... Իմացե՛ք մարդիկ, յարը Հաֆեզի սիրտը որսալու մտքով է գալիս,
Ա՜խ, բազեն, տեսե՛ք, չնչին, աննշմար մի ճանճ որսալու համար է գալիս:
... Արյան ծարավ, հյութեղ սուտակ, լալ շրթունքն է իմ յարի,
Գիշեր–ցերեկ իմ գործն է, որ մեռնեմ տեսքին իմ յարի:
Խաջե Շամսեդդին Մոհամմադ Հաֆեզն Իրանի ամենահռչակավոր և սիրված պոետներից է: Ըստ հաֆեզագետների՝ պարսից պոեզիայի 1200 տարվա պատմության ընթացքում չի եղել այնպիսի բանաստեղծ, ինչպիսին Հաֆեզն է, որի գրիչն իմաստային առումով այդքան բազմազան լինի:
Եթե պարսկական պոեզիան բաժանվի երկու մասի՝ միստիկական, որի գագաթը Ռումին է, և սիրային, որի գագաթը Սաադին է իր «Բուստան» և «Գոլեստան» ժողովածուներով, ապա Հաֆեզի կարևորությունն այն է, որ նա կոտրում է այս երկուսի սահմանը և գրում բանաստեղծություններ, որոնք միաժամանակ սիրային են ու միստիկական:
... Ազատատենչ սուսան ծաղկի խոսքը հասավ ականջիս.
Այս աշխարհում ինչքից ազատ մարդկանց կյանքը անուշ է:
... Իրաքն ու Ֆարսն ես զավթել տաղերով, երգդ հասել է Բաղդադ ու Թավրիզ,
Ո՛վ Հաֆեզ, թող որ սիրով համակված երգդ սրտառուչ ամենուր լինի:
... Հաֆեզին երբեք էլ չեք տեսնելու արթուն վիճակում,
Քանզի վաղուց է դարձել նա սիրո ալ գինու գերի:
Հաֆեզի բանաստեղծությունները չեն ենթարկվում որոշակի կարգի, բայց և իրենք իրենցով որոշակի կարգ են հաստատում: Ուստի կարելի է ասել, որ Հաֆեզի բանաստեղծությունը կարգ է անկարգության մեջ: Հաֆեզի գազելների առանձնահատկությունն այն է, որ մի բեյթը, կապված լինելով հաջորդ բեյթի հետ, միևնույն ժամանակ բովանդակային առումով առանձին միավոր է:
... Այս կյանքում աննենգ, անթերի ընկեր, ո՞վ է հիրավի,
Գավաթն է գինու, մեկ էլ մատյանը իմ գազելների:
Իրանցիները Հաֆեզին շնորհել են նաև Լեսան օլ–Ղեյբ տիտղոսը՝ հավատացած լինելով, որ մարգարեների պես նա տեղյակ է անհայտ աշխարհի գաղտնիքներին:
Հաֆեզը ծնվել է 1325 թ. Շիրազ քաղաքում, որտեղ էլ անցկացրել է ամբողջ կյանքը, արդեն 20 տարեկանում ճանաչվել է որպես պոետ և ստացել Հաֆեզ անունը, որ նշանակում է պահապան, մարդ, որն անգիր գիտի Ղուրանը:
Ըստ ավանդույթի՝ պատանի տարիքում Հաֆեզն աշխատել է հացթուխի մոտ: Հենց այդ ժամանակ էլ ծանոթացել ու սիրահարվել է գեղեցկուհի Շախե Նաբաթին: Իր սիրելիի հետ լինելու համար Հաֆեզը 40 օր ու գիշեր առանց քնելու աղոթել է: Նրանք ամուսնացել են և ունեցել մեկ որդի, որը մահացել է դեպի Հնդկաստան ճամփորդության ժամանակ: Կնոջ մահից հետո Հաֆեզն այլևս չի ամուսնացել:
Շահ Շեյխ Աբու Էսհաղի օրոք Հաֆեզը եղել է դիվանապետ: Այդ պաշտոնը Հաֆեզը զբաղեցրել է նաև մի քանի այլ շահերի, այդ թվում՝ Ամիր Մոբարեզեդդինի, Շոջայի, Մանսուրի և Յահիայի օրոք, քանի որ հարգանք է վայելել թե՛ պարսիկ, թե՛ հետագայում իշխանության եկած մոնղոլ կառավարիչների շրջանում:
... Այս աշխարհի անդորրը երկու խոսքից է կախված՝
Թշնամուն միշտ հանդուրժող, մոտիկի հետ միշտ ընկեր:
... Այս աշխարհի հյուրատնից հաց մի՛ խնդրիր, քանզի վերջում
Հյուրընկալը՝ դաժան, անխիղճ, մեռցնում է իր հյուրին:
Բանաստեղծը մահացել է մոտավորապես 1413 թ., իսկ նրա դամբարանը Շիրազում վերածվել է ուխտատեղիի, որն այցելելուց առաջ ոմանք նաև իրականացնում են որոշ ծեսեր:
Իրանում տարածված է նաև հաֆեզագուշակությունը՝ գուշակությունը Հաֆեզի բանաստեղծություններով, որն ընդունված է ազգային որոշ տոների, այդ թվում՝ Նոռուզի՝ իրանական Նոր տարվա և ձմեռնամուտի ժամանակ:
Նյութը պատրաստվել է Հաֆեզի ժողովածուի նախաբանից, որը կազմել է ժողովածուի թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը: