Զամբյուղ

Մտածե՞լ եք, թե ինչպես եք մտածում

Մանկուց՝ մեր սովորած կենսաբանությունը մարմնի մասին է, բայց ոչ՝ մեր մտածողության:
Մայիսի 29, 2024

Այս գիրքն արագ կամ դանդաղ մտածելու մասին չէ: Գիտական է, միայն թե չլարվե՛ք՝ շատ մատչելի լեզու ունի, հայերեն թարգմանությունն էլ արտակարգ է: Շնորհակալությո՛ւն Լիլիթ Հայրապետյանին: Վերջապես՝ ձեր ձեռքին կարող է լինել մի գիրք, որը պարզ ու հասկանալի բացատրում է, թե ինչպես է մեր խոսքն արտահայտում հենց այդ ծնված միտքը, ինչ հիմքով են ձևավորվում մտքերը, այսինքն՝ ինչպես է մեր ուղեղը կարծիքներ ծնում, ճանաչում, որոշումներ կայացնում, վախենում և այլն:

Այո՛, մենք կարող ենք մարզել մեր միտքը, և այս գիտակցմանը մենք գալիս ենք վաղ մանկությունից: Մինչդեռ ընտանիքը, ընկերները և անգամ դպրոցն ու ուսումը առանձնապես մեզ գործիքներ չեն տալիս, որ զարգացնենք ինքնաճանաչողությունը (որը տեղի է ունենում հիմնականում ինքնակրթության ժամանակ), մեր սովորած կենսաբանությունը մարմնի մասին է, բայց ոչ՝ մտածողության:

Սա այն քիչ գրքերից է, որ ձեռքի տակ անհրաժեշտ է ունենալ, եթե ուզում եք տիրապետել ձեր մտածողությանը, թե որոնք են մեր՝ ի ծնե հմտությունները, ինչպես մարզել դրանք, ինչպես մարզել վերլուծական, դատողական մտածողությունը: Ինչ խոսք, դա կօգնի նաև հասկանալու, թե ինչն է ձեր հարազատին, գործընկերոջը կամ բիզնես գործընկերոջն առաջնորդում:

Առաջարկվող մեխանիզմը հետևյալն է. Համակարգ 1–ը մեր արագ մտածողությունն է, Համակարգ 2–ը՝ դանդաղը, վերլուծականը: Համակարգ 1 և 2 անվանումները պայմանական են, ընտրված են այդպես, որովհետև քիչ աշխատանքային հիշողություն են պահանջում: Քանեմանն ասում է․ «Այն, ինչ զբաղեցնում է ձեր աշխատանքային հիշողությունը, նվազեցնում է մտածելու կարողությունը»:
 

Ստորև բերված մեջբերումներն ավելի պարզ կներկայացնեն գրքի արժանիքները (մեջբերումները՝  գրքի առաջին բաժնից):

***

Համակարգ 1–ի ունակությունները ներառում են այնպիսի ի ծնե հմտություններ, որոնցով օժտված են նաև կենդանիները: Մենք ծնվում ենք պատրաստ ընկալելու մեզ շրջապատող աշխարհը, ճանաչելու առարկաները, ուղղորդելու ուշադրությունը, խուսափելու կորուստներից և վախենալու սարդերից: Այլ մտավոր գործողություններ դառնում են արագ ու մեքենայական տևական ժամանակ մարզելուց հետո:


***
Համակարգ
1–ը ինքնաբերաբար աշխատում է, իսկ Համակարգ 2–ը սովորական ջանք խնայող կարգավիճակում է, որի դեպքում իր հնարավորությունների միայն մի փոքր մասն է օգտագործվում: Համակարգ 1–ը շարունակաբար առաջարկություններ է գեներացնում Համակարգ 2–ի համար՝ տպավորություններ, կանխազգացումներ, մտադրություններ ու զգացողություններ: Երբ Համակարգ 2–ը հաստատում է, տպավորություններն ու կանխազգացումները վերածվում են համոզմունքների, իսկ ազդակները՝ կամային գործողությունների: Երբ ամեն ինչ հարթ է ընթանում, ինչպես դեպքերի մեծամասնությունում, Համակարգ 2–ը ընդունում է Համակարգ 1–ի առաջարկները առանց փոփոխության կամ չնչին փոփոխություններով: Մարդը, որպես կանոն, հավատում է իր տպավորություններին ու գործում համապատասխան իր ցանկությունների, և դա միանգամայն նորմալ է (սովորաբար):

Երբ Համակարգ 1–ը դժվարությունների է բախվում, օգնության է կանչում Համակարգ 2–ին, որպեսզի ավելի մանրակրկիտ մշակման միջոցով հնարավոր լինի լուծել տվյալ խնդիրը:


***

Համակարգ
2–ի խնդիրներից մեկը Համակարգ 1–ի հակազդումները վերահսկելն է: Այլ կերպ ասած՝ Համակարգ 2–ը պատասխանատու է ինքնավերահսկման համար:

***

Երբ մարդը որևէ հմտություն է զարգացնում, հետզհետե ավելի քիչ էներգիա է պահանջվում դրա համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ հմտության զարգացման հետ մեկտեղ ավելի քիչ գլխուղեղային կենտրոններ են մասնակցում գործողությանը25: Տաղանդը նմանատիպ ազդեցություն ունի: Բարձր ինտելեկտով անհատները ավելի քիչ ջանք են գործադրում նույն խնդիրները լուծելիս: Դրա մասին վկայում են նրանց բիբերի չափերը և գլխուղեղի ակտիվությունը26: Ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր գործունեության դեպքում գործում է մեկ ընդհանուր «նվազագույն ջանքի օրենքը»27: Համաձայն այդ օրենքի՝ եթե նույն նպատակին հասնելու մի քանի եղանակներ կան, մարդիկ, ի վերջո, հակված են ընտրելու ամենաքիչ ջանք պահանջող ուղին: Գործողությունների տնտեսության մեջ ջանքը ծախսն է, և հմտության ձեռքբերումը օգուտի ու ծախսի հավասարակշռումն է: Ծուլությունը մեր բնության անքակտելի մասն է:


ՕՐԻՆԱԿ

Որևէ
առաջադրանքի վրա խոր կենտրոնացումը կարող է մարդկանց «կուրացնել» նույնիսկ այնպիսի ազդակների հանդեպ, որոնք սովորական պայմաններում չէին կարող վրիպել ուշադրությունից: Ամենաակնառու օրինակը բերված է Քրիստոֆեր Չաբրիզի ու Դենիել Սայմընսի «Անտեսանելի գորիլան» գրքում: Նրանք նկարահանել են կարճ տեսահոլովակ, որտեղ երկու թիմ բասկետբոլի գնդակ են փոխանցում միմյանց, թիմերից մեկի անդամները սպիտակ շապիկով են, մյուսի անդամները՝ սև: Դիտորդներին ցուցում է տրվում հաշվել, թե քանի անգամ է սպիտակ շապիկով թիմը փոխանցում կատարում՝ անտեսելով սև թիմի խաղացողներին: Առաջադրանքը բարդ է ու կենտրոնացում է պահանջում: Հոլովակի կեսին գորիլայի հանդերձանքով կին է հայտնվում, քայլելով հասնում է խաղահրապարակի մեջտեղը, կանգ առնում, բռունցքներով հարվածում կրծքավանդակին ու հեռանում: Գորիլան կադրում է լինում ինը վայրկյան շարունակ: Հազարավոր մարդիկ են դիտել հոլովակը, և նրանց գրեթե կեսը ոչ մի անսովոր բան չի նկատել: «Կուրությունը» ի հայտ էր եկել հաշվելու առաջադրանքի պատճառով (հատկապես դեր էր խաղացել մյուս թիմին անտեսելու ցուցումը): Հոլովակը դիտողներից ոչ մեկը չի կարող չնկատել գորիլային, եթե հաշվելու առաջադրանք տրված չլինի: Տեսնելն ու տեղորոշելը Համակարգ 1–ի ինքնավար գործառույթներից են, բայց դրանք կախված են համապատասխան ազդակների միջև ուշադրության տեղաբաշխումից: Հեղինակները կարծում են, որ գիտափորձի ամենանշանակալի դիտարկումն այն է, որ մարդկանց ապշեցնում են արդյունքները: Իսկապես, փորձարկվողները, որոնք չեն նկատում գորիլային, ի սկզբանե համոզված են, որ նման բան չի եղել. նրանք չեն կարողանում պատկերացնել, որ նման արտասովոր բանը կարող է վրիպած լինել ուշադրությունից: Գորիլայի գիտափորձը երկու կարևոր փաստ է պարզաբանում մեր մտավոր գործունեության մասին. մենք կարող ենք կույր լինել ակնառու բաների նկատմամբ, և մենք կույր ենք նաև մեր կուրության նկատմամբ:

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին