Ի՞նչն է պայմանավորում մարդկանց անհատական տարբերությունները, ինչպե՞ս են դրանք ձևավորվում ու դրսևորվում, և ի՞նչ մեթոդներով կարելի է ուսումնասիրել ու գնահատել դրանք։ Այս և այլ հարցերի է անդրադառնում Սուսաննա Փիլոյանի «Դիֆերենցիալ հոգեբանություն» ուսումնամեթոդական ձեռնարկը՝ համադրելով հոգեբանության տեսական հիմնադրույթներն ու հետազոտման գործնական մոտեցումները։
Ձեռնարկում համակողմանի ներկայացված են անհատական տարբերությունների վերաբերյալ պատկերացումները տարբեր պատմական ժամանակաշրջաններում, դիֆերենցիալ հոգեբանության ձևավորման և զարգացման փուլերը, ինչպես նաև գիտակարգի ուսումնասիրության հիմնական մեթոդները։
Առանձին անդրադարձ է կատարվում մարդու անհատական, անձնային, իմացական, հուզակամային և էթնիկական կառույցներին, դրանց զարգացման առանձնահատկություններին, անձի ակտիվության աղբյուրներին և անհատական տարբերությունների ուսումնասիրման մեթոդիկաներին։
Ներառված մեթոդիկաների մի մասը տեղայնացվել է, մյուս մասը անցել է թարգմանության, հետթարգմանության և կրկնակի խմբագրման փուլեր՝ ապահովելով դրանց կիրառման գիտամեթոդական հիմքերը։ Ուսումնական նյութն ու ներկայացված մեթոդիկաները փորձարկվել են Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ–ի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում: