մանկությունն այդքանով ավարտվում է: 

Իսկ ի՞նչ ենք անում մենք: 

Արդեն 10 տարի Զանգակը համախմբում է այն երեխաներին ու ծնողներին, որոնց համար գիրքն ու ընթերցանությունն են համ ու հոտ ավելացնում երեխայի կյանքին: 

Հենց 10 տարի առաջ հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի մտքով ամռանից հինգ պակաս անցավ ամառային ընթերցանության ծրագիր ունենալու գաղափարը, և հրատարակչության միջոցառումների բաժինը լծվեց գործի՝ մի քանի շաբաթում նրա հետ ստեղծելով եռամսյա լիարժեք մանկապատանեկան ծրագիր:

Կարդա՞լ ամռանը:

Ամառային արձակուրդին դպրոցականներից ավելի շատ սպասելիքներ են ունենում նրանց ծնողները, սակայն ոչ բոլոր երեխաներն են գրել–կարդալու տրամադրված ամռան ընթացքում: 
ԲԱՅՑ

Հարցրե՛ք, ու մենք կասենք, որ ճանաչում ենք այնպիսի երեխաների, որոնք ավելի շատ են ընթերցում ամռանը, քան ողջ ուսումնական տարում, ու ոչ միայն գրքով են ապրում երեք ամիս, այլև նոր ընկերներ ու գաղափարակիցներ են ձեռք բերում: Նրանք հարյուրներ են: Նրանցով ենք ոգեշնչվում: 

Նրանք հանգստանում են գրական միջոցառումների ժամանակ, թատերական ներկայացման պատրաստվելիս ու ավելի ոգևորությամբ են սպասում ուսումնական տարվա մեկնարկին, քանի որ իրենց դպրոցի համար անակնկալ են պատրաստել՝ գրքերով լեցուն մի ամբողջ տնակ:

Չենք գայթակղում: Այսօր չենք պատմի մեր հրաշալի ծրագրի մասին: Կարդացե՛ք ահա այստեղ, երբ ցանկանաք:
 

Ամառային ընթերցանությունը հրատարակչության կազմում միշտ գտել է երեխայասեր ու գրքասեր կազմակերպիչների և, բնույթով լինելով սոցիալական, իր գաղափարական աջակիցների՝ գրախանութների հետ շարունակում է զարգանալ: Վերջին երկու տարիներին ծրագրի լավագույն ընթերցողները մասնակցում են թատերական բեմադրության, և ծրագրի ամփոփումը կայանում է բեմում: 

Էմին Մկրտչյան, «Զանգակ» հրատարակչության տնօրեն

Շատ կարևոր է, որ երեխաները տեսնեն և գիտակցեն, որ գրականությունը մեկուսացած չէ մշակույթի մյուս ճյուղերից: Բնականաբար, պատկերացնում են, բայց այսպես գործնականում կտեսնեն, թե ինչպես կարելի է գրական ստեղծագործությունը վերածել բեմականի: Հենց այդ փորձը կարող է ինչ–որ լավ բանի սկիզբ լինել իրենց կյանքում: 

Զանգակը ոչ միայն գրքեր է ստեղծում երեխաների համար, այլև փորձում է ապահովել հրատարակչություն–գրախանութ–դպրոց–գրադարան շղթայի անխափան աշխատանքը: Եթե այն հաջողի տարածվել Հայաստանով մեկ, 100 առավելությունը կբազմապատկվի մի քանի անգամ:  

«Ամառային»–ի երեխաները մեր միջուկը ձևավորողներն են, նրանք են համուհոտ հաղորդելու մեզ ու Հայաստանին շատ շուտով, և հենց նրանք ընթերցման արժանի բաց գիրք են դառնալու: 

 



Ռիմա Հովեյան, «Ամառային ընթերցանություն» ծրագրի համակարգող

«Ամառայինի» մի մասնիկ լիները մեծ պատիվ է ինձ համար։ Հաճելի է գիտակցել, որ մաս ես կազմում մի գեղեցիկ, ավանդույթ դարձած գործի, որի շրջանակում շատ երեխաներ իրենց ամառն ավելի գունավոր ու բովանդակալից են դարձնում։ Երբ երեխան ընթերցում է հաճույքով և սիրում է գիրքը, ընթերցանությունը դառնում է մշակույթ։

«Ամառայինի» շնորհիվ հասկացա, որ հրաշալի սերունդ ունենք, որը վստահ քայլերով առաջ է շարժվում, ու դա հուսադրող է։ Հաճելի է հետևել հրաշամանուկների ընթացքին։ Հաճելի է քայլել նրանց հետ և ընկերակցել նրանց գրքերի մեծ աշխարհ մտնելու ճանապարհին։

 




 




 




 





 

Բաժանորդագրվիր մեր նորություններին