Զամբյուղ

Ես չեմ վախենում

Հայրիկը մի տարօրինակ բան է ասել Միկելեին․ «Մարդկանցից պետք է վախենաս, ոչ թե հրեշներից»։
Հոկտեմբերի 04, 2023 | Հասմիկ Եղիազարյան

Ակուա Տրավերսեն Իտալիայի հարավում ծվարած փոքրիկ ավան է, այնտեղ ամռանն այնքան շոգ է, որ մեծերը դուրս չեն գալիս մինչև իրիկնանալը, կողպվում են տանը։ «Տապը ճեղքում էր քարերն ու թափանցում դրանց մեջ, փշրում հողը, այրում բույսերն ու սպանում կենդանիներին»։ (էջ 8)

1978 թ․ ամառը պատմության մեջ կմնա որպես դարի ամենաշոգն ու անտանելին, սակայն տապը չի կանգնեցնի ավանի փոքրիկ բնակիչներին, որոնք նոր արկածներ կփնտրեն ցորենի անծայրածիր դաշտերում, մինչ մեծերը նիրհում են։ Գուցե այս դաշտերը գաղտնիքնե՞ր են թաքցնում․․․ Այս ամառվա մասին մեզ կպատմի Միկելեն։ Նա ինը տարեկան է, ունի փոքրիկ շրջապատ․ ընկեր Սալվատորեն, որի հետ խաղում են, կարդում գրքեր, ու կես բառից իրար հասկանում, խմբի պարագլուխը՝ Գանգը՝ դաժան ու հիշաչար, Գանգի հրամանները կատարող Ռեմոն, նույն Գանգի չար կատակների զոհը՝ թմբլիկ Բարբարան և իհարկե  Մարիան՝ Միկելեի փոքր քույրը՝ նրա չարաճճի դաշնակիցը։ Բայց այդ ամռանը Միկելեն ձեռք կբերի ևս մի ընկեր՝ առեղծվածային կերպով հայտված կորած−մոլորած Ակուա Տրավերսեում, և այս հանդիպումը շատ բան կփոխի ավանում․․․

Միկելեն շատ է սիրում մայրիկին, որը գեղեցիկ է և առյուծի պես ուժեղ, շատ է սիրում նաև հայրիկին, որը Ակուա Տրավերսեի «շեֆն է», բայց նրան շատ հազվադեպ է տեսնում, քանի որ աշխատում է հյուսիսում։ Ծնողները հաճախ չեն զրուցում Միկելեի հետ, և ընդհանրապես մեծերն ու փոքրերն Ակուա Տրավերսեում ասես լրիվ առանձին կյանքերով ապրեն։

Միկելեի կյանքում կան նաև այլ էակներ՝ չար ու բարի, որոնք գրեթե նույնքան ներկա են, որքան ընտանիքն ու ընկերները: Օրինակ՝ վհուկ Երկվհուկը՝ կուզիկ ու կնճռոտ, մարդագայլը, սև մարդը, վիթխարի օրկը՝ մանր աչքերով, փքված վզով ու շալակին երեխաներով լի մի պարկ, մարդաձուկը, լեշակեր Ղազարոսը, բլրի տիրակալները և ցորենի հրեշները․․․ Սրանք Միկելեին այցելում են հատկապես գիշերը, և նրանց հիմարացնելու համար Միկելեն մի եղանակ է մշակում․ բոլորին փակել մի տեղում, որ չանհանգստացնեն իրեն։ Այդպես Միկելեի մտքում հայտնվում էր մի ավտոբուս՝ «լրիվ ոսկեզօծ, զանգակներով ու գույնզգույն լույսերով զարդարված։ Կտուրի վրա մի բարձրախոս բղավում էր․ «Տիկնա՜յք և պարոնա՜յք, եկե՛ք, նստե՛ք երազանքների ավտոբուսը։ Նստե՛ք այս ավտոբուսը․ այն ձեզ կտանի մի կրկես, որի համար մի լիրա անգամ չեք վճարի։ Այսօր կրկեսը անվճար է։ Եկե՛ք, նստե՛ք»։

«Հրեշները ուրախ−զվարթ բարձրանում էին ավտոբուսը։ (...) Այդ ապուշները կարծում էին, թե կրկես են մտնում։ Ես փակում էի վերքս, և նրանք խաբված մնում էին ներսում»։  (էջ 114)

Բայց հայրիկը մի տարօրինակ բան է ասել Միկելեին․ «Մարդկանցից պետք է վախենաս, ոչ թե հրեշներից»։ (էջ 52)

Դժվար պահերին, սակայն, նա կհիշի մողեսի արագաշարժության, հովազի ճկունության և հատկապես հնդկացի Թայգր Ջեքի քաջության ու հնարամտության մասին և կդառնա խիզախ ու անկոտրում։

1978 թ․ ամռանը Միկելեն շատ բաներ կբացահայտի ու կտեսնի նորովի. օրինակ, որ Մելիկետին գուցե այնքան էլ դաժան չէ, որքան ասում են, որ Սալվատորեն այնքան էլ հավատարիմ չէ, որքան կարծում էր ինքը, որ հայրիկը գուցե հենց սև մարդն է, որը «ցերեկը բարի էր, գիշերը՝ չար», իսկ հին հեծանիվը՝ Սկասսոնան ավելի ապահով է, քան նոր Red Dragon−ը։

Կկարողանա՞ արդյոք Միկելեն հաղթահարել իր վախերը ճակատագրական այն գիշերը, երբ նրանք նորից կայցելեն իրեն, կհաջողի՞ լռեցնել հրեշներին ու վհուկներին, վստահել ներքին ձայնին և գործել այնպես, ինչպես կգործեր  քաջ հնդկացին, ու ընտրել բարու ոչ հեշտ ուղին․․․ 

Վեպի գործողությունները տեղի են ունենում 1970–ականների վերջին Իտալիայի հարավային, աղքատ մի ավանում։ Գլխավոր հերոսը՝ 10–ամյա Միկելեն, ամառային շոգ օրերն անցկացնում է ընկերների հետ խաղալով ու մոտակայքում թափառելով։ Մի օր ընկերները հայտնաբերում են լքված տուն, որը մեծ գաղտնիք է թաքցնում։ Միկելեն, չնայած իր տարիքին, ստիպված է լինում կայացնել որոշումներ, որոնք բախտորոշ են թե՛ իր, թե՛ այլոց համար։

Ես չեմ վախենում

Նիկկոլո Ամմանիտի

Հեղինակ
Բաժանորդագրվիր մեր նորություններին