ՈՎ Է ՀՈՄԵՐՈՍԸ
Հոմերոսի անձը խորհրդավոր է. նրա մասին ժամանակակիցների տեղեկություններ չկան։
Ենթադրվում է, որ նա ապրել է Տրոյական պատերազմի օրոք (մ.թ.ա. 1184 թ., չհաստատված), կամ այն ժամանակ, երբ Հերակլեսի սերունդները՝ առասպելական Հերակլիդները, վերաբնակվել են Պելոպոննեսոսում (ինչպես կարծում էին հույները՝ Տրոյական պատերազմից 80 տարի անց)։ Մ.թ.ա. V–IV դարերում գրված նրա կենսագրությունը վերագրվել է պատմահայր Հերոդոտոսին։
Արիստոտելը Հոմերոսին, բացի «Իլիական»-ից ու «Ոդիսական»-ից, վերագրել է նաև մեզ չհասած զավեշտա-հերոսական մի պոեմ՝ «Մարգիտես» («Պոետիկա», 1448b–1449a) վերնագրով։ Իսկ Թեագենես Հռեգիացին (մ.թ.ա. VI դար) կարծում էր, որ Հոմերոսի երկերն այլաբանական, այլ ոչ թե պատմական նշանակություն ունեն։
Մ․թ․ա․ VI դարից ի վեր, տարբեր իշխանավորների (Սոլոնին, Պիսիստրատոսին կամ Հիպպարքոսին) վերագրված հրահանգներով՝ Հոմերոսի պոեմներն ամբողջովին արտասանվել են Աթենքում՝ Աթենա դիցուհուն նվիրված Համաթենականք տոնակատարության ժամանակ։
Հնարավոր է՝ Հոմերոսը մոտավորապես ունեցել է այն արտաքինը, որով նա մեզ է ներկայանում պահպանված բազմաթիվ կիսանդրիներով։
ԻՆՉՊԵՍ Է ՄԵԶ ՀԱՍԵԼ ԻԼԻԱԿԱՆԸ
«Իլիական»-ի ամենավաղ ձեռագիր նմուշը մ.թ.ա. III դարի պապիրուս է։
Մ․թ․ա․ III–II դարերում Հոմերոսի պոեմները դարձել են Ալեքսանդրիայի նշանավոր գրադարանի բանասերների՝ Զենոդոտոս Եփեսացու (մ.թ.ա. մոտ 330–260), Արիստոֆանես Բյուզանդացու (մ.թ.ա. 257–185) և ամենից ուսյալ Արիստարքոս Սամոթրակացու (մ.թ.ա. մոտ 217–145) ուսում-նասիրության առարկա։ Նրանք համեմատում էին իրարից շեղումներ պարունակող տարբեր ձեռագրեր և իրենց ճիշտ թվացող ընթերցումներ ընտրում։ Իսկ լուսանցքներում մեկնություններ (սքոլիաներ) էին գրում՝ փորձելով բացատրել զանազան հատվածներ։ Այդ վիճակով են պոեմներն ընդօրինակվել միջնադարում՝ հասնելով գրատպության դարաշրջան։
Պահպանվել է Հոմերոսի պոեմների ավելի քան 1000 ձեռագիր՝ շատ ավելին, քան որևէ այլ անտիկ հեղինակի գործերի։ Մոտ 300-ն ընդօրինակվել են IX–XIV դարերում։ Կա 52 թերթ «Իլիական»-ի մի բացառիկ ձեռագրից՝ Ilias Ambrosiana (թերթերը պահվում են Միլանի Bibliotheca Ambrosiana-ում), ընդօրինակված V դարի վերջին կամ VI դարի սկզբին, Ալեքսանդրիայում կամ Կոստանդնուպոլսում։ Ձեռագիրը շքեղորեն նկարազարդ է եղել. թերթերի մեծ մասի երեսի կողմը մանրանկար է, իսկ բնագիրը՝ հակառակ կողմում։
1488 թ․ «Իլիական»-ն ու «Ոդիսական»-ն առաջին անգամ միասին հրատարակվել են Ֆլորենցիայում, և դրանով առհասարակ սկիզբ է դրվել հին հունական գրականության տպագրությանը։
ԻԼԻԱԿԱՆԻ ՍՅՈՒԺԵՆ
«Իլիական»-ի կենտրոնական թեման «Աքիլլեսի քենն» է, նրա հրաժարվելը կռվելուց, աքայացիների տառապանքն ու կորուստները նրա բացակայությամբ, նրա մտերիմ ընկեր Պատրոկլոսի մահը, որ փորձում էր աքայացիներին փրկել Աքիլլեսի պատճառով վրա հասած արհավիրքից, և Աքիլլեսի վրեժը Պատրոկլոսին սպանած Հեկտորից։ Իսկ սա ոչ թե սոսկ պատում է, այլ ողբերգություն: Դժվար է Հոմերոսի երկում գտնել լիովին դրական կամ բացասական կերպարներ, քանզի նրանք բազ-մակողմանի են ու հակասական՝ ինչպես մարդիկ իրական կյանքում։
Նախապատմությունը սա է. Զևսի ու Լեդայի դուստր Հեղինեն Հունաստանի ամենաչքնաղ կինն էր, և Լեդայի մահկանացու ամուսնուց՝ Տինդարեոսից նրա ձեռքը խնդրում էին բազմաթիվ հերոսներ։ Նրանց միջև վեճ էր ծագել, և Տինդարեոսը պահանջել էր, որ բոլորը երդվեն թշնամաբար չվերաբերվել Հեղինեի ընտրած տղամարդուն, ավելին՝ եթե հետագայում հարկ լինի, օգնեն նրան։ Հեղինեն ընտրել էր Սպարտայի արքա Մենելաոսին, որն իրոք շուտով մյուսների օգնության կարիքն էր զգացել։
Տրոյայի արքա Պրիամոսի որդի Պարիսը, հյուրընկալվելով Մենելաոսի տանը, առևանգել էր նրա կնոջը՝ Հեղինեին, վերջինիս համաձայնությամբ։ Սա էլ հետևանքն էր եղել Պարիսի դատի, երբ նա Հերայի, Աթենայի ու Աֆրոդիտեի միջև գեղեցկության մրցույթում նախապատվությունը տվել էր Աֆրոդիտեին, որը և պարգևատրել էր նրան ամենագեղեցիկ կնոջ սիրով։ Պարիսը Հեղինեին տարել էր Տրոյա (Իլիոն) և իր կինը դարձրել։
Մենելաոսի ավագ եղբայր՝ Միկենեի արքա Ագամեմնոնի գլխավորությամբ աքայացիք, Տինդարեոսին տված երդմանը հավատարիմ, Հեղինեին հետ բերելու համար հազար նավով եկել-պաշարել էին Տրոյան, որի պաշտպանությունը ղեկավարում էր Պրիամոսի որդի Հեկտորը։ Ինը տարի մնալով Տրոյայի մոտ և չկարողանալով այն գրավել՝ աքայացիք ավարի էին առել մերձակա բնակավայրերը։
Պաշարողների թվում էին երևելի ռազմիկներ, որոնք նաև Հունաստանի տարբեր քաղաքների, մարզերի ու առանձին կղզիների թագավորներ էին — Տելամոնյան Այասը, Դիոմեդեսը, Ոդիսևսը, ծեր Նեստորը, Թետիս դիցուհու որդի Աքիլլեսն ու իր մտերիմ ընկեր Պատրոկլոսը և ուրիշներ։ Աստվածների մի մասը, որոնց թվում՝ Աֆրոդիտեն, Ապոլլոնը և Արեսը, սատարում էին տրոյացիներին, իսկ մյուս մասը, որոնց թվում՝ Աքիլլեսի մայր Թետիսը, Հերան, Պոսեյդոնը, Աթենան և ուրիշներ՝ աքայացիներին:
Պոեմն ունի նաև «հետպատմություն»՝ դարձյալ հայտնի այլ աղբյուրներից։ Կարճ ժամանակ անց սպանվում է Աքիլլեսը, բայց նրա մահը չի փրկում Տրոյան։ Ոդիսևսի հորինած հնարքի՝ փայտե ձիու օգնությամբ հույներն առնում են, ավերում քաղաքն ու վերացնում Պրիամոսի թագավորությունը։ Ապա նրանք, տարբեր դժվարություններ հաղթահարելով, հայրենիք են վերադառնում։ Նրանցից մեկի՝ Ոդիսևսի արկածալից տունդարձի մասին է պատմում Հոմերոսի մյուս պոեմը՝ «Ոդիսական»-ը։
ՀՈՄԵՐՈՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ
Հոմերոսը հիմնովին չի փոխել բանահյուսությունից հայտնի առանցքային իրադարձությունները. տրոյացիները չպետք է հաղթեին պատերազմում, Աքիլլեսը չպետք է փրկվեր կամ Տրոյան գրավեր, իսկ Ոդիսևսը՝ սպանվեր։ Հայտնի պատմության գլխավոր դեպքերն ինչպես ոգեշնչել են Հոմերոսին, այնպես էլ նրա առաջ որոշակի սահմաններ դրել հեղինակային միջամտության համար։ Այդուհանդերձ, նա լավագույնս է օգտվել ստեղծագործական ազատությունից, ընդգծել կամ զարգացրել է զանազան դրվագներ, հայտնի դեպքերի միջև ընտրություն արել, դրանք պատմել յուրովի, հորինել կամ բաց թողել ինչ-ինչ մանրամասներ, կերպարներն օժտել այս կամ այն հատկանիշներով և ամեն բան ներկայացրել իր անկրկնելի լեզվով ու ոճով։ Պոեմի ողջ գործողությունը նա կառուցել է Ագամեմնոնի հանդեպ Աքիլլեսի քենի հիման վրա:
Տարբեր ժամանակաշրջաններ իրենց կնիքն են թողել նաև Հոմերոսի լեզվի վրա։ Այն հունարենի տարբեր ժամանակային շերտերի ու բարբառների խառնուրդ է՝ հոնիական ու էոլական։ Այդ խառնուրդում քերականական նույն վերջավորության երկու, անգամ երեք ժամանակային ու բարբառային տարբերակ կիրառվել են որպես բացարձակ հոմանիշներ՝ առանց անգամ ոճական զանազանության։ Իսկ արդեն Հոմերոսից հետո՝ V դարում աթենական տոնակատարությանը պարտադիր արտասանության նյութ դառնալուց հետո, այդ լեզուն իր մեջ նաև ատտիկյան բառեր ու քերականական ձևեր է ներառել։ Արդյունքում ստացվել է այսպես կոչված «էպիկական/հոմերոսյան բարբառ», որով ոչ ոք երբեք չի խոսել։ Դա արհեստական լեզու էր՝ առօրեականից բարձր ու փոքր-ինչ խորհրդավոր ոճ, որն այնուամենայնիվ հիմնականում հասկանալի էր բոլոր հույներին։
«Իլիական»-ում արտացոլված են ոչ միայն բրոնզեդարյան իրողություններ, ասենք՝ ճոխ պալատներ կամ զենքերի որոշակի տեսակներ (ինչը հաստատվել է հնագիտությամբ), այլև հետագա դարերի և արդեն Հոմերոսին ժամանակակից ինչ-ինչ տարրեր (երգասացները հնացած, անհասկանալի դարձած բառերն ու հասկացությունները փոխարինում էին նորերով, որ ունկնդիրն իրենց հասկանա)։ Բերենք մի ցայտուն օրինակ. ճիշտ է, զենքերն «Իլիական»-ում հիմնականում պղնձից են և հաճախ պարզապես «պղինձ» են կոչվում, ինչը բնական է բրոնզի դարի համար, սակայն հիշատակվում է նաև երկաթը, որը սովորական էր դարձել արդեն Հոմերոսի ժամանակ:
ԱՔԻԼԼԵՍ
Է՛լ ավելի անմիանշանակ է Աքիլլեսի կերպարը։ Անշուշտ նա ունի հիմնական հատկանիշեր՝ անպարտելի բազուկ, արագավազ ոտքեր և անողոք ու դյուրագրգիռ սիրտ, որոնք ողջ պոեմի գործողության շարժիչ ուժն են։ Բայց այդ ահեղ, վրեժխնդիր ու անգթորեն մահ սփռող, Պատրոկլոսի թաղմանը տասներկու տրոյացի տղա զոհաբերող և իր սպանած ախոյան Հեկտորի մարմինն անարգող մարտիկն անսահման սիրով կապված է իր ընկերոջը՝ Պատրոկլոսին և քնքուշ զգացմունք ունի իր գերուհու՝ Բրիսեիսի հանդեպ։ Պոեմի թերևս ամենահուզիչ դրվագում նրա սիրտը փափկում է, երբ ծերունի Պրիամոսն աղերսում է իրեն հանձնել որդու դին, նա հիշում է իր հորն ու արտասուք թափում դժբախտ հոր՝ Պրիամոսի հետ, անգամ խոստանում նրան կռիվը դադարեցնել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Հեկտորին պատվով թաղելու համար (XXIV.485–676)։
Այս յուրօրինակ հերոսի ճակատագիրը նույնպես յուրօրինակ է. նրա մայրը ծովային դիցուհի Թետիսն է, նրան դաստիարակել է կենտավրոս Քիրոնը (XI.831–832), նրա համար զենք ու զրահ է կռում ինքը՝ Հեփեստոս աստվածը, նրա Քսանթոս անմահ ձին խոսում է մարդկային լեզվով (XIX.408–417), և նա մարտնչում է Սկամանդրոս գետի դեմ։ Աքիլլեսը ողբերգական կերպար է, կանխավ գիտե, որ Հեկտորին սպանելուց հետո ինքն էլ շուտով պիտի զոհվի, սակայն չի կարող սիրելի ընկերոջ մահն անվրեժ թողնել (ի դեպ, միգուցե շեշտելու համար, որ Աքիլլեսը, իր զինակիցների նման, պարզապես մահկանացու հերոս է, Հոմերոսը չի հիշատակում ավելի ուշ աղբյուրներից հայտնի առասպելը, թե մայրը որդուն կրունկից բռնած թաթախել էր Ստիքս գետի մեջ ու դարձրել անխոցելի` բացի ձախ գարշապարից, որը նետահարելով էլ նրան սպանելու են Պարիսն ու Ապոլլոնը)։
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿՌՎՈՒՄ ԵՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ
Պատերազմը հրահրում են աստվածները, իսկ մարդիկ, վերջին հաշվով, իրենց ընտրությամբ չեն մասնակցում կռիվներին, այլ դրանք կանխորոշված են ու անխուսափելի և միշտ ընթանում են աստվածների միջամտությամբ։ Ինչ-ինչ պահերի աստվածներն անասելի ուժով ու քաջությամբ են օժտում որևէ մարտիկի, իսկ երբեմն՝ վախ ներշնչում։ Եվ չնայած մարդիկ այդ պարագայում, մերօրյա պատկերացումներով, կարծես ազատվում են իրենց դաժանության, փառասիրության ու ընչաքաղցության համար պատասխանատվությունից, բայց Հոմերոսի նպատակը ճիշտ հակառակն է՝ ամենայն ճշմարտացիությամբ ցույց տալ մարդ արարածի հավերժորեն անփոփոխ՝ հաճախ արատավոր ու անողոք էությունը՝ հանձինս թե՛ իրեն և թե՛ մարդանման աստվածների։
Աստվածները մշտապես միջամտում են մարդկային գործերին և փոխում իրերի ընթացքը։ Իրենց բարոյական նկարագրով, ճղճիմ կրքերով ու մտքերով՝ նրանք հաճախ ավելի խորշելի են, քան անգամ վատթար մարդիկ, ինչի դեմ բողոքել են որոշ անտիկ հեղինակներ: Իրենց կենցաղով ու վարքագծով նրանք հիշեցնում է մի մեծ, արտոնյալ, բայց անկազմակերպ նահապետական ընտանիքի անդամների, որոնք մահկանացուներից տարբերվում են նրանով, որ անմահ են, միշտ երիտասարդ, գեղեցիկ (բացի կաղ Հեփեստոսից, որը, ի դեպ, բարոյապես բարձր է մյուսներից) և ամենակարող։
Նրանք անկանխատեսելի են ու վտանգավոր, վիճում են, չարանում իրար և մարդկանց դեմ, նախանձում, խանդում, դավեր նյութում, միմյանց սադրում ու հեգնում, ամենաճղճիմ շարժառիթներով սատարում այս կամ այն մարտնչող կողմին, երբեմն էլ նույնիսկ անձամբ մասնակցում պատերազմին ու դառնում հակակրելի կամ զավեշտալի։ Աստվածային ստորության ամենացայտուն դրվագում Ապոլլոնը հարվածում է Պատրոկլոսին, զինաթափում նրան և մերկ կանգնեցնում մարտադաշտում, որից հետո նրան կարողանում է խոցել անգամ երկրորդական մի ռազմիկ:
ԻՍԿ Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՄԵԾ ԳԱՂՏՆԻՔԸ

Ամենից հետաքրքրականն այն է, որ Իլիականը հին հունարենից թարգմանած, առաջաբանն ու ծանոթագրությունները կազմած մեր երկու խիստ խաղաղասեր գիտնականները՝ Արամ Թոփչյանն ու Գոհար Մուրադյանը, կյանք ու ջանք են ներդնում հնամենի ժամանակների վայրագ կռիվների վերընթերցման մեջ: Հենց այդպիսի երկ է Իլիականը: Թերեւս գրականությունն ու գիտությունը փորձում են հաղթահարել աստվածներին ու մահկանացուներին միաժամանակ: Այս հարցը մեկ այլ գրառման առիթ է:
Իլիականի շուրջ թարգմանիչների զրույցը կարող եք կարդալ այստեղ: