Մեր պատմությունը սկսվում է 1997 թվականից, երբ Մկրտչյան ամուսինները, հիմնադրելով «Զանգակ» հրատարակչությունը, իրենց ապագան կապեցին գիտելիքի տարածման և Հայաստանում կրթության ոլորտի զարգացման հետ:
Մի տպագրական մեքենա, երեք համակարգիչ եւ Գրողների միության 4-րդ հարկում տեղավորված մի քանի աշխատող. 1997 թվականին այսպես ստեղծվեց «Զանգակ» հրատարակչությունը՝ ի ուրախություն այն հեղինակների, որոնց գրքերի տպագրման հարցը անորոշ էր մնում: Այդ տարիներին գրահրատարակչական ոլորտն գրեթե չէր գործում, իսկ տպագրատան հիմնումը առնվազն կասկածելի շահութաբերությամբ ձեռնարկ էր:
Բայց այն, ինչ առաջնորդում էր «Զանգակ»-ի համահիմնադիրներին, կասկածի տեղ չէր հարուցում. նրանք ցանկանում էին վերականգնել գրքի հանդեպ վերաբերմունքը, նորից տեսնել քաղաքի գործող գրախանութները, գեղեցիկ ու որակյալ գրքերը: Գիրքը որպես գիտելիք փոխանցելու տեսլականն ու կիրքը դարձավ հրատարակչության ստեղծման հիմնաքարը:
Այսօր «Զանգակ» հրատարակչությունը Հայաստանի և Սփյուռքի համար տարեկան ստեղծում և հրատարակում է մի քանի տասնյակ դասագիրք, մանկավարժական ձեռնարկ, մանկապատանեկան, գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականություն: Հրատարակչությանը կից գործում է նաև «Զանգակ» տպարանը՝ հագեցած օֆսեթ տպագրության ժամանակակից սարքավորումներով:
2002 թվականին Հայաստանի կրթական ոլորտին գործուն աջակցություն բերելու նպատակով Մկրտչյան ընտանիքը հիմնեց նաև «Տաթև գիտակրթական համալիր»–ը: Համալիրի կազմում այսօր գործում են «Մանանա» արհեստագործական ուսումնական կենտրոնը, «Յունիվերս» լեզվի կենտրոնը և «Մանկավարժական միտք» ամսագիրը, որն ընդգրկված Է ԲՈԿ–ի կողմից հաստատված գիտական ամսագրերի ցանկում:
«Տաթև գիտակրթական համալիր»–ն իր ուրույն ու կայուն տեղն ունի Հայաստանի գիտակրթական ոլորտում և 2020 թվականից նախաձեռնում է նաև ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման դասընթացներ։
2012 թ․ բացված «Զանգակ» գրատունը մի քանի տարի հետո դարձավ սիրված ու հայտնի գրատնային ցանց: Գրատնային ցանցի ստեղծման և գործունեության հիմքում մի հիմնանպատակ է՝ հայալեզու գրքի տարածումը: Գրատան թիմը դա իրագործում է ամեն օր՝ իր տարաբնույթ ծրագրերի միջոցով խրախուսելով ինչպես ընթերցանության մշակույթը, այնպես էլ գրքի ձեռքբերումը, տարածումն ու գնահատումը: Գրատունը միաժամանակ հարմարավետ է դարձնում գրքի գնման գործընթացը՝ գրատան սրահներից, կահավորումից և գրքերի դասավորությունից մինչև կայք և առցանց սպասարկում:
1997-ին Մկրտչյան զույգը հիմնադրեց «Զանգակ» ընկերությունը (Զանգակ-97 ՍՊԸ-ի եւ համանուն հրատարակչություն, տպարան) և իր ապագան կապեց գիտելիքի տարածման և Հայաստանում կրթության ոլորտի զարգացման հետ: Այսօր հրատարակչությունը ստեղծում և հրատարակում է տարեկան շուրջ 50 անուն դասագիրք, մանկավարժական ձեռնարկներ, մանկապատանեկան, գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականություն:
«Զանգակ» հրատարակչության աշխատակազմը և «Զանգակ» տպարանը հաստատվում են Կոմիտասի 49/2 հասցեում և շարունակում ստեղծել ձեր սիրելի գրքերն ու դասագրքերը առ այսօր:
2012 թվականին Կոմիտասի պողոտայում բացվում է առաջին «Զանգակ» գրատունը, և սկսվում է նոր պատմություն՝ համեմված հազարավոր ընթերցողներով, գրքերով, դեպքերով ու իրադարձություններով:
«Զանգակ» հրատարակչությունը 25 տարեկան է: Մենք մասնագիտացել ենք թարգմանական, մանկական և ուսումնական գրականության ոլորտում։ «Զանգակի» բովանդակությունը վստահելի է, ստուգված, բարձրորակ։
Զանգակը չէր լինի Զանգակ, եթե այստեղ միայն գրքեր լինեին: Զանգակը յուրատեսակ առաջնորդների դպրոց է, ուր յուրաքանչյուրը նախ և առաջ իր գործի առաջնորդն է:
Բայց առաջից էլ առաջ՝ մեր ավագներն այստեղ մթնոլորտ են ստեղծում, ընտանեկան միջավայր: Այդպես էլ կա, նրանք բոլորը նույն ընտանիքից են: Զանգակ հրատարակչությունը և գրատների ցանցը Մկրտչյան ընտանիքի կյանքի գործն է, որում յուրաքանչյուրն ունի իր ավանդն ու ներդրումը: Ծրագրերն ու նպատակները հատվում են հենց Զանգակում:
Սոկրատ Մկրտչյանը «Զանգակ» հրատարակչության և «Տաթև գիտակրթական համալիրի» հիմնադիր տնօրենն է, «Գիտության և կրթության աջակցության Տաթև կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը, մանկավարժ–մեթոդիստ, մաթեմատիկայի տարրական դասարանների դասագրքերի հեղինակ:
Հրատարակչությունում է մեկտեղում իր տասնամյակների մանկավարժական ու հրատարակչական փորձը:
Մաշա Մնացականյանը «Զանգակ» հրատարակչության և «Տաթև» գիտակրթական համալիրի համահիմնադիրն է, ֆինանսական գծով փոխտնօրենը, նաև «Զանգակ» գրատների ցանցի գլխավոր հաշվապահը: Այստեղ է համատեղում իր մասնագիտական ու ընտանիքի հոգատար մոր անփոխարինելի «պաշտոնը»:
Էմին Մկրտչյանը «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրենն է, հրատարակչության մանկապատանեկան և թարգմանական գրականության բաժինների հիմնադիրը: Շարունակում է գերազանցել ինքն իրեն հրատարակչական, տպագրության առաջատար մասնագետի և, իհարկե, ձեռներեցության ոլորտներում:
Շահեն Մկրտչյանը «Զանգակ» գրատների ցանցի գլխավոր տնօրենն է, գրատան յուրահատուկ միջավայրի ու մշակույթի գլխավոր ոգեշնչողը: Ընթերցանության խթանմանը նպաստում է սեփական օրինակով և երազում է ունենալ բավականաչափ ժամանակ՝ ընթերցելու բոլոր սիրելի հեղինակներին: