Հակոբ Մնձուրու (1986–1978) գրական ժառանգությունն ամբողջացնող երկհատորյակի առաջին հատորի լույսընծայման առիթով զրուցում ենք գրականագետ Սիրանուշ Դվոյանի հետ:
Կ. Գ. — Մենք ենթակա ենք այն մոլորությանը, թե ժամանակը իսկապես գոյություն ունեցող ինչ–որ բան է՝ ասում էր Հեսսեի Սիդհարթան, որն իմաստնացավ գետի կողքին ու գետի հետ, պարզ նավավարի աշխատանքով: Իր կյանքի ու գյուղի միասնությունը տեսնող Մնձուրուն հավանաբար հասու էր այս ճշմարտությունը մանկուց: Նա հարաբերության մեջ չդրեց իր կերտած աշխարհը ժամանակի հետ՝ պահելով այն անառիկ, բայց և մոտ ցանկացած սերնդի ընթերցողի:
Հակոբ Մնձուրու կենսագրությանը ծանոթ մեկը կնկատի, որ այս համեստ մարդը որքան նվիրված է եղել իր գրին, նույնքան էլ գրին չառնչվող հանապազօր աշխատանքին, հաճախ է զբաղմունք փոխել: Փոքր տարիքից հացթուխ է աշխատել, իսկ ուսուցչության տարիներին նաև հողագործ է եղել: Մնձուրին կարող էր դասավանդել Պոլսում, բայց չի արել դա: Եկեղեցու տարեց մոմավաճառի մեջ մարդիկ դժվար թե ճանաչեին գրողին, թեև արդեն ժողովածուներ ուներ հրատարակված: Ողբերգությո՞ւնն էր պատճառը, որ չգնաց գրողի ընդունված ճանապարհով, թե՞ հնարավոր չէր այլևս Պոլսում հայ գրողի հայտ ներկայացնել:
Ս.Դ. — Գիտեք, դժվար է միանշանակ պատասխանել այդ հարցին: Գրողն ինքը Ցեղասպանության հոգեխոցման մասին գրեթե ոչինչ չի խոսում: Կարող ենք մտածել, որ Պոլսի սոցիալական ու քաղաքական միջավայրն այնպիսին էին, որ թույլ չէին տալիս նրան խոսել իր անձնական ու ազգային ողբերգությունից, որ նա մնջացել էր մեծ ողբերգության առջև: Կարող ենք: Բայց սրանք մեկնաբանություններ են, որ թույլ են տալիս գրողին «հարմարավետ» տեղակայել որոշակի պատկերացումների շրջանակում: Ես կնախընտրեի նրա կյանքի այս փաստերը դիտարկել ոչ այդ հեռանկարից: Առաջինը չեմ, որ կասեմ՝ Մնձուրին հայալեզու գրականության մեջ տոհմիկ գրականության ներկայացուցիչներից մեկն է, շատերի կարծիքով՝ վերջինը արևմտահայ գրականության մեջ՝ նույնացնելով արևմտահայ գրականությունն ու տոհմիկ գրականությունը: Այս առումով Հակոբ Օշականն ինքն իրեն վերջինն էր համարում այս գրականության/այս գրականության վերջին ներկայացուցիչն էր համարում, վերջինը` այդ աշխարհի քայքայումն ու ավերումը վկայող, նույնիսկ Ցեղասպանությունից առաջ:
Կ. Գ. — Ձեր բնորոշած տոհմիկ գրականության վերջին ներկայացուցիչը լինելը ի՞նչ իմաստով կարող ենք ըմբռնել Մնձուրու դեպքում:
Ս.Դ. — «Տոհմիկ գրականությունը» Հակոբ Օշականի բնորոշումն է, որի տակ նա նկատի էր առնում պապերից ժառանգված հողի ու ջրի վրա ապրող պարզ մարդուն պատկերող գրականությունը: Չմոռանանք` Օշականի խնդիրը այդ աշխարհի բարքերի պատկերումն էր ամեն դեպքում սոցիալական ու քաղաքական որոշակի՝ արևմտահայ հատվածին սպառնացող կորստյան վտանգների համատեքստում:
Մնձուրին իր գրականությամբ վերստեղծում է արևմտահայ կոնկրետ մի հատվածի աշխարհագրական ու մշակութային կյանքը՝ առանց այն կորստից փրկելու և գրականության մեջ վերապրեցնելու ջանքերի: Այս առումով ճիշտ է Հակոբ Մովսեսը, երբ նկատում է, որ Մնձուրին ստեղծում է ներփակ, ինքն իր մեջ ապրող գեղարվեստական մի աշխարհ: Մնձուրու ստեղծած աշխարհին չի դիպել արդիության շունչը, ինչը Օշականի գեղարվեստական աշխարհի շարժիչ ուժն է: Մնձուրու պատկերած գեղարվեստական աշխարհն իր բնույթով շատ մոտ է հեղինակի ապրելու եղանակին: Ասում եք՝ համեստ մարդ էր` նվիրված իր գրին այնպես, ինչպես հանապազօրյա աշխատանքին: Այդպես է: Որքան էլ Մնձուրու պատկերած գյուղը 19–րդ դարավերջի և 20–րդ դարասկզբի, թեկուզ հեռավոր, Օսմանյան կայսրության գյուղերից մեկն է, որը դատարկվել է տղամարդկանցից, քանի որ նրանք մեծ քաղաք են գնացել իրենց ընտանիքի հոգսը հոգալու, այն չունի այս նույն սյուժեի ո՛չ օշականյան, ո՛չ էլ զոհրապյան մեկնաբանությունը: Տղամարդկանցից դատարկված այս աշխարհը ողբերգություն չի ապրում սոցիալական մեծ փոփոխություններից: Աշխատանքով ապրուստը հոգալու հանապազօրյա ջանքը Մնձուրու մոտ բնական երևույթ է և չի կապվում դրա տնտեսական ու սոցիալական նախապայմանների հետ: Այս առումով թե՛ նրա կյանքը, թե՛ գրական աշխարհը կարծես դուրս են ժամանակից: Որքան էլ պատկերում են կոնկրետ բարքեր, չեն արձանագրում դրանք կոնկրետ ժամանակի հետ հարաբերության մեջ:
