Զամբյուղ

Վիրտուալ սեր ու ինքնության փնտրտուք․ զրույց թարգմանչի հետ

Սխալ մուտքագրված մեկ տառ, և Էմմի Ռոթների էլեկտրոնային նամակները հայտնվում են hոգելեզվաբան Լեո Լայքեի փոստարկղում: Լեոն, այնուամենայնիվ, պատասխանում է, և սկսվում է նամակների զվարճալի փոխանակում, որը դառնում է ավելի ու ավելի անձնական․․․
Մայիսի 20, 2025 | Սյուզան Չիչակյան

Կա՞ արդյոք ավելի պաշտպանված և միևնույն ժամանակ անպաշտպան տարածք, քան վիրտուալը։ Դանիել Գլաթաուերի «Լավագույնը Հյուսիսային քամու դեմ» վեպում իրադարձությունները ծավալվում են հենց այս տարածքում։

Սխալ մուտքագրված մեկ տառ, և Էմմի Ռոթների էլեկտրոնային նամակները հայտնվում են hոգելեզվաբան Լեո Լայքեի փոստարկղում: Լեոն, այնուամենայնիվ, պատասխանում է, և սկսվում է նամակների զվարճալի փոխանակում, որը դառնում է ավելի ու ավելի անձնական․․․

Ժամանակակից գրականության ամենադյութիչ և խորիմաստ սիրային երկխոսություններից մեկը համարվող վեպի տողատակերը փորձել ենք բացահայտել նույն հեղինակի այս և «Զանգակ» հրատարակչության ավելի վաղ լույս ընծայած «Հավերժ քոնը» վեպերի թարգմանիչ Լիանա Սաֆարյանի հետ զրույցում։

— «Լավագույնը հյուսիսային քամու դեմ» վեպը Դանիել Գլաթաուերի արդեն երկրորդ ստեղծագործությունն է, որը թարգմանել եք մեզ հետ համագործակցությանբ։ Ե՞րբ եք ծանոթացել հեղինակի գործերին, ի՞նչն է Ձեզ գրավել նրա ստեղծագործություններում՝ որպես ընթերցողի և որպես թարգմանչի։ Ի՞նչու որոշեցիք երկրորդ անգամ անդրադառնալ այս հեղինակին։

— Դանիել Գլաթաուերի ստեղծագործություններին ծանոթացել եմ 2010 թվականին, երբ սկսեցի ղեկավարել Ֆրանց Վերֆելի անվ․ ավստրիական գրադարանը և գերմանալեզու գրականության մեջ մեծ հետաքրքրությամբ հետևում էի ժամանակակից գրողների ստեղծագործություններին։ «Լավագույնը հյուսիսային քամու դեմ»  վեպը գրողի առաջին գործն էր, որը կարդացել եմ, այն իր ձևով և լեզվական կառուցվածքով, միանգամից գրավեց ուշադրությունս։  Ինձ համար բացահայտեցի մի նոր գրական տարածք, որտեղ մարդկային հարաբերություններն ու զգացմունքները ներկայացվում են հնարավորինս անկեղծ, բնական և խորապես հոգեբանական շերտերով։ Որպես ընթերցող՝ վեպն ինձ գրավեց իր հուզական անկեղծությամբ և գրողին հատուկ նուրբ հումորով, իսկ որպես թարգմանիչ՝ հատկապես հետաքրքրեց ձևաչափը՝ էլեկտրոնային նամակագրության կառուցվածքով տեքստը, որը պահանջում էր հատուկ մոտեցում։ Մեծ ցանկություն ունեմ հեղինակի այլ գործեր ևս թարգմանել հատկապես «Լավագույնը հյուսիսային քամու դեմ» վեպի շարունակությունը։ 

— Եթե համեմատելու լինենք «Հյուսիսային քամու դեմ» և «Հավերժ քոնը» վեպերը, ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կառանձնացնեք։ Ո՞ր գիրքն է Ձեզ ավելի սրտամոտ։

Երկու վեպերն էլ վկայում են Գլաթաուերի գրական տեսլականի մասին՝ այն, որ ժամանակակից մարդու ներաշխարհն ու փոխհարաբերությունների դինամիկան բարդ են, խոցելի ու անկանխատեսելի։ Եթե «Հյուսիսային քամու դեմ»–ում գերակշռում է նրբագույն հուզական լարումը, ներհայեցումը և մի տեսակ խաղային է, ապա «Հավերժ քոնը»–ում առաջ են քաշվում առավել գոյաբանական հարցեր՝ կապված միայնության, խոցելիության հետ։ Երկու վեպերում էլ կենտրոնում մարդն է՝ իր ցանկություններով, ձգտումներով և վախերով։ Բայց լեզվական ու կառուցվածքային առումով դրանք խիստ տարբեր են։ Եթե առաջինում կա թեթևություն և դինամիկա, ապա երկրորդը պահանջում է ավելի դանդաղ ընթերցում ու խոր իմաստային ներթափանցում։ Անձամբ ինձ համար՝ «Հյուսիսային քամու դեմ»–ը սրտամոտ է իր խոցելի, նուրբ հումորով, լեզվական կենդանությամբ և մի տեսակ «չավարտվածության» տրամադրությամբ, որն ընթերցողին թողնում է երկար ժամանակ մտածմունքի մեջ։

 — Վեպը գրված է էլեկտրոնային նամակագրության ձևաչափով՝ բնական ու կենդանի լեզվով։ Դժվարություններ ունեցե՞լ եք այդ լեզվական «բնականությունը» հայերենում պահպանելու հարցում։ Թարգմանական ի՞նչ մարտահրավերների բախվեցիք։

— Այո, դա թերևս ամենախնդրահարույց կողմերից մեկն էր։ Գլաթաուերի լեզուն արտաքինից թեթև ու խոսակցական է թվում, սակայն իրականում ունի խոր կառուցվածք՝ ենթատեքստերով, նուրբ ենթատոնայնությամբ, հումորով ու զգացմունքային տատանումներով։ Նամակագրության ձևաչափը պահանջում է, որ կերպարներն ունենան հստակ անհատական լեզվական դիմագիծ, և այդ խոսակցական ինքնատիպությունը պետք է վերարտադրվի հայերենում նույն ոճական նրբությամբ։ Մարտահրավեր էր նաև ժամանակակից գերմաներենում առկա լեզվական խաղերի, հեղինակային զուգադրությունների, պարբերության կառուցվածքի և երանգային նրբերանգների փոխանցումը։ Շատ տեղերում պետք էր զգուշորեն «լսել» հերոսներին, զգալ, թե ինչպես կխոսեին նրանք հայերեն՝ իրենց բնավորությանը համահունչ։

— Խոսենք նաև վեպի բովանդակային առանձնահատկություններից։ Գործ ունենք նուրբ և հոգեբանորեն բարդ թեմաների հետ։ Թարգմանելիս արդյո՞ք Ձեր մեջ ձևավորվեց որոշակի անձնական հարաբերություն հերոսների հետ։ Հնարավո՞ր է՝ կերպարներից մեկն ավելի շատ շահեց Ձեր համակրանքը։

— Երբ երկար ժամանակ «ապրում» ես կերպարների հետ նրանց լեզվի, մտածողության և հույզերի տարածքում, անհնար է, որ չձևավորվի մի տեսակ ներքին կապ։ Էմմին և Լեոն երկու տարբեր աշխարհներ են, մեկը՝ աշխույժ, բառախաղերով հարուստ, զգացմունքային, երբեմն նույնիսկ հախուռն, մյուսը՝ զուսպ, տրամաբանող, կասկածամիտ, բայց խորքային։ Թերևս ինձ ավելի մոտ է Լեոյի կերպարը՝ իր վերլուծական մտածողությամբ, ներքին լռությամբ ու երկմտանքով։ Բայց Էմմին իր անկանխատեսելիությամբ ու հոգեբանական հակասություններով նույնպես գրավիչ կերպար է։ Թարգմանելիս հաճախ զգում էի, որ ես ոչ թե պարզապես վերարտադրում եմ նրանց խոսքը, այլ ինքս մասնակցում եմ նրանց զրույցներին և լռությանը։

— Թվում է՝ Էմմին և Լեոն առերևույթ չեն դժգոհում իրենց կյանքից։ Ձեր կարծիքով ինչո՞ւ որոշեցին զուգահեռ՝ վիրտուալ իրականության մեջ նոր հարաբերություն սկսել։ Եվ ի վերջո որտե՞ղ էին նրանք ավելի իրական՝ կյանքում, թե՞ նամակներում։

— Այդ հակադրությունը վեպի առանցքային գաղափարներից է։ Կերպարներն ունեն «կյանք» սոցիալական իմաստով՝ ընտանիք, աշխատանք, շրջապատ, բայց չունեն լիարժեք հոգեբանական ներկայություն։ Նամակագրության միջոցով նրանք սկսում են կառուցել մի տարածք, որտեղ կարող են լինել այնպիսին, ինչպիսին իրապես զգում են։ Վիրտուալ հարաբերությունն այստեղ դառնում է ճշմարտության տարածք։ Նամակներում նրանք հաճախ ավելի բաց ու անկեղծ են, քան իրական կյանքում։ Այս իմաստով  նրանք առավել իրական են իրենց թվային երկխոսություններում, որովհետև այնտեղ իրենք իրենց սահմաններից դուրս են գալիս՝ դիմակազերծվում են։

— Չբացելով ամբողջական բովանդակությունը՝ կարելի է նշել, որ վեպում կան սահմանային թեմաներ, որոնք կարող են տարբեր կերպ ընկալվել հայ ընթերցողի կողմից։ Ըստ Ձեզ՝ սա վեպ է սիրո՞, մենությա՞ն, թե՞ դավաճանության մասին։

—Միգուցե՝ բոլորը միաժամանակ։ Բայց հիմնական շեշտադրումը կանեի մենության վրա՝ այն մենության, որին մարդը կարող է ենթարկվել նույնիսկ ամենասերտ հարաբերությունների ներսում։ Սերը այստեղ ներկայացված է ոչ իդեալականացված, ոչ հեքիաթային ձևով։ Դա իրականություն է՝ իր բոլոր կասկածներով, երկմտություններով, ցնցումներով։

Դավաճանության թեման նույնպես առկա է, բայց ոչ ավանդական ընկալմամբ։ Այն ավելի շատ վերաբերում է ինքնադավաճանությանը՝ երբ մարդը հրաժարվում է սեփական ցանկություններից, հույզերից կամ հակառակը՝ դրանց հետևում է՝ վտանգելով իր միջավայրը։ Սա վեպ է առաջին հերթին հոգեկան ընտրության ու պատասխանատվության մասին։

— Լեոն և Էմմին պարբերաբար կանգնում են հարցի առաջ՝ արդյոք իրենց կապը պատահականություն էր, թե՞ այն ունի շարունակության իրավունք։

— Կարծում եմ՝ ամեն պատահականություն որոշակի իմաստով կանխորոշված է ճակատագրով։ Երբ մարդը ներքուստ պատրաստ է լսելու, պատասխանելու, խոցելի լինելու, ապա պատահական նամակն արդեն դառնում է ճակատագրական հանգրվան։ Այդ մի նամակը, որքան էլ աննշան թվա, կարող է բացել խոր հոգեբանական շերտեր և դառնալ յուրահատուկ կապի սկիզբ, որը ենթադրում է շարունակություն։

 — Ո՞վ է այս գրքի թիրախային ընթերցողը։ Երիտասա՞րդ, թե՞ հասուն, կին է, թե՞ տղամարդ։

— Այս վեպը տարիքային կամ սեռային հստակ սահմանում չունի։ Այն կկարդան թե՛ երիտասարդները, թե՛ հասուն տարիքի ընթերցողները։

Չէի ցանկանա տարանջատել երիտասարդ և ավագ սերնդին։ Համարձակվեմ ասել, որ երիտասարդներն ավելի շուտ կնկատեն սիրո որոնման, ինքնության ձևավորման ու ազատության թեմաները։ Հասուն ընթերցողները կգնահատեն ներանձնային հարաբերությունների խորությունը, սիրո նրբերանգներն ու պատասխանատվության խնդիրը։

Կին և տղամարդ ընթերցողները տարբեր տեսանկյուններից կմեկնաբանեն  հերոսների վարքը, բայց առանցքային զգացմունքները՝ սերը և կարոտը, մենությունը, հուզական անորոշությունը, համամարդկային են և բոլորին հասկանալի։

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին