Զամբյուղ

Ողջույնի խոսք

Գիտելիք, հոգածություն, սեր
Մարտի 07, 2023 | Զանգակ

Մենք այստեղ ենք՝ գրքերի աշխարհում: Դո՞ւք էլ:

Այստեղ կարող ենք միմյանց օգտակար լինել՝ սկսած տեղեկություններ փոխանցելուց մինչև վստահելի գործընկերության հաստատում, որի հիմքում գրականության, ընթերցանության հանդեպ սերն է, միմյանց հանդեպ հարգանքն ու հոգածությունը:  

Կհիշե՞ք Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը, երբ ապագայի աշխարհն այլևս գրքերի կարիք չուներ, գրքերն ապրում էին մարդկանց մեջ: Մեր մեջ էլ կան ու ապրում են գրքեր. դրանք մանկությունից մեզ հետ են եղել, օգնել են ձևավորելու մեր ներաշխարհն ու անգամ արժեքային հորիզոնը: Մենք մարդիկ ենք, որոնց մեջ ապրում են գրքեր:  Ահա թե ինչն է մեզ միավորում:  

Մեր շուրջն, իհարկե, ամեն ինչ փոփոխվում է գիտաֆանտաստիկ արագությամբ: Հեղինակները՝ հայ, համաշխարհային, փորձում են որսալ իրենց ժամանակը: Իսկ մենք փորձում ենք զգալ գրականության վերստեղծած ժամանակը․ մենք՝ որպես հրատարակչություն, դուք՝ որպես ընթերցող կամ հասարակություն:

Ապրելու և առաջ ընթանալու համար պետք են գրքեր. ոչ միայն գրքերի աշխարհում, այլև բոլոր հնարավոր աշխարհներում հնարավորությունները ստեղծվում են գիտելիքի շնորհիվ: Եվ իրականանում են գիտելիքի շնորհիվ: «Զանգակ» հրատարակչությունն առհասարակ ստեղծվել է այս հավատամքով: 

Ի վերջո, ինչպե՞ս է հնարավոր դառնում գրելը, հրատարակելը, ընթերցելը: Երեք նախապայման առանձնացնենք՝ գիտելիքը, սերը և հոգածությունը: Մեր պատկերացումներում zangak.am-ը գիտելիքի, սիրո և հոգածության յուրատեսակ շտեմարան է:  

Այստեղ ենք կուտակելու մեր փորձը, ներկայացնելու հրատարակչության առկա տեսականին, ստեղծելու փոխադարձ կապի ու ծանոթության տարատեսակ հնարավորություններ, այստեղ ենք լինելու ամեն օր՝ սպասելով ձեր այցին, նամակին կամ արձագանքին:   

Կհանդիպենք: 
 
Չձանձրանա
՛ք: 
Ու չտխրե
՛ք: 
Մեզ վայել չէ, մենք գիրք
–մարդիկ ենք: 
Մեր մեջ ղողանջում
են կյանքը, 
ԳԻՏԵԼԻՔԸ
, ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐԸ: 
 
Ձեր՝ 
zangak.am 

 

  

Բաժանորդագրվիր մեր նորություններին