Կ. Գ. — Հրանտ Մաթևոսյանի մոտ կարդում ենք․ «Նրա գրականությունը մեր հայացքները ետ է շրջում դեպի այն օրերը, երբ կինը, արտը, աղը, ջուրը պաշտամունք էին։ Հակոբ Մնձուրու ստեղծագործությունը բովանդակում է կնոջ, աղի, արտի, առվի և այդպիսով, որպես հավելում հայ ընթերցողներիս համար, մեր կորած հին երկրի պաշտամունքը»։
Ս.Դ. — Այո՛: Հրանտ Մաթևոսյանը Մնձուրու գրականությունը առաջինը գնահատողներից մեկն էր խորհրդահայ իրականության մեջ 1960–ականներին: Եվ սա պատահական չէ: Մի առիթով Մաթևոսյանն ինքը խոստովանում է, որ իր ըմբռնմամբ «Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին»՝ նկատի առնելով այն, որ գրականությունն ի զորու է պարզ անմիջականությամբ վերստեղծելու կյանքն այնպես, որ իր ամբողջության մեջ այն լինի հմայիչ` անկախ նրանից, թե որքան ողբերգական կամ զավեշտալի աշխարհ է պատկերված այնտեղ: Բայց Մաթևոսյանը, որ 1960–ականների սկզբին իր «Մենք ենք, մեր սարերը» վիպակի առաջին հատվածում, օրինակ, պատկերում էր հողի ու հողի մարդու անմիջական կապը աշխատանքի ու ստեղծարարության բերկրանքի պահին, միշտ էլ եղել է ի՛ր ժամանակի՝ խորհրդահայ 1960–ականների գրողը: Մաթևոսյանը խորհրդահայ 60–ականների արդիացումն իր հակասությունների մեջ պատկերող գրող էր:
Հետաքրքիր է, որ Մաթևոսյանն ուշադիր է եղել նրան, որ Մնձուրին իր գրականությամբ ստեղծել է «մեր կորած հին երկրի պաշտամունքը»` նկատի առնելով մարդկության կյանքի նախնական` Մնձուրու մոտ բացարձակացված տնավար կենսաձևերի հանդեպ վերաբերմունքը:
Այո, Մնձուրու ստեղծած ներփակ գրական աշխարհը օժտված չէ ներքին հակասակասությամբ, այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները կարծես հետք չեն թողնում ո՛չ ընտանեկան, ո՛չ էլ սոցիալական կյանքի վրա: Այս առումով նրա կերտած աշխարհը իսկապես գյուղաշխարհ է իր նախնական կացութաձևերի հանդեպ պաշտամունքի տեսանկյունից: Գրողի կամ ընթերցողի հայացքը կարող է հեռանալ կամ մոտենալ այդ աշխարհին, միևնույնն է, այնտեղ ոչինչ չի փոխվում: Այդպես էլ, օրինակ, այդ աշխարհում ապրող կանանց կյանքում, իրենց տղամարդկանց հեռանալով, կարծես ոչինչ չի փոխվում: Նրանք իրենց առօրյա կյանքին են ու աշխատանքին՝ խոնարհ հեզությամբ, ճիշտ այնպես, ինչպես իրենց մշակած արտն է հեզությամբ ենթարկվում բնության տարերքին ու մարդու ձեռքին:
Կ. Գ. — Նշում եք, որ կնոջ թեման Մնձուրու մոտ առանձնահատուկ է, կմանրամասնե՞ք:
Ս.Դ. — Ինձ թվում է՝ «կնոջ թեման» հատուկ ուշադրության առարկա է եղել Մնձուրու մոտ ասածս կտրվածքով՝ հեզության ու կյանքն ուսերին անտրտունջ տանելու պատրաստակամության: Կինը, Արմտանի ավանակները, մշակվող դաշտերը մեկը մյուսին հնազանդ են կարծես հենց այս հարթության մեջ: Չգիտեմ՝ մենք այսօր գիտենք, որ աշխատանքի հանդեպ սերն ու հակվածությունը այլևս այդ չեն: Բայց Մնձուրին հավանաբար հավատում էր, որ դեռ այդպես է:
Կ. Գ. — Երբ Մնձուրու մասին էիք խոսում ուսանողների հետ, ինչպե՞ս էիք փորձում ներկայացնել նրան: Սփյուռքահայ գրականության մեջ արդյո՞ք նա համարվում է Պոլսի վերջին արևմտահայ գրողը:
Դա բավականին վաղուց էր: Վերջին տասնամյակում Մնձուրու գրականությանը չեմ անդրադարձել: Խոսում էի հենց այն կտրվածքով, որով խոսեցի վերևում, բայց ինձ հետաքրքրող արդիացման համատեքստում: Եվ ստացվում էր այնպես, որ նրա գրականությունն իմ աչքին երևում էր որպես անհնարինության գրականություն: