Զամբյուղ

Պատից այն կողմ

Եվ ի վերջո ի՞նչ կլիներ, եթե հանկարծ իսկապես ամեն ինչ կանգ առներ․․․
Հուլիսի 02, 2024 | Հասմիկ Եղիազարյան

Մի առավոտ նրա կյանքը կիսվեց անտեսանելի պատով։ Այս պատը նրան բաժանեց իր նախորդ կյանքից, աշխարհի ու մարդկության մնացած մասից։ Պատճառը գուցե ինչ–որ արհավիրք էր, կամ ձախողված գիտափորձ, բայց փաստն այն է, որ  լեռներում գտնվող ամառանոց զարմիկներին այցելության գնացած հերոսուհին, որի անունը երբեք չենք իմանա, հայտնվեց անտեսանելի պատի առջև․․․

Նա պիտի նորովի կառուցի իր առօրյան, անի անսպասելի բացահայտումներ, հրաժարվի շատ սովորություններից ու ձեռք բերի նորերը։ Նրա կյանքն այլևս ենթարկվելու է բնության շրջապտույտին, իսկ այս արկածի կամ կյանքի նոր փուլի ուղեկիցներն են դառնալու առեղծվածային իրադարձությունից հետո հայտնված կենդանիները՝ Լուսանը, Մարգարիտը, Բելլան։

Նա ստիպված է լինելու վերհիշել հողի, բերքի, որսի մասին իր ունեցած գիտելիքը, որպեսզի կարողանա շարունակել գոյությունը։ Նա  կհեռանա իր մարդկային էությունից՝ դառնալով  մասնիկը կենդանական աշխարհի․․․ Բայց գուցե դա ոչ թե հեռացում է այլ վերադա՞րձ, վերադարձ նախնական բնությանը, նախասկզբին։

Անշուշտ, նա կկարոտի որոշ բաներ․ «Նարինջ ուտելու սարսափելի պահանջ էի զգում, և այն միտքը, որ երբեք նորից նարինջ չէի ուտելու, աչքերս արցունքով էր լցնում»։   Կարոտելո՞ւ է արդյոք հին կյանքը որպես այդպիսին, մարդկանց, աշխատանքը, մարդու կողմից հաստատված օրենքները, «քաղաքակրթությունը», որոնք սիտիպում են անել բաներ, որոնք գուցեև չէր ուզենա անել, օրինակ խաբել․ «Նախկին կյանքիս հանգամանքներն ինձ հաճախ էին հարկադրել խաբելու. բայց հիմա վաղուց վերացել էին ստելու համար ցանկացած առիթ ու ցանկացած ներողություն: Չէ՞ որ այլևս մարդկանց մեջ չէի ապրում:»

Ինչպե՞ս կվարվի, եթե իր նոր աշխարհում հայտնվի ևս մի մարդ․․․

Հերոսուհու անունը երբեք չենք իմանա, քանի որ նրա անունը պատից այն կողմ ոչ ոք չի տա։ Ամեն դեպքում նա թղթին է հանձնում իր կյանքի պատմությունը, որպեսզի պահպանի մարդուն այլ արարածներից տարբերող կարևորագույն հատկանիշներից մեկը՝ հիշելու ունակությունը։ Չէ՞որ եթե մի բան գրվում է, ապա գրվում է ինչ–որ մեկի համար, մեզ համար։



*** 
Համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի թրեյլերը

Քառասունամյա կինն անսպասելիորեն հայտնվում է անտառում։ Բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարելով՝ աստիճանաբար սովորում է ապրել բնության հետ ներդաշնակ։ Նրա օրագրի էջերից ընթերցողը կպարզի հերոսուհու նոր առօրյան, հոգևոր վերածնունդն ու ինքնաճանաչման ճանապարհը։

Այս հուզիչ պատմության միջոցով հեղինակը նոր դիտանկյունից է անդրադառնում մարդ-հասարակություն և մարդ-բնություն փոխհարաբերություններին՝ բացահայտելով մեր ներքին ու արտաքին աշխարհների ներդաշնակությունը։

Պատը

Մառլեն Հաուզհոֆեր

Բաժանորդագրվիր մեր նորություններին