Զամբյուղ

Ամառ, որը գրվում է գրքերի էջերում

15 տարվա ընթացքում «Ամառային ընթերցանությունը» դարձել է ավելին, քան գրքային ծրագիր։ Դա հիշողություն է, ընկերություն և մի ճանապարհ, որտեղ յուրաքանչյուր գիրք բացում է նոր աշխարհ։
Հուլիսի 22, 2026 | Սյուզան Չիչակյան


Կան գրքեր, որոնք կարդում ենք մեկ ամառ, բայց հիշում ենք տարիներ շարունակ։ Կան նաև ամառներ, որոնք անցնում են գրքերի ուղեկցությամբ և դառնում հատուկ հիշողություն։ Արդեն 15 տարի «Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագիրը երեխաներին հրավիրում է հենց այդպիսի ճամփորդության՝ այնտեղ, որտեղ յուրաքանչյուր գիրք նոր աշխարհ է,  յուրաքանչյուր ընթերցող՝ նոր պատմության հերոս։

Ծրագիրը տարիներ շարունակ 7–13 տարեկան երեխաներին համախմբում է գրքի շուրջ՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ ընթերցանությունը դառնում է ոչ թե պարտականություն, այլ հաճելի բացահայտում, ընկերության և ինքնարտահայտման հնարավորություն։Երևանի և մարզերի տարբեր գրախանութներում տեղադրված գրատնակները դարձել են ծրագրի ամենասիրված խորհրդանիշերից մեկը։ Գրքերն այստեղ  չեն մնում տեղում․ դրանք անցնում են ձեռքից ձեռք, գտնում նոր ընթերցողների և միավորում երեխաներին ընդհանուր հետաքրքրության շուրջ։

«Ամառային ընթերցանություն 2026»–ին մասնակցում է շուրջ 250 երեխա։ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Չարենցավանի և Աբովյանի 20 գրախանութներում տեղադրված գրատնակներում նրանք երեք ամիս շարունակ փոխանակում են և կարդում «Զանգակ» հրատարակչության 41 գրքերից կազմված ընտրանին։

Երևանյան հանդիպումներն անցկացվում են «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում։ Միջոցառումները նվիրված են համամարդկային արժեքների՝ բարության, ընկերասիրության, հոգատարության, հայրենասիրության և ընտանեկան արժեքների շուրջ զրույցներին։ Երեխաները մասնակցում են քննարկումների, ստեղծագործական խաղերի, բացահայտում, որ գիրքը կարող է դառնալ նոր ընկերության սկիզբը։Այս տարի ծրագրին միացել է նաև մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանը, որը յուրաքանչյուր հանդիպման ընթացքում երեխաների հետ քննարկում է գրքերում արծարծվող արժեքներն ու թեմաները, կազմակերպում հետաքրքիր հոգեբանական խաղեր և օգնում, որ ընթերցանությունը վերածվի ինքնաճանաչման ու բացահայտումների ճանապարհի։

Այս տարվա ամփոփումն առանձնահատուկ է․ ծրագրի լավագույն ու ամենաակտիվ մասնակիցներին ընտրելու են հենց երեխաները։ Մասնակիցները հնարավորություն կունենան դառնալու լավագույն ընթերցողի թեկնածու կամ ժյուրիի անդամ։

Լավագույն ընթերցողները կներկայացնեն իրենց ընթերցողական ճանապարհը ստեղծագործական ելույթներով՝ պատմելով սիրելի գրքերի, հերոսների և այն արժեքների մասին, որոնք բացահայտել են ծրագրի ընթացքում։ Իսկ ժյուրիի անդամները կստանձնեն կարևոր դեր՝ լսելու, գնահատելու և ոգևորելու իրենց ընկերներին։

Ծրագրի հաղթողները կստանան գրատնակների խորհրդանշական մանրակերտը, իսկ սեպտեմբերին նրանց դպրոցների գրադարաններ կուղևորվեն ծրագրի գրքերը՝ նոր ընթերցողներ ներգրավելու համար։

15 տարվա ընթացքում «Ամառային ընթերցանությունը» դարձել է ավելին, քան գրքային ծրագիր։ Դա հիշողություն է, ընկերություն և մի ճանապարհ, որտեղ յուրաքանչյուր գիրք բացում է նոր աշխարհ։

Լավ գիրքը չի ավարտվում վերջին էջով, իսկ «Ամառային ընթերցանություն»-ում հաղթում է յուրաքանչյուր երեխա, որն ընտրել է ընկերությունը գրքի հետ։

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին