Զամբյուղ

Տոլտեկների մշակույթը և ժամանակակից ինքնօգնության սկզբունքները

Փոխօգնություն առաջարկող գրքերից շատերը որդեգրում են տարբեր հին մշակույթների, հոգևոր ուղղությունների, բնիկների հավատալիքների գաղափարներ: Որոշ հեղինակներ, օրինակ՝ Կառլոս Կաստանեդան, Դոն Միգել Ռուիսը, իրենց համարում են տոլտեկ ուսմունքի ժառանգորդներ:
Սեպտեմբերի 18, 2023 | Կարին Գրիգորյան 

Մոտիվացնող կամ ինքնօգնող գրականության տարածումը, տարատեսակ հավաքներն ու սեմինարները վկայում են, որ մարդկանց համար առաջնային նշանակություն են ստանում կյանքի իմաստի ու նպատակի որոնումը, ինքնաճանաչողությունն ու աճը, մտավոր առողջությունն ու բարօրությունը:

Այն, ինչ  կատարվում է աշխարհում, ստիպում է մարդկանց ներփակվել ու աշխատել անհատի զարգացման մակարդակում: Գրքերը՝ օգնական:

Փոխօգնություն առաջարկող գրքերից շատերը որդեգրում են տարբեր հին մշակույթների, հոգ
ևոր ուղղությունների, բնիկների հավատալիքների գաղափարներ, ներկայացնում գաղտնուսական կամ խորհրդապաշտական ավանդույթներ: Նման գրքերից է Դոն Միգել Ռուիսի հեղինակած «Չորս համաձայնությունները», որը լույս է տեսել 1997 թ․ և մեծ ոգևորությամբ է ընդունվել՝ թարգմանվելով ու տարածվելով աշխարհում:

Ռուիսը մեծ համբավ է վայելում ու ունի բազում հետևորդներ: Նա մեքսիկացի հոգևոր ուսուցիչ է, հանդես է գալիս ելույթներով և հարցազրույցներով, համարում է իրեն տոլտեկ մշակույթի կրող և տոլտեկ իմաստությանը հասանելիություն ունեցող անձ:

Տոլտեկ քաղաքակրթությունը մեսոամերիկյան հին քաղաքակրթություն է, որը Կենտրոնական Մեքսիկայում ծաղկում է ապրել 10−12−րդ դարերում և նշանակալի ազդեցություն է թողել տարածաշրջանի մշակութային դիմագծի վրա:

Տոլտեկների մշակույթը երբեմն համարվում է գաղտնուսական (էզոթերիկ), քանի որ դրա վերաբերյալ պատմական, փաստական և հնագիտական վկայությունները խիստ սահմանափակ են, և տոլտեկների մասին տեղեկությունների մեծամասնությունը մեզ է հասել ավելի ուշ զարգացում ունեցած քաղաքակրթությունների, օրինակ՝ ացտեկների միջոցով, որոնք հավանաբար իրենց լեգենդներն ու առասպելներն են ունեցել տոլտեկների վերաբերյալ: 

Բացի այդ՝ 20−21−րդ դարերի որոշ հոգևոր ուղղություններ որդեգրել են տոլտեկ եզրը և առնչում են այն իրենց հնագույն իմաստությանը, գաղտնուսական գիտելիքին և հոգևոր ուսմունքներին: Մի շարք ժամանակակից հեղինակներ և հոգևոր ուսուցիչներ, այդ թվում՝ Կառլոս Կաստանեդան, Դոն Միգել Ռուիսը, իրենց համարում են տոլտեկ ուսմունքի ժառանգորդներ:

Ռուիսի ծնողները եղել են տոլտեկների հնագույն ավանդույթները կիրառող հեքիմներ և հավանաբար ընտանիքի հիմնական զբաղմունքն ու տանը շրջանառվող պատմություններն են ոգեշնչել Ռուիսին: Այնուամենայնիվ, այն, ինչ նա անվանում է տոլտեկ իմաստություն, պետք է ընկալել որպես այդ հնագույն մշակույթի ժամանակակից մեկնաբանություններ, որոնք անձնական բնույթ  ունեն:


«Չորս համաձայնությունները» գրքից կարող եք մեջբերումներ կարդալ այստեղ:

 

Հեղինակ՝
Բաժանորդագրվիր մեր նորություններին