1940 - 2016
Գրաֆիկ-նկարիչ, նկարազարդող, գեղանկարիչ, բանաստեղծ
Ծնվել է Երևանում:
Սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտի գրքարվեստի բաժնում: Աշխատել է Վորկուտայում, որտեղ և սկսել է ստեղծագործական գործունեությունը:
1975թ. տեղափոխվել է Տաշքենդ, որտեղ աշխատել է «Երեկոյան Տաշքենդ» թերթի խմբագրությունում և Գ.Գուլյամի անվան գրականության և արվեստի հրատարակչությունում՝ որպես նկարիչ և գեղարվեստական խմբագիր: Ուզբեկական դասական պոեզիայի 5-հատորյակի ձևավորման և նկարազարդման համար գրքարվեստի հանրապետական մրցույթում 1981թ. արժանացել է առաջին կարգի դիպլոմի, իսկ «Արևելյան մանրանկարչություն» ալբոմի ձևավորումը Մոսկվայի գրքարվեստի համամիութենական մրցույթում արժանացել է հատուկ դիպլոմի, այնուհետև Ալմա Աթայում՝ առաջին կարգի դիպլոմի:
1978թ. վերադարձել է Երևան: Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Համագործակցել է Երևանի գրեթե բոլոր հրատարակչությունների հետ, հատկապես «Սովետական գրող», «Հանրագիտարան», «Լույս»:
1998-2016 թթ. աշխատել է «Զանգակ» հրատարակչությունում՝ որպես նկարիչ և գեղարվեստական խմբագիր: 1987թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, որտեղ 2005թ-ից ղեկավարել է գրաֆիկայի և գծանկարի ամբիոնը:
Մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային տարբեր գեղարվեստական ցուցահանդեսների, գրքարվեստի և տառարվեստի մրցույթների: Ընդհանուր առմամբ ձևավորել և նկարազարդել է ավելի քան 1000 անուն գիրք, որոնց մեծ մասը հրատարակված է տարբեր հրատարակչություններում:
Հանդես է եկել նաև Արա-Ռուսա գրական անվամբ: 2009թ. հրատարակվել է նրա «Ակնթարթ» վերնագիրը կրող ժողովածուն, որում տեղ են գտել իր ստեղծած 100 հոկկուները, ինչպես նաև ճապոնացի բանաստեղծների հոկկուների՝ իր կատարած թարգմանությունները: Թարգմանել է Բասյոյի, Բուսոնի, Իսյոյի, Տիյոյի, Ռիույի, Իսսայի և ճապոնացի այլ բանստեղծների հոկկուներ:
2015թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:
Մահացել է Երևանում: