Գիրքը լիովին պատկանում է գրողին միայն այն ժամանակ, երբ դեռ երևակայությունից առարկայական չի դարձել: 2001 թ–ի մեծ մասը, երբ ես դեռ բժիշկ էի աշխատում, ամեն օր արթնանում էի առավոտյան ժամը 4:30–ին և երեք ժամ միայնակ անցկացնում էր վաղորդյան մթության մեջ Ամիրի, Հասանի, Բաբայի և «Օդապարուկ թռցնողը» բնակեցնող այլ հոգիների հետ: Հետո ցնցուղ էի ընդունում, հագնվում ու մեքենայով գնում հիվանդանոց՝ հիվանդ սրտեր, մղկտացող հոդեր ու քնած վահանագեղձեր բուժելու: Ես լսում էի խզզացող թոքեր և կորտիզոն ներարկում սառած ուսերի մեջ: Բայց Ամիրը երբեք հեռու չէր գնում: Օրվա ամեն պահի ես նրա աշխարհում էի, իսկ նա՝ իմ:
Ես շատ լավ ծանոթ էի նրա աշխարհին: Ես ու Ամիրը մեծացել ենք Քաբուլի նույն Վազիր Աքբար Խան թաղամասում, սովորել ենք նույն միջնակարգ դպրոցում: Երկուսս էլ մեծացել ենք օդապարուկներ թռցնելով, պատմվածքներ գրելով և հին վեսթերններ դիտելով: Մենք նույն բարեկեցիկ միջին սոցիալ–տնտեսական դասի անդամներ էինք: Մեզ բախտ էր վիճակվել որպես անձ ձևավորվելու 1970–ականներին՝ Աֆղանստանի կայունության խաղաղ, անմեղ, անցած–գնացած դարաշրջանի վերջին օրերին: Մենք բախտ ունեցանք քայլելու աֆղան որդիների և դուստրերի արյամբ դեռ չտոգորված հողի վրա:
Այդ վաղ առավոտների լռելյայն մթության մեջ, խոհանոցի սեղանի վրա կռացած, ինձ թվում էր, որ Ամիրի պատմությունը լիովին ինձ է պատկանում: Մեր կապը հուզվելու չափ անձնական էր: Ամիրն ու Բաբան դարձան իմ քաղցր գաղտնիքը: Թվում էր, թե իմ շրջապատում բոլորն ապրում էին մեկ կյանքով, իսկ ես՝ բազում կյանքերով: Բայց երբ գիրքը լքում է իր ստեղծողին և գրավում գրախանութների դարակները, հերոսների հետ այդ կապը այլևս բացառիկ չէ: Աշխարհում Ամիրն ու ընկերները այլոց հետ կապ հաստատեցին: Նրանք դարձան բազմաճաղ անիվի կենտրոն, որի առաջին ճաղը ես էի: Յուրաքանչյուր ընթերցողի ականջին նրանք իրենց ուրույն և անձնական լեզվով էին շշնջում, ինչպես մի ժամանակ ինձ էին շշնջում: Նրանք վրաններ խփեցին այլ մայրցամաքներում ապրող օտարների մտքերում: Սեփականության իմ իրավունքը նրանց հանդեպ նվազեց:
Ինձ ապշեցրեց, թե քանի վրաններ խփեցին նրանք, քանի երկրներում, քանի լեզուներով, քանի բեմերում ու կինոէկրաններին նրանք կիսվեցին իրենց պատմությունով: Մինչ օրս դժվարությամբ եմ հավատում: Թեև այժմ «Օդապարուկ թռցնողը» համարվում է հաջողության հասած գաղթականի կողմից գրված պատմություն, դրա հրատարակումը քիչ հավանական էր, եթե չասեմ ավելին: Ես անհայտ, կես դրույքով գրող էի՝ առանց գրական փորձի: Գիրքը մռայլ էր, իսկապես մռայլ: Գլխավոր հերոսը վախկոտ էր, ինքնամփոփ, ագահ, կարիքավոր, անազնիվ, անբարոյական ու վրդովեցուցիչ, մինչդեռ այն կերպարները, որոնք իրոք վեհ էին, ազնիվ ու արդար, արժանացան վատագույն ճակատագրի: Իսկ Ամիրի երկար, տաժանակիր ճամփորդությունը ավարտվում է քիչ հուսադրող շշուկով: Բեսթսելլերի համար իդեալական բանաձև չէ:
Ձեռագիրը կտրականապես մերժվեց ավելի քան երեսուն գրական գործակալությունների կողմից, գրեթե բոլորը՝ երկու ձևանմուշային նախադասությամբ. «Շնորհակալություն, բայց սա մեզ համար չէ» տիպի պատասխան: Մերժումները ինձ չէին զարմացնում, և ես հպարտությամբ ասում եմ, որ դրանք հանգիստ եմ ընդունել: Միակ մերժումը, որը ցավ պատճառեց, անսպասելի պատճառ ուներ: Գործակալությունը կարդացել ու հավանել էր իմ ուղարկած գլուխները, և նամակը սկզբում խոստումնալից էր: Բայց գործակալությունը հրաժարվեց ինձ ներկայացնելուց, քանի որ իրենց կարծիքով ԱՄՆ–ի հասարակությունը այլևս Աֆղանստանով հետաքրքված չէ. փոխարենը գործակալությունը Իրաքի մասին պատմություններ էր փնտրում: 2002 թվականի հունիսն էր, հազիվ ինը ամիս էր անցել այն բանից, երբ ամերիկյան ուժերը և աֆղան մոջահեդները թալիբներին հեռացրել էին իշխանությունից: Ինձ ցնցել էր, թե ինչ էր այդ գրությունը նշանակում Ամերիկայի հեռանկարի և առաջնահերթությունների համար. որ Աֆղանստանին վիճակված է ևս մեկ անգամ մոռացության մատնվել: Դա անհանգստացնող հայտնություն էր և չարագուշակ նշան իմ ծննդավայրի ապագայի համար: Աֆղանստանի մասին ավելի ուշ կխոսեմ:
Մեկ օր անց այդ ամռանը ես ավարտեցի հիվանդի տեսակցությունը, վերադարձա իմ գրասենյակ ու տեսա, որ ձայնային փոստիս լույսը թարթում է: Հաղորդագրությունը Նյու Յորքից Էլեյն Քոսթեր անունով մի կնոջից էր: Նրա ուղերձը կարելի է այսպես ամփոփել. «Ես կարդացել եմ Ձեր ձեռագիրը: Թույլ տվեք, որ Ձեզ ներկայացուցիչը լինեմ: Ձեր գիրքը մեծ հաջողություն կունենա: Զանգահարե՛ք ինձ»: Առնվազն տասը անգամ լսեցի նրա հաղորդագրությունը, հետո հետ զանգահարեցի և ընդունեցի առաջարկը: Էլեյնը, որը, ցավոք, մահացավ 2010 թվականին, տպավորիչ կին էր: Նախկինում նա «Դաթոն» հրատարակչության նախագահն ու հրատարակիչն էր և աշխատել էր այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Ջոյս Քերոլ Օութսը և Թոնի Մորիսոնը: 1970–ականներին նա օգնել էր Սթիվեն Քինգին սկսելու իր կարիերան՝ որպես New American Library–ի հրատարակիչ ձեռք բերելով «Քերի» վեպի իրավունքները: Էլեյնը հենց այնպիսին էր, ինչպիսին պետք է լինի գրական գործակալը. հավատարիմ և նվիրված, մանրուքների նկատմամբ չափազանց ուշադիր, մայրական հոգատարությամբ պաշտպանում էր ինձ և իմ շահերը: Նա կարևոր դեր խաղաց իմ կարիերայում, և առանց նրա «Օդապարուկ թռցնողը» հաստատ չէր լինի:
Սեպտեմբերին Էլեյնը վաճառեց ձեռագիրը Riverhead Books–ին, որի հրատարակիչը Սյուզան Փիթերսեն Քենեդին էր՝ ևս մի առանցքային կերպար, որին ես երախտապարտ եմ: Riverhead–ում ես բախտ ունեցա աշխատելու Սինդի Շպիգելի հետ՝ մեծ հարգանք վայելող խմբագրի, որը խմբագրել էր Էն Լամոտի և Չանգ Ռեյ Լիի գրքերը: Ես ու Սինդին անմիջապես իրար հասկացանք ու մտերմացանք: Մենք մինչ օրս ընկերներ ենք: Սինդին ուշադիր էր մանրուքների նկատմամբ և անմիջական, բայց կառուցողական արձագանք էր տալիս: Սա չի նշանակում, որ անհամաձայնություններ չենք ունեցել: Երբեմն ես պաշտպանում էի իմ դիրքորոշումը, երբեմն զիջում էի նրա համոզիչ փաստարկներին: Շատ լավ հիշում եմ մեր ընկերական բախումներըը, որոնցից ամենաթեժը կապված էր գրքի վերջում կարևոր կերպարի մահվան հետ (եթե կարդացել եք, կհասկանաք, թե ում նկատի ունեմ): Կոնկրետ այդ հարցում ես զիջեցի և ուրախ եմ, որ այդպես արեցի:
Հետո, երբ երկու շաբաթ էր մնացել, որ վերանայված ձեռագրի վերջնական խմբագրումը վերադառնա Riverhead, փորձանք պատահեց: Մի օր աշխատանքից տուն վերադարձա և սարսափով հասկացա, որ վեպի ողջ միջին հատվածն անհետացել է: Հիշեցնեմ, որ 2000–ականների սկիզբն էր, և ես օգտագործում էի հին Mac համակարգիչ՝ ճկուն սկավառակներով: Ֆայլերը վնասվել էին, և ինչ էլ փորձեցի անել, դրանք այլևս ինձ անհասանելի էին: Իմ տեքստը հօդս էր ցնդել: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես սիրտս խուճապից թպրտաց կրծքումս, սառը քրտինքը հանկարծ պատեց մարմինս: Ես փլվեցի բազմոցին ու գլուխս կախեցի՝ չհավատալով տեղի ունեցածին: Ինչպե՞ս էի երկու շաբաթվա մեջ վերաշարադրելու վեպի մեկ երրորդը և միևնույն ժամանակ լրիվ դրույքով բժիշկ աշխատելու: Ի՞նչ էի ասելու Էլեյնին և Սինդիին:
Հաջորդ երկու շաբաթ ես տուն էի գալիս հիվանդանոցից, մեկ ժամ անցկացնում աղջկաս՝ Հարիսի հետ, որը դեռ չոչում էր, հետո նստում էի գրելու և փորձում վերականգնել կորցրածը: Բացառությամբ արագ հաց ուտելու՝ ես առանց դադարի գրում էի մինչև գիշերվա ժամը 2–ը, հետո անհագիստ քնում էի, արթնանում առավոտյան ժամը 6–ին և ևս երկու ժամ գրում, ապա մեքենայով գնում բուժհիմնարկ՝ հիվանդներիս մոտ: Այդ երկու շաբաթները լարված, հալումաշ անող ու սարսափելի էին, բայց ինչ–որ տեղ՝ նաև ոգևորիչ. առանց անվտանգության ցանցի լարախաղացության գրական համարժեքը: Այդ ժամանակվանից ի վեր, փառք Աստծո, նման բան չեմ զգացել:
Պարզվեց՝ տեխնիկական անսարքությունը, որը գողացավ գրքիս մեկ երրորդը, քողարկված օրհնություն էր: Իրականում ո՛չ Սինդիի, ո՛չ իմ սիրտը տաք չէր գրքի միջին հատվածի հանդեպ. ինչ–որ բան պակասում էր: Ավելի վաղ մարմնավորման մեջ Ամիրն ամուսնանում էր ԱՄՆ–ի միջին արևմուտքից Սյուզի անունով մի կնոջ հետ և արմատապես այլ կյանք էր վարում Ամերիկայում, քան այն, ինչ իմացան այս գրքի ընթերցողները: Վնասված սկավառակի ձախորդությունն ինձ հնարավորություն տվեց նորովի պատկերելու Ամիրի կյանքի «ամերիկյան» հատվածը: Հենց այդ երկու շաբաթվա մեջ ծնվեց Ամիրի հնավաճառների շուկայի սագան, որի հիմքում իմ հուշերն էին. 1980–ականների սկզբին ես հորս հետ աշխատում էի Սան Խոսեի հնավաճառների շուկայում և հին կարի մեքենաներ և թենիսի փայտե թիակներ էի վաճառում այլ աֆղանների կողքին, որոնց մենք ճանաչում էինք հայրենիքում մեր նախորդ կյանքից: Հենց այդ երկու տենդագին շաբաթների ընթացքում կյանք առան Սորայան, ահեղ գեներալ Թահերին և նրա կինը՝ Ջամիլան, և հիմնովին փոխեցին Ամիրի կյանքի հեռանկարը: Գիրքն ավելի խոր ու հարուստ դարձավ, և հապճեպ գրված այդ պարբերություններում են իմ սիրելի հատվածներից մի քանիսը, այդ թվում՝ քաղցկեղով հիվանդ Բաբայի պատկերը, որը կաղալով գնում է Ամիրի անունից խնդրելու Սորայայի ձեռքը, «վերջին հայրական պարտականությունը»: Խոստովանում եմ, որ այդ տեսարաններից մի քանիսը գրելիս աչքերս մշուշոտվում էին:
2003 թ–ի մարտին՝ «Օդապարուկ թռցնող»–ի հրատարակումից երեք ամիս առաջ ես 27 տարվա մեջ առաջին անգամ վերադարձա Աֆղանստան: Ես հեռացել էի Քաբուլից 11 տարեկանում: Վերադառնում էի որպես 38–ամյա տղամարդ և երկու երեխաների հայր: Աֆորիզմն ասում է, որ արվեստն ընդօրինակում է կյանքը: Իմ դեպքում հակառակն էր ճիշտ: Քաբուլի փողոցներով քայլելիս ես վերապրեցի զույգ հիշողություններ՝ իմը և նրանք, որոնք ստեղծել էի Ամիրի համար, երբ նա հասուն տարիքում վերադարձավ Քաբուլ: Ահա այն բլուրը, որը ես և եղբայրս բարձրանում էինք Քաբուլի օդանավակայանից ինքնաթիռների թռիչքը դիտելու համար: Բայց դա նաև այն բլուրն էր, որտեղ նռան բնի վրա փորագրված էին «Ամիր և Հասան՝ Քաբուլի սուլթաններ» բառերը: Ահա այն մարզադաշտը, որտեղ հայրս ինձ մի անգամ տարավ՝ բուզքաշի խաղը դիտելու, և որտեղ Ամիրը տեսավ, թե ինչպես են թալիբները մահապատժի ենթարկում երկու անհավատարիմ ամուսինների: Ամիրի պես ես էլ զգացի վերապրածի մեղքի կրծող ցավը և այն մղկտացող զգացումը, որ ես զբոսաշրջիկ եմ իմ ծննդավայրում: Ես Ամիրի պես ողբացի՝ տեսնելով փլատակները, մեռած ծառերը, անտանիք պատերը, երբեմնի ծաղկուն թաղամասերը, որոնք վերածվել էին փամփուշտներով ծակծկված, ավերված շենքերի: Ինչպես Ամիրի, այնպես էլ իմ մտքին եկան «նախկին ճոխություն» բառերը: Դա իմ կյանքի ամենահուզիչ և սյուրռեալիստական փորձառություններից մեկն էր:
«Օդապարուկ թռցնողը» հրատարակվեց այդ տարվա հունիսին և լուրջ գրախոսականներ ստացավ, իսկ վաճառքը ես մեծահոգաբար համեստ կանվանեմ, չնայած գթառատ և գեղեցիկ գովազդին, որը գրել էր մեծն Իզաբել Ալյենդեն (Աստված միշտ օրհնի նրան): Ես մեկնեցի ԱՄՆ–ում գրքի գովազդային շրջագայության, որը մեծ մասամբ ընկճող փորձառություն էր, իսկ արդյունքը կասկածի տակ դրեց գրքիս ապագա ճակատագիրը: Ես խոսում էի հիմնականում դատարկ գրախանութներում: Ամենադաժանը Նյու Մեքսիկոյի մեծ, սգավոր լռությամբ գրախանութն էր, որտեղ ասես ծաղրելու համար շարված էին մոտ 80 դատարկ աթոռներ: Երեք հոգի հայտնվեցին, նրանցից մեկը՝ քայլասայլակով տարեց տիկին, որը կեսից վեր կացավ, մինչ ես կարդում էի գիրքը, և սառած արագությամբ անցավ բեմի մոտով դեպի խանութի ելքը: Ականջներումս հավերժ կզրնգա այդ քայլասայլակի կտկտոցը: Երբ ընթերցանությունը ողորմածորեն ավարտվեց, գրավաճառի դեմքի կարեկցող արտահայտությունը ինքնին խոսուն էր:
Գրքի գովազդային շրջագայության բարձրակետը, եթե կարելի է այդպես ասել, Կալիֆոռնիայի Ֆրեմոնտում էր՝ քաղաքում, որտեղ ներգաղթել էին Բաբան և Ամիրը, Հյուսիսային Կալիֆոռնիայի աֆղանական համայնքի կենտրոնը: Միջոցառումը տեղի ունեցավ համայնքային կենտրոնում՝ մի մեծ սենյակում, որը լեփ–լեցուն էր աֆղան հայրենակիցներով: Երեկոն մանրապատկերն էր այն բանի, թե ինչպիսին են լինելու աֆղան համայնքի հարաբերությունները «Օդապարուկ թռցնող»–ի և ինձ հետ: Ամբոխի մեծ մասը եռանդուն աջակցություն ու հպարտություն արտահայտեց այն կապակցությամբ, որ ես առաջին աֆղանցի ամերիկացին էի, որը ժողովրդական լայն խավերի համար գրված վեպ է հրատարակել: Գրքի էջերում նրանք տեսան իրենց կյանքը և ուրախ էին, որ վեպը հակաթույն է ԶԼՄ–ներում Աֆղանստանի միագույն պատկերմանը, որպես քարանձավների և դաժան մորուքավոր մարդկանց երկիր:
Սենյակի շոշափելի հատվածը, սակայն, բացարձակ թշնամական էր: Ես զգացի, որ նրանք զայրացած են, և նույնիսկ որոշ չափով մտահոգվեցի իմ անվտանգության համար: Ինձ նետված մեղադրանքները հետաքրքիր միջակայք էին զբաղեցնում. ես շահամոլ էի, որն օգտագործում է աֆղանցիների տառապանքը գրպանները լցնելու համար. ես մոլեռանդ էի, որը էթնիկ փուշթունների դեմ ատամ ունի. ես համագործակցում էի Կենտրոնական հետախուզական վարչության հետ և գրել էի գիրքը Ջորջ Բուշի արտաքին քաղաքականությանը աջակցելու համար: Մի կին ոտքի կանգնեց և պնդեց, որ «այս մեղքը քավելու» միակ ձևը գրքերի վաճառքից վաստակածս յուրաքանչյուր լուման Աֆղանստանի մարդկանց նվիրաբերելն է: Գերակշռող դժգոհությունը գրքում Աֆղանստանի էթնիկ հակամարտությունների պատկերումն էր:
Հետաքրքիր է, որ ոչ ոք, նույնիսկ ամենակոշտ քննադատները երբևէ կասկածի տակ չդրեցին իմ գրածի ճշմարտացիությունը: Սենյակում ներկաները գիտեին Աֆղանստանում էթնիկ անհավասարության լավ փաստագրված պատմությունը, հատկապես հազարաների՝ հիմնականում շիա մահմեդական փոքրամասնության մասին, որոնք երկար ժամանակ եղել են ճնշված, հալածված, ծաղրված, որոնց արգելվել է մուտք գործել աֆղանական հասարակության վերին օղակներ: Աֆղանների շրջանում բոլորը այնքան լավ գիտեն սրա մասին, որ սա փաստելը կլիշե է: Իմ դեմ ուղղված մեղադրանքը ավելի շուտ «աղբը տնից հանելու» մեջ էր, այսինքն՝ ինչո՞ւ պետք է աշխարհին ցույց տայի աֆղանական կյանքի բացասական կողմերը: Անշուշտ, դա երբեք իմ մտադրությունը չի եղել: Ես սադրիչ չեմ: Այս գիրքը գրելիս ես փորձել էի պատկերել Աֆղանստանն իր ողջ բարդությամբ. երկրի հարուստ ավանդույթները, ազգային ոգու պոեզիան, գեղեցկությունը, ինչպես նաև բարդ ու խնդրահարույց դինամիկան, որը մինչ օրս շարունակում է քայքայել աֆղանական կյանքի կարևորագույն ասպեկտները կողմերը: Դա արջի ծառայություն կլիներ իմ ընթերցողներին և դավաճանություն իմ՝ որպես գրողի նկատմամբ, եթե անտեսեի դա: Բորբոքված ամբոխը իրականում քարոզչություն էր ուզում, որտեղ Աֆղանստանը կերևա որպես հպարտ երկիր՝ լի հպարտ մարդկանցով, որոնք հերոսական արարքներ են գործում: Դրանով ես, իհարկե, հետաքրքրված չէի: Վիպասանի գործը չէ մխիթարել, վեհացնել կամ մաքրագործել: Ավելի շուտ նրա գործն է անհարմար մտքեր առաջացնել, քննել այն, ինչը մարդուն գիշերը արթուն է պահում, ուսումնասիրել ցավալի խզվածքները և փորձել ողորմածություն ու հույս գտնել:
2003 թվականի իմ երկշաբաթյա շրջագայությունից հետո ես եկա տուն և վերադարձա կլինիկայում իմ հիվանդների մոտ: Կյանքը կրկին սկսեց նախկին հունով ընթանալ, և մոտ մեկ տարի ավելի ամեն ինչ հանգիստ էր: Ծնվեց երկրորդ դուստրս՝ Ֆարան: «Օդապարուկ թռցնողը» մեծ աղմուկ չէր հանում, և չնայած ես խորապես հպարտ էի վեպով, հանձնվեցի այն իրականությանը, որ ի վերջո այն պարզապես հերթական գիրքն է գրքերի ծովում: Ես կրկին ամուսին էի, հայր ու բժիշկ:
Այնուհետև 2004 թ–ի աշնանը՝ ԱՄՆ–ում փափուկ կազմով հրատարակվելուց մի քանի ամիս անց ինչ–որ տարօրինակ բան սկսեց տեղի ունենալ: Ես մտնում էի տեղական սրճարաններ և նկատում էի, որ մարդիկ կարդում են գիրքը: Սկսեցի հրավերներ ստանալ՝ ելույթ ունենալու գրադարաններում, համալսարաններում և երկրի համայնքային ընթերցանության ծրագրերում: Մի անգամ ինքնաթիռում նստեցի միջին տարիքի մի կնոջ կողքին, որը կարդում էր գրքի փափուկ կազմով տարբերակը և աչքերը չորացնում: Մտածեցի ներկայանալ, բայց իմ բնական ամաչկոտությունը թույլ չտվեց:
Թե ինչու «Օդապարուկ թռցնողը» այդքան հայտնի դարձավ, ինձ համար լիովին պարզ չէ, բայց դատելով նամակներից, որոնք ես ստացել եմ վերջին երկու տասնամյակների ընթացքում, կարող եմ տեղեկացված գուշակություն անել: Ընդհանրական բան կա տղայի այս պատմության մեջ, որն իրեն ոչ լիարժեք է զգում և տենչում է հոր սերը: Ամիրը խորապես թերարժեք է. նա կարող է կատաղեցնել, նրա վախկոտությունն ու կեղծավորությունը երբեմն սարսափելի են: Բայց կարծում եմ, որ նա միշտ ճանաչելիորեն մարդկային է: Նա ապրում է աշխարհում՝ գիտակցելով իր սխալներն ու անհաջողությունները: Դրանք հետապնդում են նրան դեռահասության շրջանում և հասուն տարիքում: Նա գիտի, որ իր ավելի վեհ տարբերակը առջևում ինչ–որ տեղ է, բայց այն հեռու է, ճանապարհը՝ անվստահելի, և այնտեղ հասնելու համար պետք է հավաքի այն քաջությունը, որ, ցավոք, պակասում էր մանկության տարիներին: Չնայած մենք խորշում ենք Ամիրի արարքներից, մեր սիրտը ցավում է նրա համար գուցե այն պատճառով, որ նրա մեջ մենք որոշ չափով գտնում ենք մեր արտացոլանքը. բոլորս ուզում ենք դառնալ այդ ավելի վեհ ես–ը: «Օդապարուկ թռցնողը» հայտնվեց New York Times–ի բեսթսելլերների ցուցակում 2004 թվականի սեպտեմբերին՝ լույս տեսնելուց տասնհինգ ամիս անց, և անհավանականորեն երկար ժամանակ մնաց այնտեղ:
Թեև սա հրաշալի զարգացում էր իմ գրական կարիերայի համար, այն անակնկալ կերպով բարդացրեց իմ բժշկական պրակտիկան: Յուրաքանչյուր հիվանդին ես պետք է քսան–երեսուն րոպե հատկացնեի, բայց նկատեցի, որ այդ ժամանակի անհամաչափ մեծ մասը պատասխանում եմ Ամիրի և Հասանի մասին հարցերին և ստորագրում «Օդապարուկ թռցնող»–ի օրինակները՝ կրճատելով այտուցված կոճերը և նստաջղի բորբոքումը բուժելու ժամանակը: Ես հասկացա, որ պետք է ընտրություն կատարել, ընտրություն, որն ինձ ավելի պարտադրեց այն փաստը, որ աշխատում էի իմ երկրորդ՝ «Հազար չքնաղ արևներ» վեպի վրա, որի վերջնաժամկետը մոտենում էր: 2004 թ–ի դեկտեմբերին ես հրաժեշտ տվեցի բժշկությանը և լրիվ դրույքով նվիրվեցի գրելուն:
Այսքան տարի անց ես խորապես երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ «Օդապարուկ թռցնողը» արել է իմ կյանքում: Այն ինձ թույլ է տվել շարունակել իմ ողջ կյանքի սերը՝ ստեղծագործելը որպես կարիերա: Ես մեծ հարգանք եմ տածում բժշկական մասնագիտության նկատմամբ, և ինձ համար պատիվ է, որ հիվանդներս վստահել էին ինձ իրենց առողջությունն ու բարեկեցությունը, բայց բժշկությունը երբեք իմ իրական կոչումը չի եղել: Գրելն էր իմ առաջին սերը, դպրոցական կիրքս, և սիրած գործով ապրուստ վաստակելը հսկայական արտոնություն է:
Բայց ամենից շատ ես երախտապարտ եմ, որ «Օդապարուկ թռցնողը» ողջ աշխարհում փոխել է ընթերցողների տեսակետը Աֆղանստանի մասին և երկրին անծանոթ մարդկանց առաջարկել ավելի մարդկային, երանգավորված ու բազմաշերտ դիմանկար: Երկար ժամանակ Աֆղանստանի մասին պատմությունները պտտվում էին պատերազմի, տեղահանության, սովի, ծայրահեղականության, կանանց ու աղջիկների նկատմամբ դաժան վերաբերմունքի շուրջ: Ցավոք սրտի, այդ պատմություններից շատերը ցայսօր մնում են արդիական, բայց դրանք Աֆղանստանի մասին միակ ճշմարտությունը չեն: Ուրախանում եմ, երբ նամակներ եմ ստանում Իտալիայի, Հնդկաստանի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Բրազիլիայի և այլ տարածաշրջանների ընթերցողներից, որոնք նորովի են ընկալում Աֆղանստանը և դրա հարուստ պատմությունը, երկրի անզուգական գեղեցկությունը և հաճախ դժվար կացության մեջ գտնվող ժողովրդի խոնարհ, բանաստեղծական հոգին:
«Օդապարուկ թռցնողը» նաև հնարավորություն տվեց ինձ 2008–ին ստեղծելու իմ հիմնադրամը՝ օգնելու աֆղան կանանց և երեխաներին կրթության, առողջապահության և տնտեսական հնարավորությունների հարցում: Ես հպարտ եմ այն աշխատանքով, որն մինչ այժմ արել է հիմնադրամը. մենք ապաստան ենք տվել ավելի քան 3000 մարդու, ֆինանսավորել հազարավոր երեխաների կրթությունը, որոնց մեծ մասը աղջիկներ են, աջակցել ենք կանանց գրագիտության ծրագրերին, մանկական կրթական ծրագրեր ենք ստեղծել երեխաներին աշխատանքից պաշտպանելու համար, ֆինանսավորել ենք ծննդատներ՝ նվազեցնելու մայրական մահացության աֆղանական պատուհասը: «Օդապարուկ թռցնողը» պատճառ դարձավ, որ 2006–ին ինձ հրավիրեցին ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՓՀԳ) որպես բարի կամքի դեսպան, որպեսզի պաշտպանեմ փախստականների և տեղահանված մարդկանց շահերը: Ինձ բախտ է վիճակվել այցելելու փախստականներին ողջ աշխարհում՝ լինի Չադը, Ուգանդան, Հորդանանը, Իրաքը, Սիցիլիան, թե Լիբանանը, նստելու ընտանիքների հետ, որոնց կյանքը դաժանորեն խորտակվել է հալածանքների և պատերազմի պատճառով: Որպես նախկին ապաստան հայցող՝ պատիվ եմ ունեցել հանդես գալ փախստականների անունից և խրախուսել կենսական ծրագրերի ու միջազգային հանրության կողմից ավելի կարեկից քաղաքականության ֆինանսավորումը:
Վայրերից մեկը, որը ես մի քանի անգամ այցելել եմ ՄԱԿ ՓՀԳ–ի հետ, իհարկե, Աֆղանստանն էր: Հարկ է նշել, որ երբ 1999–ի գարնանը առաջին անգամ սկսեցի գրել «Օդապարուկ թռցնողը» որպես պատմվածք, Աֆղանստանը գրեթե ամբողջությամբ վերահսկում էր թալիբների վարչակարգը: Եվ երբ հիմա՝ 2023 թվականին գրում եմ վեպի հրատարակման քսանամյակին նվիրված այս նախաբանը, թալիբները կրկին կառավարում են իմ ծննդավայրը: Սա ողբերգական հենակ է գրքի համար: Երկու տարի չանցավ, ինչ աշխարհի հեռուստաէկրաններին ցուցադրվեցին Քաբուլի օդանավակայանից ամերիկացիների խելահեղ դուրսբերման սարսափելի պատկերները, և Աֆղանստանը կանգնած է տնտեսական փլուզման եզրին: Ավելի քան 20 միլիոն աֆղանցիներ սննդի խիստ կարիք ունեն: Աֆղանստանի առողջապահական համակարգը փլուզվել է: Գործազրկությունը կտրուկ աճում է: Միլիոնավոր մարդիկ տեղահանվել են: Քովիդի համաճարակի և կլիմայի փոփոխության արդյունքում աֆղանցիների տառապանքը միայն աճել է:
Մինչդեռ թալիբները դրժել են իրենց խոստումը ու կրկին զրկել են կանանց աշխատանքի, ճանապարհորդելու և դպրոց հաճախելու հիմնարար իրավունքներից: Նրանք արգելել են կանանց աշխատել ՀԿ–ներում. որոշում, որը ոչ միայն ոտնահարում է կանանց արժանապատվությունը, այլև գալիք տարիներին աղետալի հետևանքներ կունենա հանրային առողջապահության ոլորտում: Այս զարգացումները իսկապես ճնշող déjà vu են: Մինչ տեսախցիկներն այլևս ուղղված չեն Աֆղանստանի վրա, և համաշխարհային ուշադրությունը տեղափոխվել է այլ տարածաշրջաններ (հատկապես Ուկրաինայի սարսափելի հակամարտությունը), կենսականորեն անհրաժեշտ է, որ սովորական աֆղանցիները, հատկապես կանայք ու աղջիկները, որոնք կրկին կկրեն թալիբների դաժան հրամանների բեռը, մոռացության չենթարկվեն: Միջազգային հանրությունը պետք է միջամտի և անհրաժեշտ քայլեր ձեռնարկի այս մոտալուտ և ահագնացող հումանիտար ճգնաժամի դեմ: Աֆղանստանի ժողովուրդն արդեն բավական տառապել է:
Եզրափակելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր, ձեռքս բռնած, անցել են ինձ հետ այս ուղին վերջին քսան տարիների ընթացքում: Առաջին հերթին, անշուշտ, իմ ընտանիքին, առանց որի աջակցության ես չէի կարող անել այս ամենի չնչին մասն անգամ: Ես խորապես պարտական եմ ողջ աշխարհի գործակալներին և հրատարակիչներին, որոնց խորհրդին և իմաստությանը ապավինել եմ այս վերջին քսան տարիներին: Շնորհակալություն եմ հայտնում անթիվ գրադարանավարներին և գրավաճառներին, որոնք անդուլ պաշտպանել են այս վեպը այն ժամանակ, երբ քչերն էին այն կարդում: Ամենաշատը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ընթերցողներին: Շնորհակալություն Ամիրին ու Հասանին և վեպի մնացած դերակատարներին ընդունելու համար: Շնորհակալ եմ այս տարիների ձեր անհամար նամակների համար, որոնցում պատմել եք ինձ, թե ինչպես են այս կերպարները խոսում ձեզ հետ և ինչպես են թեկուզ փոքր–ինչ օգնել փոխելու ձեր պատկերացումը Աֆղանստանի և նրա ժողովրդի մասին: Ինչպես ասում են դարի լեզվով՝ թաշաքո՛ր: Մաղթում եմ բոլորիդ ուրախություն, խաղաղություն և հաճելի ընթերցանություն գալիք տարիներին:
Խալեդ Հոսեյնի
2023 թվականի մարտ
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի