Որ գրականությունը, արվեստն ու երաժշտությունն առհասարակ հասցեագրված ու հասու են միայն ազնվական խավին, ֆրանսիական հին պատկերացում է, որին հետևում էր անգամ Բոդլերը: Եվ ահա ժամանակակից (աշխարհահռչակ) ֆրանսիացի գրող և փիլիսոփայության պրոֆեսոր Մյուրիել Բարբերին վերանայում է այս պատկերացումը:
Հիսունչորսամյա այրի Ռընեն, որը հարուստ բազմաբնակարան առանձնատան դռնապան է աշխատում արդեն քսանյոթ տարի, ատամներով պաշտպանում է իր անշուք ու աննկատ լինելու երևույթը և համառորեն փորձում է դիմացինի համար լինել անհետաքրքիր՝ երբեմն ստիպված լինելով ցուցադրել, որ անտաշի մեկն է:
Ինչո՞ւ:
Ռընեն աշխատանքից կորզած ամեն պահն անցկացնում է ընթերցելով, ֆիլմեր դիտելով և երաժշտություն լսելով:
ՌԸՆԵ
Ինչպես միշտ, ես փրկված եմ, քանի որ մարդիկ անկարող են հավատալու երևույթներին, որոնք դուրս են իրենց իսկ մտավոր փոքրիկ սովորույթների սահմաններից: Դռնապանը չի կարդում գերմանական գաղափարախոսություն, հետևաբար չի կարող մեջբերել Ֆոյերբախի մասին տասնմեկերորդ դրույթը: Իսկ եթե դռնապանը կարդում է Մարքս, ապա անխուսափելիորեն հավակնում է կործանման՝ վաճառելով հոգին սատանային, որի անունն է արհմիություն: Այն, որ նա կարող է կարդալ Մարքս՝ ոգու և մտքի վսեմացման համար, անհեթեթություն է, որը չի անցնի ոչ մի բուրժուայի մտքով:
Իսկ Ռընեի մտքով չի անցնում, որ այդ շենքում ապրում է իրեն հոգեհարազատ մի մարդ:
***
Պալոման նախադեռահասային տարիքի աղջնակ է, որ, արդեն գուշակեցինք, ապրում է բարգավաճ (բարձր խավի) ընտանիքում և չափից ավելի խելացի է՝ հասկանալու իրերի իրական դրությունը: Ունի իրենց տունն այրելու և ինքնասպան լինելու ծրագրեր:
ՊԱԼՈՄԱ
Ա՛յ, ա՛յ, ա՛յ, ինքս ինձ ասացի՝ արդյոք հենց այդպես է պետք ապրել կյանքը: Մշտապես հավասարակշռություն պահպանել գեղեցկության և մահվան, շարժման և անշարժացման միջև: Գուցե հենց սա՞ է ապրելը. որսալ մեռնող պահերը:
Պալոմայի և Ռընեի համար չափազանց կարևոր է գեղեցկության որոնումը և դրան հասու լինելը: Նրանք ներքուստ միայնակ են իրենց ձգտումներում, իսկ արտաքնապես նրանց ոչ ոք չի կարևորում:
ՌԸՆԵ
Եթե մինչև հիմա երևակայում էիք, թե տգեղությունից մինչև ծերություն, այրիությունից մինչև դռնապանություն դարձել եմ խղճուկ ճակատագրիս համակերպված թշվառ մի արարած, ապա ասեմ՝ ձեզ պակասում է երևակայությունը: Ես, իհարկե, նահանջել եմ՝ հրաժարվելով պայքարից: Բայց իմ մտքի գաղտնարաններում չկա մի մարտահրավեր, որը չկարողանամ հաղթահարել: Լինելով անունով, դիրքով ու տեսքով ոչնչություն՝ իմ գիտակցության մեջ ես անհաղթ աստվածուհի եմ:
Մինչ Մյուրիելը՝ վեպի հեղինակը, Ռընեին ու Պալոմային կծանոթացնի նույնքան պայծառատես ճապոնացի Կակուրո Օզուի հետ, մեր վեպի երկու չափազանց հմայիչ կերպարները լիարժեք բացահայտված են մեր առաջ: Նրանց բոլորին պակասում է ընկերությունը:
ԿԱԿՈՒՐՈ ՕԶՈՒ
Այս տարեց ճապոնացին հայտնվում է միայն ֆրանսիացիներով բնակեցված ճոխ առանձնատանը: Նա զբաղվել է Hi Fi սարքավորումներ Եվրոպա ներմուծելով և իր գեղագիտական ճաշակը զարգացնելով:
Գրընել փողոցի 7–րդ տունը տասնհինգ օր շարունակ ցնցվում էր նկարիչների, ատաղձագործների, խողովակագործների, խոհանոցային սարքավորումների տեղադրման մասնագետների, կահույքի, գորգերի, էլեկտրատեխնիկայի առաքիչների և վերջապես տեղափոխող բանվորների ելումուտից, որոնք վարձված էին, ինչպես երևում է, ոտքից գլուխ ձևափոխելու հինգերորդ հարկը, որն այցելելու ցանկությունից մեռնում էին բոլորը:
Այո՛, նրանք բոլորը հանդիպում են: Իսկ մենք ավարտում ենք այստեղ: Վեպը հանձնում ենք Ձեր ընթերցմանը:
Մյուրիել Բարբերին ոչ միայն չափազանց հետաքրքիր սյուժե է առաջարկում, այլև երկխոսում է իր փիլիսոփա ավագների հետ:
Խելքից շահույթ ստանալու փոխարեն կարելի է տեսնել կյանքի շարժման գեղեցկությունը՝ մշտապես հավասարակշռություն պահպանելով գեղեցկության և մահվան, շարժման և անշարժացման միջև:
Գեղեցկություն կարող են որոնել ու գտնել բոլորը: Իսկ ի՞նչ կասեք հարուստնե՜րի մասին, Բարբերի՛:
— Քաղաքականությունը,— ասում է նա ինձ,— խաղալիք է փոքրիկ հարուստների համար, որ չեն ուզում զիջել ոչ ոքի:
Գեղեցիկի նկատմամբ պարտքը հարուստներինն է: Հակառակ դեպքում նրանք արժանի են մահվան:
ՌԸՆԵ, դու ի՛մ հերոսն ես:
Ես մտածում եմ աշխարհում եղած գեղեցկության մասին, այն ամենի, ինչ կարող է մղել մեզ դեպի կյանքի շարժումը: Կյանքի շարժման օրագիրն, այսպիսով, կնվիրվի մարդկանց, կենդանիներին, ի վերջո, եթե իսկապես այլևս ոչինչ չլինի ասելու, իրերի շարժմանը և այնպիսի անհավանական գեղեցիկ բանի փնտրտուքին, որի գոյությունը կյանքը կարժևորի: Գեղեցկություն, ներդաշնակություն, եռանդ: Եթե գտնեմ դրանք, գուցե վերանայեմ ընտրությունս. եթե գեղեցիկ գաղափարի փոխարեն գտնեմ մարմնական գեղեցիկ մի շարժում, գուցե մտածեմ, որ կյանքն արժե ապրել:
Որտե՞ղ է գեղեցկությունը: Մեծ բաների մեջ, որոնք, ինչպես մյուսները, դատապարտված են մահվան, կամ փոքր բաների մեջ, որոնք, չհավակնելով ոչնչի, գիտեն պահի մեջ հավերժության բողբոջ դրվագել: