Պատմաբան
1944 - 2017
1961-66թթ սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետում, 1966-72թթ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում (անգլերեն լեզու), 1968-71թթ՝ Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում:
1972թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Անտիկ տիեզերագիտական հայացքների արտացոլումն Անանիա Շիրակացու «Տիեզերագիտությունում» և «Աշխարհացոյց»-ում թեմայով: 1988թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայ-բյուզանդական քաղաքական հարաբերությունները Սասանյան Պարսկաստանի մայրամուտին և Արաբական խալիֆայության սկզբնական շրջանում» թեմայով:
1971-78թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1978-89թթ՝ ավագ գիտաշխատող, մինչև 2010թ.՝ առաջատար գիտաշխատող, 2010թ-ից՝ «Հին դարերի պատմության» բաժնի վարիչը, գլխավոր գիտաշխատող: 1980-2000թթ դասավանդել է Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում, որտեղ 2000-06թթ եղել է երկրագիտության ամբիոնի վարիչը: 2015թ-ին հիմնել է «Հիմնարար հայագիտություն» անգլալեզու էլեկտրոնային հանդեսը:
Հեղինակել է ավելի քան 200 աշխատություններ: Գիտական հետաքրքրությունների ոլորտում եղել են հայոց հին և միջնադարյան պատմության հիմնահարցերը` կապված հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի տեղաբնիկության, հայկական պետականության, պատմական աշխարհագրության ու տիեզերաբանական պատկերացումների, քրիստոնեության և հայ առաքելական եկեղեցու վաղ պատմության, հայ-իրանական ու հայ-բյուզանդական հարաբերություների, Արցախի խնդիրների և բազում այլ հարցերի հետ: