Զամբյուղ

Գրքերի ու ժպիտների ամառ․ «Ամառային ընթերցանություն 2025»

«Ամառային ընթերցանությունը» ծրագիր է, որտեղ չկան պարտվողներ։ Հաղթում են բոլոր նրանք, ովքեր ընտրում են ընկերությունը գրքի հետ և սովորում հաճույքով կարդալ ու վայելել ընթերցանության պահերը։
Օգոստոսի 15, 2025 | Սյուզան Չիչակյան

 

Հարյուրավոր պայծառ աչուկներով ու լուսավոր ժպիտներով ջերմացած էր ՀԲԸՄ դահլիճը օգոստոսի 12–ին։ Եռամսյա գրքային ճամփորդությունից հետո  ամփոփվեց «Ամառային ընթերցանություն 2025»-ի ծրագիրը և միջոցառումների փուլը։ «Զանգակ» հրատարակչության սոցիալական պատասխանատվության այս ծրագիրը կազմակերպվում է արդեն 12 տարի՝ գրքի շուրջ համախմբելով մայրաքաղաքի և մարզերի 6–13 տարեկան երեխաներին և ձևավորելով իրական ընթերցողական համայնք։
 

Գրատնակներ և գրքեր՝ ամենուր

Ծրագիրը հնարավորություն է տալիս փոքրիկ ընթերցողներին կարդալու, փոխանակելու և քննարկելու սիրելի գրքերը՝ ստեղծելով իրական ընթերցանության համայնք: Այս տարի Երևանի, Գյումրու, Վանաձորի, Չարենցավանի և Աբովյանի 20 գրախանութներում տեղադրվեցին զանգակյան լավագույն գրքերով լի գրատնակներ, որոնց միջոցով մասնակիցները երեք ամսվա ընթացքում կարող էին փոխանակել և կարդալ «Զանգակ» հրատարակչության լավագույն 41 գրքերը: Ծրագրին մասնակցեցին շուրջ 250 երեխա, որոնք մեծ ոգևորությամբ կարդացին, փոխանակեցին, վայելեցին ամառն ու ընթերցանությունը:

Միջոցառումներ և կարևոր արժեքներ

Երևանում միջոցառումները անցկացվեցին «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում: Մարզային միջոցառումները կազմակերպվեցին «Զանգակ»  հրատարակչության Գյումրու, Վանաձորի, Չարենցավանի և Աբովյանի գործընկեր գրախանութներում։ Յուրաքանչյուր հանդիպում նվիրված էր որևէ կարևոր արժեքի՝ բարություն, հոգատարություն, ընկերասիրություն, հայրենասիրություն, ընտանեկան արժեքներ և այլն: Միջոցառումների ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան հանդիպելու հայտնի հյուրերի ու մանկագիրների հետ։ Ամփոփիչ միջոցառման մեկնարկին դահլիճում մեկտեղված ծրագրի մասնակիցներին ողջունեց «Զանգակ» հրատարակչության  գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը՝  առաջարկելով միասին գտնել երեք պարզ, բայց կարևոր հարցերի պատասխաններ՝ ի՞նչ կարդալ, ինչո՞ւ կարդալ և ինչպե՞ս կարդալ։

Հաղթողներն ու նոր անվանակարգերը

«Ամառային ընթերցանությունը» ծրագիր է, որտեղ չկան պարտվողներ։ Հաղթում են բոլոր նրանք, ովքեր ընտրում են ընկերությունը գրքի հետ և սովորում հաճույքով կարդալ ու վայելել ընթերցանության պահերը։ Դահլիճում ներկա փոքրիկները դա լավ գիտեին։ Վերջին հանդիպման ժամանակ նրանք լրացրել էին հայտադիմումներ, որոնցում նշել էին՝ իրենք ցանկանում էին լինել ելույթ ունեցողների, թե գնահատողների թիմում։ Ըստ կարդացած գրքերի քանակի, միջոցառումների մասնակցության թվի և ընդհանուր ակտիվության ցուցանիշերի՝ ընտրվել էին 22 մասնակիցներ, որոնք հավակնում էին դառնալու ծրագրի լավագույն ընթերցողներ։ Նրանք բեմից  մի քանի րոպեանոց ելույթներով ներկայացրին «Ամառային ընթերցանություն»–ում իրենց անցած ճանապարհը։ Գնահատող խմբի անդամները հատուկ ցուցանակներով հաստատեցին, որ նրանք արժանի  են դառնալու «Ամառային ընթերցանություն 2025»–ի լավագույն ընթերցող։

Այս տարի նաև նոր անվանակարգ էր ստեղծվել՝ ծրագրի դեսպաններ։ Այս անվանակարգում մրցանակ ստացան այն երեխաներն ու նախորդ տարիների մասնակիցները, որոնք շարունակում են հավատարիմ մնալ ծրագրին ու իրենց օրինակով ընթերցանությունը դարձնում վարակիչ։

 

 

Նվերներ և ավարտական հյուրասիրություն

Ելույթներին հետևեց պաշտոնական մրցանակաբաշխությունը։ Լավագույն ընթերցողները ստացան հավաստագրեր, հուշանվերներ ու փոքրիկ գրատնակներ։ Սեպտեմբերին «Զանգակ»–ի թիմը կայցելի նրանց դպրոցներ ու գրադարանին կնվիրի գրատնակների գրքերը, որպեսզի ընթերցանության հանդեպ սիրով վարակի մյուս դպրոցականներին։

Գնահատող հանձնախմբի անդամներն ու ծրագրի դեսպանները նույնպես ստացան հավաստագրեր և ծրագրի մասին հիշեցնող փոքրիկ հուշանվերներ։ Այնուհետև միասին կտրեցինք «Ամառային ընթերցանություն 2025» տորթը, ժպտացինք ու հիշեցինք ծրագրի լավագույն պահերը և խոստացանք անպայման  հանդիպել հաջորդ տարի։

Բաժանորդագրվիր մեր նորություններին