Հին հունարենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները ` Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի
Գիրքն ընդգրկում է հույն մեծ կատակերգակ, «կատակերգության հայր» Արիստոֆանեսի (մ.թ.ա. մոտ 446 – մոտ 385) հինգ նշանավոր կատակերգություն՝ «Հեծյալներ», «Ամպեր», «Կրետներ», «Լիսիստրատե», «Գորտեր», բոլորը՝ բնագրային նոր թարգմանությամբ («Կրետներ»-ը, «Լիսիստրատե»-ն ու «Գորտեր»-ը հայերեն են թարգմանվել առաջին անգամ, «Հեծյալներ»-ի նախորդ՝ «Անտիկ գրականության քրեստոմատիա» ժողովածուում [1952] ընդգրկված թարգմանությունն արվել է ռուսերենից, «Ամպեր»-ը, որ Արամ Թոփչյանի բնագրային թարգմանությամբ առաջին անգամ լույս էր տեսել 1990 թ․, սույն հատորում ընդգրկված է էապես բարեփոխված տարբերակով): Առաջաբանում ոչ միայն քննարկվում են բուն կատակերգությունները, այլև համառոտ ներկայացվում են Արիստոֆանեսի կյանքը, հին հունական թատրոնի առանձնահատկությունները և կատակերգությունների կառուցվածքային ու տաղաչափական հատկանիշները: Արիստոֆանեսի կատակերգությունները գլուխգործոցներ են թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային առումով, նրա ներկայացրած ինտրիգային, ծիծաղաշարժ պատմությունները, քաղաքական սուր երգիծանքն ու կենցաղային սրամիտ հումորն ընթերցողին և հանդիսատեսին գրավել են դարեր շարունակ ու արդիական են նաև այսօր։
Կազմի առաջին էջին՝ կարմրաֆիգուր խառնարան (կրատեր, մ.թ.ա. 360–340 թթ.)՝ կատակերգական տեսարանով․ ձախում Դիոնիսոսն է, աջում՝ գլխին զամբյուղ պահած կատակերգակ դերասան (Բրիտանական թանգարան): Չորրորդ էջին՝ կատակերգակ դերասանի մարմարե դիմակ (մ․թ․ա․ II դ., Աթենքի հնագիտական թանգարան), կռնակին՝ Արիստոֆանես, հին հունական քանդակի՝ մ.թ.ա. I դարի հռոմեական պատճեն (Ֆլորենցիայի «Ուֆֆիցի» պատկերասրահ):