Սինգապուրն անցյալ օրերին կրթական նորարարությունների կենտրոն էր․ այստեղ էր անցկացվում հոբելյանական՝ տասներորդ «EDUtech Asia 2025» միջազգային համաժողովը։
«Բացահայտել կրթական ոլորտի անսահմանափակ ներուժը արհեստական բանականության և տեխնոլոգիաների միջոցով» թեմայով համաժողովը Սինգապուրում էր մեկտեղել ավելի քան 8 000 մասնակцի, 450 խոսնակի և 250 ցուցադրող ընկերության ամբողջ աշխարհից։
Կրթական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ տարածաշրջանային միջոցառման շրջանակում Հայաստանը ներկայացնում են «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, ֆինանսական տնօրեն Մաշա Մնացականյանը և ուսումնական ծրագրերի ղեկավար Անի Հարությունյանը։ Աշխատանքային այցով Սինգապուրում է նաև դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը։
Այսօր արհեստական բանականության դերը ուսումնական գործընթացում պակաս կարևոր չէ, քան մարդունը։ Այս զարգացումների համատեքստում ինչպե՞ս պետք է փոխվի սովորելու իմաստը։ EDUtech Asia 2025-ի առանցքում այս հարցն էր։ Կրթության ոլորտում արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների անսահմանափակ հնարավորությունները բացահայտելու համար համաժողովի շրջանակում քննարկվում են խիստ արդիական թեմաներ, ինչպիսիք են կրթական կառավարման թվային ռազմավարությունները, արհեստական բանականության ազդեցությունը ուսուցման վրա, ուսուցիչների վերապատրաստման ու թվային հմտությունների զարգացումը, տվյալների անվտանգությունն ու կրթական հավասարությունը և այլն։ Պանելային քննարկումներից բացի՝ կազմակերպվեցին վարպետության դասեր, աշխատաժողովներ և փորձի փոխանակման բաց հարթակներ, որոնք անդրադառնում են «ԱԲ-ն և սովորողի անհատական ուղին», «Ուսուցչի նոր դերը թվային կրթության դարում», «Կրթությունը որպես համամարդկային արժեքների պահպանման դաշտ տեխնոլոգիական դարում» թեմաներին։
Համաժողովի շրջանակում «Զանգակ» հրատարակչությունը մասնակցեց «Գնահատումը ChatGPT-ի օրերում․ արդյոք մենք գնահատո՞ւմ ենք այն, ինչը կարևոր է» խորագրով Կլոր սեղան-քննարկմանը։ Աշխարհի յոթ երկրի կրթական հաստատությունների ներկայացուցիչներին ներկայացվեց Զանգակյան նոր հայեցակարգը, որը բուռն քննարկման առիթ դարձավ և ուրվագծեց համագործակցության իրատեսական հեռանկարներ՝ հիմնված փորձի փոխանակման և կրթական արժեքների վրա։
«EDUtech Asia 2025-ը վերահաստատեց, որ կրթությունը սահմաններ չճանաչող լեզու է․ այն միավորում է տարբեր ազգության և տարբեր մշակույթներ կրող մասնագետների, որոնք հավատում են, որ ուսուցման կենտրոնում պետք է մնա մարդը՝ իր ստեղծագործական, քննադատական մտածողությամբ ու բարոյական արժեքներով։ Այս համատեքստում Զանգակյան նոր հայեցակարգը արժանացավ մեծ հետաքրքրության և դրական արձագանքի, որը ոչ միայն ուրախացնում է, այլև պարտավորեցնում շարունակել միջազգային երկխոսությունը կրթական փոփոխությունների շուրջ»,- ընդգծում է «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը։
Սինգապուրյան այցի ընթացքում կազմակերպվեց նաև այցելություն Westbourne International միջազգային (IB) դպրոցների ցանցի՝ Westbourne College Singapore դպրոց։ Տնօրեն Վահագն Վարդանյանը ներկայացրեց ուսուցման կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև Սինգապուրի կրթական համակարգի փիլիսոփայության առանցքային գաղափարները։