Բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր
Արամ Թոփչյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության բաժնի վարիչն է:
Նրա թարգմանությամբ (անգլերենից և հին հունարենից հայերեն) լույս են տեսել բազմաթիվ երկեր, որոնց թվում` Քրիստոֆեր Մարլոյի «Ֆաուստ»-ը (1985), Հեսիոդոսի պոեմները, Արիստոֆանեսի «Ամպեր»-ը (1990), Էսքիլոսի յոթ ողբերգությունները (1991), Պինդարոսի քառասունհինգ ներբողները (1992), Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ը (1995), Լոնգոսի «Դափնիս և Քլոե»-ն (2011, Գոհար Մուրադյանի աշխատակցությամբ), Սոֆոկլեսի «Էդիպուս արքա»-ն, «Էդիպուսը Կոլոնոսում»-ը ու «Անտիգոնե»-ն (2016), Ապոլլոդորոսի «Դիցաբանական գրադարան»-ը (2017, Գոհար Մուրադյանի աշխատակցությամբ) և Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ը (2013), «Լիր արքա»-ն (2015) ու «Օթելլո»-ն (2018)` ընդարձակ ուսումնասիրություններով ու մեկնություններով («Համլետ»-ի համար նա արժանացել է Թեքեյան կենտրոնի «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին [2014]):
Արամ Թոփչյանի «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» մենագրությունը հրատարակվել է հայերեն (Երևան, «Սարգիս Խաչենց», 2001) և անգլերեն (Leuven–Paris–Dudley, MA: Peeters, 2006):
Նրա գլխավոր աշխատություններից է նաև Դավիթ Անհաղթի «Արիստոտելի «Առաջին անալիտիկա»-ի մեկնության»` հունաբան գրաբարից անգլերեն թարգմանությունը` զուգադիր հին հայերեն քննական բնագրով, առաջաբանով ու ծանոթագրություններով (Leiden–Boston: Brill, 2010):