Թարգմանիչ, հեքիաթագետ
Ալվարդ Ջիվանյանը ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դոցենտ, անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր է, թարգմանիչ։ Հայերեն է թարգմանել է բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ «Հարրի Փոթեր» շարքի առաջին հինգ գրքերը:
1981-1986 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, ռոմանագերմանական բանասիրության ամբոնիում։ 1988-1991 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1990 թվականին Մոսկվայի լեզվաբանական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1991 թվականին Մոսկայի լեզվաբանական համալսարանում ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում։
1991 թվականից ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս է. դասավանդում է ակադեմիական անգլերեն, ոճագիտություն, բանահյուսություն և գրականություն։ 2007 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի դոցենտ է։
2009 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի կոչում։ 2009 թվականին Մ. Աբեղանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Հայ հրաշապատում հեքիաթի պոետիկան» թեմայով։
Գրել է հեքիաթին և մանկական գրականությանը նվիրված մի քանի մենագրություն: «Մարգարիտներ հայ թարգմանական հեքիաթագրության» մատենաշարի գիտական պատասխանատուն և տեսական մեկնությունների հեղինակն է:
Հոդվածներ է հրատարակել Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Էդինբուրգում, Բեյրութում, Վաշինգտոնում, Տարտուում: Կազմել և խմբագրել է «Իռլանդիա և Հայաստան, լեզվաբանական, պատմական և տեքստաբանական ուսումնասիրություններ» (Ireland and Armenia: Studies in Language, History and Narrative. Journal of Indo-European Studies, Monograph Series 61, Washington D. C., 2012) ժողովածուն:
2009 թվականից Հովհաննես Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավարն է, «Ոսկե դիվան. հեքիաթագիտական հանդեսի» և «Հասկեր. մանկական գրականության և բանահյուսության տարեգրքի» գլխավոր խմբագիրը: