Հայ արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ:
Ծնվել է 1981 թ. մարտի 4-ին, Սևան քաղաքում: 2006 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի պատմության և տեսության ամբիոնում: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող է:
30-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են Հայաստանում, Լեհաստանում, Չինաստանում, Լիբանանում: Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներին: Եղել է մի շարք թատերական փառատոների ժյուրիի անդամ: 2009-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «Միջազգային այցելու» ծրագրով մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելով «Մշակույթի լուսաբանումը մեդիայում» վերապատրաստմանը:
Գիտական ուսումնասիրությունն ընդգրկում է սարոյանագիտությունը, 20-րդ դ. արտասահմանյան թատրոնը և դրամատուրգիան, հայ և համաշխարհային թատրոնի պատմական և արդի փուլերը, ինչպես նաև թատերագրության և թատերագիտության մի շարք տեսական հարցեր:
2012 թ. Հայաստանի գրողների միության անդամ է: Ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, շվեդերեն, գերմաներեն, լեհերեն. հունարեն, անգլերեն, հունգարերեն՝ զետեղված հայ և օտարալեզու բազմաթիվ անթոլոգիաներում, գրական ամսագրերում: Ա.Ասլիբեկյանը չորս գեղարվեստական գրքերի և երեք մեթոդական ձեռնարկի և ուղեցույցի հեղինակ է: Պիեսները բեմադրվել են ՀՀ թատրոններում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում, մասնակցել բազմաթիվ միջազգային թատերական փառատոների, ստացել մի շարք գլխավոր մրցանակներ:
2017 թվականին արժանացել է «Գրքի երևանյան փառատոնի» 2-րդ մրցանակի՝ «Դրամատուրգիա» անվանակարգում: 2022 թ. Ա.Ասլիբեկյանի «Մերսեդես» մոնոդրաման և «Պրոֆեսորը» վիպակն ընդգրկվել են «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա» ուսումնական ձեռնարկում՝ 8-րդ և 10-րդ դասարանների համար նախատեսված գրքերում («Էդիթ Պրինտ», Երևան, 2022):
Բնակվում է Երևանում: