Զամբյուղ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՀԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սովորողն է իր կրթության առաջնային պատասխանատուն

 

                                          Մաթեմատիկահեն կրթություն․ այլընտրանքային ծրագիր և նոր մոտեցում,
                                                որտեղ սովորողն է իր կրթության առաջնային պատասխանատուն։



Արհեստական բանականության դարաշրջանում, երբ ճիշտ պատասխանն ու պատրաստի լուծումը կարելի է ստանալ հաշված վայրկյաններում, կրթական համակարգը նոր մարտահրավերի առաջ է կանգնած․ ինչպե՞ս սովորեցնել երեխային սովորել ինքնուրույն՝ ոչ միայն իմանալ, այլև մտածել, ընտրել ու պատասխանատվություն ստանձնել։

Հենց այս հարցերն են Սոկրատ Մկրտչյանի «Մաթեմատիկահեն կրթություն» հանրակրթական այլընտրանքային հեղինակային նոր ծրագրի հիմքում։ Այն արդեն իսկ ներդրվել է Հայաստանի Հանրապետության 10 հանրակրթական դպրոցում՝ Երևանում, Վանաձորում և Օհանավանում՝ սկսած առաջին դասարաններից։

Ծրագրի առանցքային սկզբունքն է՝ «Սովորողն է իր կրթության առաջնային պատասխանատուն» (ՍԻԿԱՊ)։
Սա ենթադրում է սովորողի ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացին․ նա սովորում է հարցնել, ընտրություն կատարել, փորձել, վերլուծել սեփական աշխատանքը և գնահատել իր առաջընթացը։

««Մաթեմատիկահեն կրթությունը» մաթեմատիկական թեքումով կրթություն չէ։ Այն կրթական մոդել է, որտեղ մաթեմատիկան դիտարկվում է ոչ միայն որպես ուսումնական առարկա, այլև որպես մտածելու լեզու՝ կապեր տեսնելու, օրինաչափություններ բացահայտելու, մոդելավորելու, հիմնավորելու և սեփական մտածողությունը ստուգելու միջոց։ Մենք սովորողին տեսնում ենք այդ դերում և կրթական ամբողջ գործընթացը կառուցում ենք այնպես, որ նա աստիճանաբար դառնա իր սովորելու, մտածողության և կրթական աճի առաջնային պատասխանատուն»,- նշում է ծրագրի հեղինակ Սոկրատ Մկրտչյանը։

Ծրագրում մաթեմատիկան դիտարկվում է նաև որպես մտածողության զարգացման լեզու և գործիք։ Մաթեմատիկական մտածողությունը սովորողին օգնում է տեսնել կապեր և օրինաչափություններ, վերլուծել իրավիճակներ, համեմատել լուծումներ և հիմնավորել սեփական ընտրությունը։ Այդ հմտությունները կիրառելի են նաև այլ առարկաների և առօրյա կյանքի խնդիրների դեպքում։

Սխալը՝ որպես ուսուցման մաս

Ծրագրի կարևոր սկզբունքներից մեկն է՝ «Սխալը տվյալ է, այլ ոչ թե զանցանք»։
Սխալը դիտարկվում է որպես տեղեկություն սովորողի մտածողության ընթացքի մասին։ Կարևոր է հասկանալ ոչ միայն՝ ճիշտ է, թե սխալ պատասխանը, այլև՝ ինչ ճանապարհով է սովորողը հասել դրան։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս բացահայտել դժվարությունները, վերանայել ընտրված ռազմավարությունը և շարունակել ուսուցման գործընթացը՝ հիմնվելով իրական տվյալների վրա։

Գնահատումը՝ որպես զարգացման գործիք

Ծրագրի շրջանակում կիրառվում է յոթչափ գնահատման համակարգ, որը թույլ է տալիս սովորողի առաջընթացը դիտարկել տարբեր բաղադրիչների համադրությամբ։ Հեղինակային գործիքներից է նաև «Վերջնարդյունքի անձնագիրը»՝ համակարգ, որը հստակեցնում է տվյալ փուլում ակնկալվող արդյունքները և հնարավորություն է տալիս հետևել դրանց ձևավորման ընթացքին։

«Առարկայական (տվյալ դասարանում ուսումնասիրվող բոլոր առարկաների համար) յուրաքանչյուր վերջնարդյունք քարտեզագրվում է հեղինակային ծրագրում ներկայացված յոթ փոխկապակցված մատրիցաներով՝ բացահայտելով ոչ միայն, թե ինչ պետք է իմանա սովորողը, այլև ինչպես պետք է մտածի, որ հմտություններ ու արժեքներ զարգացնի այդ վերջնարդյունքին հասնելու ճանապարհին, ինչպես են բավարարվելու նրա կրթական պահանջմունքները, և ինչպիսի աճ է ունենալու սեփական կրթության նկատմամբ նրա պատասխանատվությունը։ Նույն տրամաբանությամբ է կառուցվում նաև գնահատումը: Յոթաչափ գնահատման համակարգը գնահատում է ոչ միայն վերջնական պատասխանը, այլև սովորողի մտածողության ընթացքը, ձեռք բերած կարողությունները և ընդհանրապես անհատական կրթական որակական աճը»,- պարզաբանում է ծրագրի հեղինակը։

Տեխնոլոգիան՝ կրթական գործընթացի աջակցող գործիք

Ծրագրում նախատեսված է կրթական տվյալների վերլուծության և արհեստական բանականության գործիքների կիրառում։ Դրանք կարող են օգնել ավելի ամբողջական պատկեր ստանալու սովորողի առաջընթացի մասին և աջակցելու ուսուցման կազմակերպմանը։ Այստեղ տեխնոլոգիայի նպատակը սովորողի փոխարեն մտածելը չէ, այլ կրթական գործընթացի մասին ավելի ճշգրիտ տվյալներ ստանալը և դրանց հիման վրա արդյունավետ որոշումներ կայացնելը։


                                 Մաթեմատիկահեն կրթության նպատակը միայն ճիշտ պատասխան գտնելը չէ․
                                        կարևոր է հասկանալ՝ ինչպես է սովորողը հասել այդ պատասխանին։



Հայաստանի դպրոցներում ծրագրի ներդրման հաջորդ փուլում հեղինակային թիմը դիտարկում է «Մաթեմատիկահեն կրթության» միջազգային ներկայացման և միջազգայնացման հնարավորությունները։ Նոյեմբերին ծրագիրը նախատեսվում է ներկայացնել միջազգային կրթական հարթակներում՝ Սինգապուրում, այնուհետև Դուբայում։ Հայաստանում ստեղծված «Մաթեմատիկահեն կրթությունը» պատրաստվում է ներկայանալ նաև միջազգային մասնագիտական հանրությանը։ 


 «Մաթեմատիկահեն կրթությունը» (1–6-րդ դասարաններ) Սոկրատ Մկրտչյանի հեղինակային ծրագիրն է։ 
«Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2026  
 



 
Բաժանորդագրվիր մեր նորություններին