Զամբյուղ

Դպրոցում ուրախ կլինի

Զանգակում երկու ընկեր են հայտնվել՝ ՊՐՊՏԻԿՆ ու ՄՏՄՏԻԿԸ: Շատ կարևոր գործով են եկել․ Զանգակի մի շարք դասագրքերով սովորող երեխաների ընկերն են լինելու, առայժմ՝ Մայրենիի դասագրքերի կենդանի հերոսները:
Ապրիլի 02, 2024

Զանգակում երկու ընկեր են հայտնվել՝ ՊՐՊՏԻԿՆ ու ՄՏՄՏԻԿԸ:

Շատ կարևոր գործով են եկել․ Զանգակի մի շարք դասագրքերով սովորող երեխաների ընկերն են լինելու, առայժմ՝ Մայրենիի դասագրքերի կենդանի հերոսները:

Պրպտիկի ու Մտմտիկի արկածներին հնարավոր կլինի ծանոթանալ ոչ միայն դասագրքերում, այլև «Զանգակ» հրատարակչության առանձին յութուբյան ալիքում։

Արդեն պատրաստ են Պրպտիկի ու Մտմտիկի մասնակցությամբ ուսուցողական, հետաքրքիր ու որակյալ նկարահանված առաջին տեսանյութերը՝ QR կոդի հասանելիությամբ։ Երեխաներին այլ բան չի մնա, քան սովորել հաճույքով:

«Օրվա օգտագործվող ջրի քանակից մինչև քայլելու առողջարար սովորության միջոցով «Զանգակ»-ի կենդանի հերոսները բացահայտում են աշխարհն իրենց համար ու նույն հնարավորությունը տալիս են երեխաներին»,— ասում է հոլովակների սցենարիստ, արձակագիր Անի Մաղաքյանը:

Պրպտիկն ու Մտմտիկն ինքնուրույն են կազմակերպում իրենց առօրյան, օրակարգը, տրամաբանում են և անդրադառնում բազմաթիվ համամարդկային խնդիրների և արժեքների, ձևավորում են շատ կարևոր օգտակար սովորություններ՝ խոսում են երեխայի ականջին հաճելի պարզ, հեքիաթային, միևնույն ժամանակ՝ գրագետ և կիրթ կառուցված լեզվով:

Զանգակի նոր կերպարներին ստեղծել է նկարիչ, դիզայներ Նելլի Ադամյանը:

«Երբ ինձ վստահվեց «Մայրենիի» դասագրքի ձևավորումը, և երբ կարդացի Պրպտիկի մասին, առաջինը մտածեցի հետաքրքրասեր, ամբողջ օրը փնտրտուքի մեջ անցկացնող չարաճճի ջրարջուկի մասին: Իսկական երեխայի պես կլորացրած աչքերով նա նայում է այնպես, ասես ոչ մի արտասովոր բան չի արել:  Այսպես Պրպտրիկը «կենդանացավ», անգամ հասցրեց մտնել Զանգակի տպարան ու պոչը պատահմամբ դեղին ներկել։ Հետագայում  Պրպտիկին միացավ նրա ընկերուհին՝ Մտմտիկը»։ 

Մեր այս անուշիկ կերպարների մասնակցությամբ երեխաներին նորանոր ուսումնական և ուրախ հոլովակներ են սպասում:

Հետևե՜ք մեզ սոցիալական հարթակներում․ դասագրքերի և մեր հերոսների մասին շուտով կպատմենք ավելին:

 

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին