Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ
1877- 1956
Ծնվել է Ախալքալակում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս.Տեր-Մելիքսեդեկյանին, 1892թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ 1898թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900թ. հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնաոուն գրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսանելու նպատակով 1903թ. մեկնել է Մոսկվա: 1905-10թթ սովորել և ավարտել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ: 1925թ. տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը:
1893թ. «Տարազ»-ում լույս է տեսել նրա անդրանիկ «Ապագան» բանաստեղծությունը։ Այնուհետև աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» և այլ պարբերականների։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899թ., երկրորդը՝ 1913թ.:
1923թ. գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը (1923թ. բեմադրվել է Երևանի պետական թատրոնում, 1924թ.՝ Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոններում, 1940թ. նկարահանվել է)։
Ստեղծագործության գլուխգործոցն է համարվում «Վարդանանք» պատմավեպը, որի առաջին գիրքը լույս է տեսել 1943թ., երկրորդը՝ 1946թ.:
Կյանքի վերջին տարիներին գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել։ Մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը» (1934թ.), «Արջուկ-լրջուկ» (1944թ.), «Ծտապար» (1947թ.) և այլ ստեղծագործություններ։
Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ, ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ 1940թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
Մահացել է Երևանում: