Պատմաբան
Ծնվել է 1961թ. փետրվարի 16-ին, Ախալքալաքում:
2002թ-ից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենն է, 2015թ-ից՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Գլխավորում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական և պատմության ինստիտուտում գործող Հայոց պատմության մասնագիտական խորհուրդները։
Մի շարք գիտական խորհուրդների և գիտական հանդեսների խմբագրակազմերի անդամ է։ Հեղինակել է 11 գիրք և ավելի քան 150 գիտական հոդված։ Գիտական զեկուցումներով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում, աշխատությունները լույս են տեսել բազմաթիվ լեզուներով:
Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակի մեջ մտնում են Արևմտյան Հայաստանի, Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության (1915թ.), Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցերը։
1997-2009թթ Արևմտյան Հայաստանում նկարահանած տեսանյութի հիման վրա պատրաստել է հեռուստատեսային ֆիլմեր («Կարոտի Էրգիր», 2006թ., «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը», 2008թ. և այլն): 2007թ. բարձրացել է Արարատ լեռան գագաթը, և դրա հիման վրա ստեղծել «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» գիրքը և ֆիլմը (2008թ.):
1994թ. արժանացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակի, 2003թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2004թ.՝ «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի, 2006թ.՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալի, 2010թ.՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալի, 2011թ.՝ ԵՊՀ ոսկե մեդալի, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալի, «Մանկավարժական Համալսարան» հուշամեդալի, 2015թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: