Զամբյուղ
Սեպտեմբերի 21, 2026 | Կարին Գրիգորյան


․․․ կամ ուր կտանի ճանապարհը


Այս փոքրիկ հետազոտությունը գրվել է Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ, եւ հիշատակում է գործիչների, որոնք կրթական եւ մշակութային գործունեություն են ծավալել 19-րդ դարի Երեւանում, ինչն այդ օրերին սովորաբար նշանակում էր անհարթ կամ անհայտ ճանապարհ։ Այն տալիս է ստեղծագործական ու կենսագրական զուգահեռներ՝ դրվագներ ներկայացնելով ապագա մայրաքաղաք Երեւանում նախորդ մայրաքաղաք Անի ներկայացման պատմությունից։


Երեւանում անհնար է շրջանցել Աբովյան փողոցը, ինչպես եւ բոլոր ժամանակներում անտարբեր լինել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին, Երեւանի բերդից մինչեւ Անիի ավերակներ ձգվող նրա հայրինասիրի ողբին։ Ինչո՞ւ։

Խաչատուր Աբովյանն անհաշտ էր այն իրողությանը, որ իր աշակերտները չեն հասկանում գրաբար հայերենով գրված որեւէ գիրք, անգամ իր գրածը («էլի մտածում էի, թե ու՞մ համար գրեմ, որ ազգը լեզուս չի՛ հասկանալ»), սիրում են ռուսի, նեմեցի ու ֆրանցուզի լեզուն, քանի որ հայերենով չեն գտնում իրենց սիրտը գրավող գրականություն։ «Ո՞վ չի ուզիլ լսիլ, թե սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը, ծնողը, զավակը, մահը, կռիվը ի՞նչ զատ են, բայց մեր լեզվումը թե էսպես բաներ ըլին, թող աչքս հանեն»։
Աբովյանը սա ասում էր ժողովրդի միջից․ Քանաքեռի Աբով գերդաստանի այն մեծացած տղան էր, որին 10 տարեկանում կրթություն առնելու ուղարկեցին Էջմիածին։

Նրա «Վերք Հայաստանի» վեպի ուղին Երեւանի ատելի բերդից (քանզի միշտ մահ էր բերում) տանում է Շիրակի Անիի պանծալի, բայց կործանված, անեծքի տակ մնացած ավերակներ՝ ընթերցողին մի պահ անկշռադատ պահելով Բագրատունյաց հին մայրաքաղաքում։ Ինքը՝ Աբովյանը, Անիում եղել է երկու անգամ, վերջինը՝ 1847-ին, անհետ կորելուց ամիսներ առաջ։
Աբովյանից մի քանի տասնամյակ անց նույն ավերակներում դեգերելու էր գնացել մեկ այլ գործիչ՝ լուսանկարիչ Հովհաննես Քյուրքչյանցը։ Նրա գործն արժե դուրս բերել ստվերից․ 1881-ին «Աւերք Հայաստանի․ Անի» խորագրով Քյուրքչյանը թողարկեց Անիի 40 (կամ 42) ստերեոսկոպ լուսանկարների շքեղ ժողովածու ալբոմը, որը ներառում էր գրքույկ՝ պատկերների նկարագրություններով։ Ալբոմի օրինակներից պահպանվում է Հայաստանի Ազգային գրադարանի արխիվում։
Թե Աբովյանի, թե Քյուրքչյանցի ստեղծագործության մեջ Անին դիտված է նույն հայացքով՝ ողբացյալ ու կարոտագին․ վերքը, ի վերջո, նույն մարմնի ավերքն էր։

Անիից մեզ Երեւան է վերադարձնում մի կարեւոր առիթ՝ մտածելու, թե ինչու Քյուրքչյանցը «Ruines D’Armenie» ֆրանսերեն կազմով այս ալբոմի թողարկման վայրը նշել է Eriwan, «Յերեւան»։ Ինչո՞ւ ոչ ժամանակի կենտրոն Թիֆլիս, կամ՝ Վիեննա, եթե ստերեոսկոպ քարտերի հակառակ երեսին վիեննական ընկերությունների անվանումներ են՝ «Eisenschiml & Wachtl, Wien» եւ «A. Moll, Vienne»։ Տպագրելով դրանք Վիեննայում կամ գուցե այլ տեղ՝ Քյուրքչյանցն ինչ-որ պատճառով նախընտրել էր հասցեավորել Երեւանը։ Գուցե գիտակցված որոշում էր, եւ շատ կարեւոր․ 19-րդ դարավերջի Երեւանին իրոք պակասում են նման մշակութային իրադարձությունները։ Գուցե այդպես էր ստացվել, որովհետեւ Քյուրքչյանցն այդ տարի ապրում էր Երեւանում։
«Անի» ուղեգրության մեջ պատմաբան Լեոն հիշատակում է, որ չնայած թանկությանը՝ Քյուրքչյանցի ժողովածուն տարածվեց ու արժանի գնահատություն գտավ․ «եւ այնուհետեւ Անիի ավերակները հայ հարուստ ընտանիքների մեջ էին հիացմունք տարածում»։

Լեոն ասում է, որ մինչ այդ Քյուքչյանի պես ոչ ոք չէր կարողացել ժողովրդականացնել մեռած քաղաքը»։ Իհարկե, ստերեոսկոպ լուսանկարը ժամանակակից տեխնոլոգիա էր, եւ արագ ազդեցություն թողնելու տեսանկյունից Աբովյանի կամ այլոց ծավալուն տեքստերից շատ ավելի մեծ ուժ ուներ։ Մինչդեռ մոռացվեց, իսկ «Վերք Հայաստանի»-ին բացառիկ մնաց իր երկարաժամկետ բազմաշերտ ազդեցությամբ։ Ընդունված է ասել, որ վեպի բարբառային արեւելահայերենից է սկիզբ առնում աշխարհաբար գրականությանը։ Ապա ինչո՞ւ չասել, որ Քյուրքչյանցի այս ալբոմը հիմք է դրել Հայաստանի լուսանկարչության։

Լեոն վկայում է, որ թեպետ այդ շրջանում Անին բազմաթիվ այցելուներ, ուխտավորներ ու ճանապարհորդներ տեսավ, տարածվող ասք ու խոսքի մեջ բոլորի ողբանվագ ազգասիրության խորհրդանիշը Անին էր, ամեն տեղին-անտեղին երգ ու բառը՝ Անիի մասին, այդուհանդերձ հնարավոր չեղավ գումարներ հանգանակել Անիի վերականգնման ծրագրի համար։

Անին վերաբնակեցնել ցանկանում էր դեռ Աղասին՝ Աբովյանի գլխավոր կերպարը։ «Վերք Հայաստանի» վեպի մի դրվագում նա իր խմբով հայտնվում է Անիի ավերակներում եւ չգիտի էլ, թե որտեղ է։ Իր ազատած հայ գերիների մեջ մի գրագետ հոգեւորական կա, ումից պարզում է, որ «պայծառաշեն» Անիում է։ Անմիջապես ցանկանում է մնալ ու շենացնել քաղաքը, ազատել սուրբ հողը գողի ու ավազակի ոտքից․ «շեն քցեն, գրեն Գյումրի, ռսի ռահաթ դառնան ու էստով աշխարքումը հավիտենական անուն ճարեն»: Բայց նրա կռվող ընկերները պատրաստ չեն մնալ Անիում, որովհետեւ «նրանց սրտում ցցված է սնապաշտությունն ու սուրբ Հովհան Երզնկացվո անեծքի սուրը»։ Նրանք վկա են բերում Հայսմավուրքը, որ Անին կործանվել է անեծքով։ Աղասին չի կարող տարհամոզել, նրանք, ի վերջո, ուզում են իրենց տունուհող վերադառնալ։ Ավարտվում է դրվագը նրանով, որ «հայերին որդու պես սիրող» Ղարսի փաշան՝ համբուրելով քաջ երիտասարդի ճակատը, համոզում է նրան իր հետ վերադառնալ Ղարս, մինչեւ կավարտվի պատերազմը։


Մի ճակատագրի հեգնանք էլ․ Լեոն կարծում է, թե Աբովյանը չի եղել Անիում։ Մինդեռ Աբովյանի «Ուղևորություն դեպի Անիի ավերակները» ռուսերեն ուղեգրությունը անհայտ էր մնացել դարից ավելի։ Այն թարգմանվել ու հրատարակվել է նրա ընդհանուր երկերի ժողովածուում միայն 1984-ին։ Անտիպ է մնացել նաեւ 1903-04-ին գրված պատմաբանի ուղեգրությունը։ Այն կրճատումներով հրատարակվել է 1946-ին, եւ ամբողջությամբ լույս է տեսել 2014-ին՝ Երեւանում։


***

Կարսից մինչեւ Կյուրին՝ Սեբաստիա, այսօրվա Թուրքիայի ճանապարհներով ինն ժամվա հեռավորություն է։ Այդ կողմերից է լուսանկարիչ Հովհաննես Քյուրքչյանցը, այլ վերջնահաստատ տվյալներ չկան։ Լուսանկարչություն սովորել է արեւմուտքում (Վիեննա՞), 1876-ին աշխատել է Էրզրումում, Թիֆլիսում, Երեւանում։ Ռուսական կողմից եղել է ռուս-թուրքական պատերազմի լուսանկարիչներից։ «1879-ին ամբողջ հինգ ամիս բնակվեց Անիի մեջ, ահագին ծախսեր արավ, ահագին չարչարանքներ կրեց եւ գլուխ բերեց մի գործ, որ հռչակեց նրա անունը»՝ գրում է Լեոն։

Փորձ էր արվել Անիի ալբոմի հնագիտական նշանակությունը ներկայացնել Ռուստատանի հնագիտական ժողովի նիստին, Պետերբուգում։ Բայց հուշարձանների լուսանկարման ձևերն ու դիտանկյունները կանխամտածված են՝ կարծում է արվեստաբան Վիգեն Գալստյանը․ «Ներկայացնելով Անիի կիսականգուն կառույցները, Քյուրքչյանցը չէր առաջնորդվել զուտ գիտական նշանակություն ունեցող փաստագրման նախադրյալով։ Նրա`թերևս ավելի կարևոր, սակայն ոչ ակնհայտ նպատակն է եղել ստեղծել վերջին հայկական մայրաքաղաքի լուսանկարչական պատկերը որպես ազգային ոգու մարմնականացած խորհրդանիշ»։
Կարծես հենց անցյալի մասին խորհելիս լինեն ավերակների խոշոր պլաններում փոքրիկ կետի պես երեւացող մարդիկ։

Ի՞նչ կարող էր ենթադրել 19-րդ դարի Երեւանում նման ազգային-հասարակական գործ բռնելը։ «Աւերք Հայաստանի․ Անի» ալբոմի հրատարակումից կարճ ժամանակ անց Քյուրքչյանցը անվերադարձ հեռացավ Երեւանից՝ կշռադատելով վերահաս վտանգը կամ սպառնալիքը։ Հեռացավ ավելի հեռու, քան կարելի է պատկերացնել - ութ հազար կիլոմետր, Ինդոնեզիա, Ճավա կղզի (Սուրաբայա), որտեղ բացեց մասնավոր լուսանկարչատուն, համբավ վաստակեց, այնտեղ էլ մահացավ 1903-ին։ Թող զարմանք չթվա, որ Հոլանդիայի այդ ժամանակվա գաղութն ուներ ակտիվ հայկական համայնք կամ որ այնտեղ Օննես Քյուրքչյանն արժանացավ պալատական լուսանկարչի տիտղոսի։ Ծագումով հայ պալատական լուսանկարիչների պակաս չենք ունեցել Օսմանյան կայսրությունում, Պարսկական տերությունում, Եգիպտոսում։ Քյուրքչյանցի ինդոնեզական արխիվն անցավ Հոլանդիային։ Այլալեզու աղբյուրներում նրան համարում են ազգությամբ ռուս կամ ծննդավայրը նշում են Երեւան։ Գուցե «Աւերք Հայաստանի» ալբո՞մն է նրան հետմահու ծննդյան հասցե նվիրել։

Վերադառնանք հետ՝ ցարական Ռուսաստանի նորակազմ Արմանսկայա օբլաստ եւ այնուհետ՝ Երեւանի նահանգ, որտեղ բացվում էին առաջին դպրոցները։ Խառնակ, բախումներով լի ժամանակ էր, թե որ դասակարգի երեխաները որ դպրոց պետք է հաճախեն։ Ուսումը գլխավորապես վճարովի էր։ Կրոնական կրթությունը վերապահված էր Էջմիածնին, որը բացել էր Երեւանի հայոց թեմական հոգեւոր դպրոցը իսկ Երեւանի գավառական դպրոցը ցարական էր (հետաքրքիր է, Պերճ Պռոշյանն իր մի հուշում այն կոչում է Երեւանի թագավորական վարժարան, ուսումնարան)։ Այդ վերջինում տեսուչ նշանակված Աբովյանը աշխատեց 1843-ից մինչեւ 1848-ի ապրիլի 2-ը, որից հետո ոչ ոք նրան չի տեսել։ Աբովյանի վերջին հասցեն մնաց Երեւանը։ Գավառական դպրոցը 1925-ին վերանվանվեց նրա անունով։

Այսօր միայն պատմական նշանակություն ունի այն, որ «Վերք Հայաստանի» վեպը գրվել ու առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում (Աբովյանի անհետացումից 10 տարի հետո), իսկ Խորհրդային Երեւանն այդ իրադարձությանն արժանացել է հարյուր տարի անց` 1939-ին։ Վեպի համար Ռուբեն Զարյանի գրած առաջաբանից կարելի է պարզել, որ վեպի տպագրության գլխավոր նախապայմանը բավարարված էր․ «ժողովուրդն արդեն վերջնական պարտության էր մատնել թշնամական ազգայնական մտայնությունը, ինչով վերցրեց շղթաները Աբովյանի վոտքերից»։


*** 
2022-ին Զանգակը հրատարակեց «Վերք Հայաստանի» վեպը՝ Արսեն Գրիգորյանի լրամշակված գրական արևելահայերեն փոխադրությամբ եւ Հայկ Համբարձումյանի խմբագրմամբ։ 


*** 

Աղբյուրներ՝
Խաչատուր Աբովյան, «Վերք Հայաստանի», 1841
Հովհաննես Քյուրքչյան, «Աւերք Հայաստանի․ Անի», 1881
Լեո, «Անի տպավորություններ․- հիշատակներ․- անցածն ու մնացածը», 1904
Լեո, Պատմութիւն Երեւանի Հայոց թեմական հոգեւոր դպրոցի, 1914
Աելիտա Դոլուխանյան, Անի մայրաքաղաքը Խ Աբովյանի եւ նրա ժամանակակիցների գնահատմամբ, 2010
Lusarvest.org, Հովհաննես Քյուրքչյանց, 2016
http://www.virtualani.org/kurkdjian

Քյուրքչյանցի լուսանկարները կարող եք դիտել եւ ներբեռնել՝
1․ Անի․ https://royalasiaticcollections.org/collection/film-photography/photo-collection/photo-53-ruines-darmenie-ani/
2. Հին եւ նոր պատկերներ՝ արված նույն դիրքից․ https://www.armenianimage.org/exhibition-part1-ohannes-kurkdjian/exhibition-ohannes-kurkdjian/
2․ Ինդոնեզիա․ https://catalogue.leidenuniv.nl (փնտրեք Onnes Kurkdjian) 

Բաժանորդագրվիր մեր նորություններին