Ես եկել եմ մի հստակ եզրակացության, որ ամբողջ կյանքում մենք պետք է ոտքի կանգնենք ու պայքարենք ազնվության և արդարության համար ամեն տեղ՝ մեր ընտանեկան կյանքում, մեր կրոնական պատկանելության հարցում, մեր կրթական համակարգերում, այդ թվում՝ մեծ չափով մեր քոլեջներում ու համալսարաններում, մեր համայնքներում, փոքր ու մեծ քաղաքներում, պետություններում, երկրներում և միջազգային համակարգում, քանզի ուրիշ մարդկանց նկատմամբ իշխանություն ձեռք բերելու ձգտումը համատարած է:
Իսրայել Վ․ Չարնի
Այս օրերին մեր լույս ընծայած գրքերից մեկն առանձնանում է իր նախապատմությամբ։
Իսրայել Վ․ Չարնիի «Իսրայելի չկայացած արձագանքը Հայոց ցեղասպանությանը․ Ժխտողականություն, պետական խաբեություն, ճշմարտությունը ընդդեմ պատմության քաղաքականացման» աշխատությունը 2021 թ–ին լույս է տեսել անգլերենով, իսկ 2025 թ–ին՝ նաև հայերենով՝ թարգմանությամբ Անժելա Ղասաբյանի և խմբագրությամբ Աիդա Վարդանյանի (վերջինս եղել է Իսրայել Չարնիի մտերիմը, նրա գործակիցը)։ Աշխատությունը մեր հրատարակչությանն առաջարկեց «Հավատամք» հայ քաղաքակրթական շարժում հիմնադրամի հիմնադիր–տնօրեն, 2008–2010 թթ․ Բեռլինում Արցախի մշտական ներկայացուցիչ Գայանե Ափինյան–Վարդանյանցը։
Մասնագիտությամբ դիվանագետ Գայանե Ափինյանը Գերմանիայից Հայաստան է տեղափոխվել Քառասունչորսօրյա պատերազմից հետո և այժմ հիմնադրամի միջոցով և իր թիմով ծրագրեր է իրականացնում արցախահայերի համար։
2021 թ–ին «Հավատամք» հիմնադրամի՝ Կապանում կազմակերպված «Սյունիքը՝ քաղաքակրթությունների միջնաբերդ» միջազգային համաժողովին առցանց մասնակցող 90–ամյա Իսրայել Չարնին տեղեկացրել էր, որ աշխատում է այս գրքի վրա, և հենց այդ պահին էլ, ըստ տիկին Ափինյանի, ծնվեց հայերենով գիրքն ունենալու միտքը։
Տիկին Ափինյանը հյուր էր «Զանգակ»–ում, որի հետ զրուցեցինք գրքի շուրջ․ «Իսրայել Չարնին ծայրահեղ վրդովված ու հիասթափված էր Քառասունչորսօրյա պատերազմում Իսրայելի՝ ուղղակիորեն հանցագործ դերից և այդ իրողությունից ելնելով՝ թղթին հանձնեց Հայոց ցեղասպանության ընդունման շուրջ կատարած իր գիտական աշխատանքի փաստագրությունը։ Հայ ընթերցողը կարող է պարզել, թե ինչու և ինչպես է Իսրայել պետությունը վարում իր քաղաքականությունը մեր պետության հանդեպ, որոնք են պատճառները և հիմքերը։ Այդ ըմբռնումից կարող է երկու ժողովուրդների միջև ծնվել մաքուր և ճշգրիտ զգացողությունը, որ մենք ունենք ընդհանուր ողբերգություններ և ընդհանուր ըմբռնում դրանց հանդեպ։ Եվ եթե գիտակցենք սա ամբողջության մեջ, մեր ջանքերի համախմբումից կարող է մեծ ուժ ծնվել»։
Անցյալ տարվա դեկտեմբերին կյանքին հրաժեշտ տվեց գիտնականը։ Տիկին Ափինյանը պատմում է, որ մեծ հույս էին փայփայում, որ հայերենով գիրքը լույս կտեսնի նրա կյանքի օրոք։ Այդուհանդերձ, նա գիտակից և տեղյակ էր, որ գիրքը հրապարակվելու է։
Զրույցին ներկա էր նաև «Զանգակ»–ի պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանը։ Նա նշեց, որ գրքի ընտրության հարցում սուբյեկտիվ տարրեր կային, շատ համոզիչ էր Գայանեն և նրա ոգևորությունը․ «Գիրքը խիստ փաստագրական և գիտական արժեք ունի, բայց նաև զգացվում է հեղինակի նվիրվածությունը գաղափարին, արդարությանը, նրա տարիքը, որ երբեմն շատ պարզ և զգացմունքային է դարձնում տեքստը։ Հեղինակի հետևողականությունն ու պատրաստակամությունը, չնահանջելու որոշումը շատ համոզիչ էր և պարտադրող մեզ համար»։
Իսրայել Չարնիի գիրքը Հայոց ցեղասպանության «դետեկտիվ պատմություն» չէ, այլ փաստաթուղթ՝ տարբեր կառավարությունների և անհատների աջակցությունը վայելող Թուրքիայի կառավարության կողմից պատվիրված ցեղասպանության վերաբերյալ պատմական փաստերը ժխտել շարունակելու մասին:
Այն նաև պատմություն է մեծ մասամբ ժողովրդավարական մի երկրի՝ Իսրայելի մասին, որը, որպես սրբություն պահելով ցեղասպանության սեփական ողբերգական տառապանքի մասին հիշողությունը, համաձայնում է աջակցել Թուրքիայի ռեակցիոն կառավարության պահանջներին՝ այդպիսով ջնջելով այլ ցեղասպանությունների փաստացիությունը:
.jpg)