Զամբյուղ

Ինչպիսի՞ ապագա կընտրեիք անցյալում

Այժմ մենք Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհում» ենք, որտեղ մարդիկ արհեստական միջոցներով խուսափում են հոգեկան ցավերից ու իրականությունից: Մինչդեռ «Դյունը» մեզ հուշում է գենետիկ փոփոխության ու կենսաբանական վերահսկման սպասվող ապագայի մասին:
Հոկտեմբերի 16, 2024 | Կարին Գրիգորյան 

Երևակայական աշխարհները չափազանց գայթակղիչ են: Դրանք թվում են ամպային ու հոկտեմբերի մայրամուտից շառագունած հայկական տուֆի պես վարդագույն:

Երևակայական աշխարհների կամ հասարակությունների մասին պատմող վեպերը, ճիշտ հակառակը, աղետի զգացողության, վախի ու հիացմունքի տեղատարափ են ընթերցողի գլխին: Այդպիսին են Օլդոս Հաքսլիի Չքնաղ նոր աշխարհ և Ֆրենք Հերբերթի Դյուն վեպերը. երկուսի դեպքում էլ «Զանգակ» հրատարակչությունն ունեցել է հայերեն թարգմանելու և հրատարակելու պատիվը:

Վեպերին զուգահեռ անդրադառնալու գաղափարը ծնվեց հենց բովանդակությունից. երկու հատուկ նյութ–խորհրդանիշ կա դրանցում. մելանժը՝ Դյուն վեպում, և սոման՝ Չքնաղ նոր աշխարհ վեպում:

Այս անունները զգացական տպավորություն թող չառաջացնեն: Մելանժը Մելսիկ ու Անժելա անունների հապավումը չէ, որ կարդացել ենք ինչ–որ տեղ՝ խանութի ցուցանակին, իսկ Սոման՝ պոետ Չարենցի 1918 թ. պոեմը, որից նաև մեզանում ի հայտ է եկել Սոմա իգական անձնանունը: Դա կմնա զուտ հայկական իրականություն: Եկե՛ք զանցենք այն ու մի պահ հիշենք Մատրիցա հայտնի ֆիլմի սյուժեն:

Մատրիցայում մարդիկ ապրում են վիրտուալ իրականության մեջ, որը ստեղծված է չարթնանալու և գոյության իրականությունը չգիտակցելու համար։ Ֆիլմում «կապույտ հաբը» նման է սոմային, քանի որ թույլ է տալիս մնալ Մատրիցայի պատրանքի մեջ՝ բավարարված և անտեղյակ իրականությանը։ «Կարմիր հաբը» առնչվում է արթնացման և վերահսկողությունից դուրս գալու գաղափարին, ինչպես մելանժն է տալիս գիտակցության ընդլայնված վիճակ, բայց նաև լի է վտանգավոր հետևանքներով։

Ինչպես ֆիլմում, այնպես էլ ոչ պակաս հայտնի վեպերում՝ Չքնաղ նոր աշխարհ և Դյուն, մելանժն ու սոման ծառայում են որպես անհատների և հասարակությունների վերահսկման միջոց՝ ստեղծելով կախվածություն կամ հնազանդություն։

Մելանժը երկարացնում է կյանքը և ընդլայնում գիտակցությունը, սակայն կարող է նաև հանգեցնել ծանր հետևանքների, քանի որ ստեղծում է ուժեղ հոգեկան կապ իրականության և երազային պատկերների միջև։ Մելանժի կախվածությունը և դրա ուժը կարող են մարդկանց վերածել գերբնական էակների: Ինչպես Դյունի թարգմանիչ Մարիա Սադոյանն է հուշում՝ վեպի կերպարներից Փոլն ասում է, որ մելանժը՝ համեմունքը, չի կարող սպանել քեզ, եթե ՉԴԱԴԱՐԵՍ ընդունել:

Սոման օգտագործվում է մարդկանց տրամադրությունը բարձրացնելու և նրանց ցանկացած հուզական կամ հոգեբանական սթրեսից ազատելու համար։ Սոմայի օգտագործման հետևանքով մարդիկ չունեն խոր հոգեբանական փորձառություններ կամ զարգացման կարիք։  

Արժե նշել, որ 1931 թվականինին Հաքսլին կարիք չի զգացել առանձնահատուկ տեսքով օժտելու հաբին: Սոման առանց գույնի կամ ձևի փոքրիկ հաբ է՝ սինթետիկ դեղամիջոց։ Իսկ Հերբերթը 1965 թվականին շքեղ նկարագրություն է շնորհում մելանժին: Վերջինս հայտնի է իր առանձնահատուկ նարնջակարմրավուն երանգով, ունի ցողունավոր կառուցվածք, հաճախ փոշու տեսքով է։ Փայլում է և նման է ինչ–որ կախարդական նյութի, գոյանում է միայն Արրակիս մոլորակի ավազների տակ: Ունի յուրահատուկ խեժի ու դարչինի համուհոտ, կախվածություն ունենալու դեպքում փոխում է մարդու աչքերի գույնը՝ դարձնելով վառ երկնագույն: Ակնհայտ է, որ առարկայի ակնառուացումը կարևոր է դարձել:

Դյուն–ում մելանժ օգտագործողները դառնում են ավելի գիտակից իրենց շրջապատի և ապագայի նկատմամբ։ Չքնաղ նոր աշխարհ–ում սոման խանգարում է իրականության ըմբռնմանը։ Մատրիցա–ում կապույտ և կարմիր հաբերի ընտրությունը նման է մելանժի և սոմայի գաղափարներին՝ կա՛մ մնալ վերահսկման տակ, կա՛մ արթնանալ ու գիտակցել իրականությունը, ավելին՝ կանխագուշակել ապագան:

Եվ այսպես՝ մելանժը ընդլայնում է գիտակցությունը, սոման ճնշում է այն, իսկ Մատրիցան կեղծ իրականություն է ստեղծում։ Երեք դեպքում էլ իրականության ընկալումը փոփոխված է։
 

Հոգեբանական ազդեցությունները

Գուշակե՛ք. այժմ մենք ոչ թե Մատրիցայում ենք, այլ Հաքսլիի չքնաղ նոր աշխարհում, որտեղ կան բազմաթիվ միջոցներ, թմրանյութեր՝ հոգեկան լարվածությունից խուսափելու մշակույթի խորհրդանիշեր, ամենուր գերիշխող մշակույթ, որտեղ մարդիկ իրենց զգացմունքային և մտավոր ցավերը մեղմացնում են արհեստական միջոցներով՝ փորձելով չառերեսվել իրականությանը… այդ իմաստով սոման շատ ավելի ընկալելի է մեզ այսօր, քան մելանժը, քանի որ այն արդեն Հերբերթի նկարագրած նոր ապագայի մասին է:



Դյուն–ի մելանժը մեզ այսօր տանում է դեպի սպասվող ապագա՝ գենետիկ կերպափոխության ու կենսաբանական վերահսկման ոլորտներ:
 
Մելանժը մարդկանց շնորհում է բացառիկ ունակություններ՝ երկար կյանք, բարձր գիտակցություն և կանխատեսման ունակություն: Գենետիկ ընտրություն կատարում են Դյուն տիեզերքի Վերապատվելի մայրերը (այն էլ շատ ավանդական ձևով), որպեսզի ստանան Քվիզաց Հադերախ՝ գերմարդ: Թեև խոսքն ուղղակիորեն գենետիկ կերպափոխության մասին չէ, բայց ձևավորում է մարդկանց ունակությունները՝ համեմատելի այն ձևերի հետ, որոնցով հորմոնալ և գենետիկ միջամտությունները կարող են մոտ ապագայում փոփոխել մարդու հատկությունները։

Ժամանակակից գիտությունը զարգանում է. հորմոնալ թերապիան, գենետիկ խմբագրումը (CRISPR) և սինթետիկ կենսաբանությունը սկսել են տիրապետել անվնաս թվացող գործիքների, որոնք կարող են էականորեն վերափոխել մարդկանց: Ուզո՞ւմ եք ձեր երեխան կապուտաչ լինի և բնույթով խաղաղ՝ խնդրեմ, ստացե՛ք կերպափոխման Devoted փաթեթը: Այս անհանգիստ միտքը հնչում է նաև Յուվայ Նոյ Հարարիի Հոմո Սապիենս աշխատության մեջ:

Կենսաբանական բարելավման գաղափարը այսօր քննարկվում է տարբեր հարթակներում, և գենետիկ կամ հորմոնալ միջամտությունները կարող են ձևավորել մարդկանց՝ մելանժի ազդեցությանը բավականին մոտ եղանակներով:

Հորմոնալ թերապիան արդեն կիրառվում է բժշկության մեջ հատկապես ծերացման, նյութափոխանակության հիվանդությունների և ֆիզիկական կամ մտավոր ունակությունների բարձրացման համար: Գիտնականները քննարկում են հիվանդությունների բուժումը, մարդկային հատկությունների բարելավումը և նույնիսկ հաջորդ սերունդների գենետիկ փոփոխումները, որոնք կարող են երկարացնել կյանքը կամ ստեղծել նոր ունակություններ:

Առողջ ապրելակե՞րպ, թե՞ բիոհաքինգ

Այն, ինչը մենք կոչում ենք առողջ ապրելակերպ, շատ ավելի խորքային զարգացում է ստացել աշխարհում և կոչվում է բիոհաքինգ, թարգմանաբար՝ կենսահենություն:
Կենսահենության հիմնական նպատակներն են՝ ֆիզիկական բարելավում (առաջնային պատրաստվածություն), մտավոր հզորացում, կենսաբանական ինքնակարգավորում: Այս շարժման հետևորդները կիրառում են սպորտաձևեր, տարբեր սենսորներ ու սարքավորումներ, սննդային հավելումներ կամ դեղամիջոցներ՝ իրենց մարմնին ու մտավոր աշխատանքին հետևելու և դրանք լավարկելու համար: Արհեստական բանականությունն այսօր կանխատեսում է, որ կենսահենությունը կարող է դառնալ կենսաբանական էվոլյուցիայի մի նոր փուլ, որտեղ մարդիկ ոչ միայն կպահպանեն իրենց առողջությունը, այլև կկարողանան ստեղծել ֆիզիկական և մտավոր նոր հնարավորություններ՝ օգտագործելով տեխնոլոգիական և գիտական նորարարությունները: ԱՄՆ, Ռուսաստան, Կորեա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Հարավային Կորեա. հատուկ սննդակարգից ու մարզումներից մինչև սննդային հավելումներ ու մարմնին միասնացող էլեկտրոնային սարքավորումներ՝ կենսահեն շարժումն ի վերջո կտարածվի ամենուր ու մարդ տեսակից կփորձի քամել ու ստանալ առավելագույնը:

Վերջում չմոռանանք հիշեցնել, որ այս գերզգայուն թեմայի հիմքում Չքնաղ նոր աշխարհ և Դյուն  վեպերն են։  

Հոդվածում ներառված են հատվածներ արհեստական բանականության հետ զրույցից:

Սա ցնցող է՝ նկատում է Մարիա Սադոյանը: Չէ-որ Հերբերթի գլխավոր պատգամն է՝ «Մարդու նման մտածող մեքենա մի՛ ստեղծիր»:

Բաժանորդագրվիր մեր նորություններին