Սերը գուցե կրքոտ զգացում չէ։ Ոչ էլ տենչանք, այլ ժամանակի փորձառություն, կյանքի այն բաժինը, որը կուտակվում է ամիսների ու տարիների ընթացքում։
(1920-1995)
Ճան Այլինը (Eileen Chang, 張愛玲) ծնվել է Ցին կայսրության գործչի ընտանիքում։ Վաղ հասակում բախվել է ընտանեկան բաժանությունների եւ աղջիկների մասնավոր դպրոցում ուսանելու տարիներից վարժ տիրապետելով անգլերենին՝ տրվել ընթերցանության։ Եղբոր հետ ապրել է հոր մոտ, ապա մեծանալով՝ նախընտրել է տեղափոխվել մոր մոտ։ 1939 ին հնարավորություն է ունեցել մեկնելու Լոնդոնի համալսարան, սակայն բաց է թողել երկրորդ չին-ճապոնական պատերազմի պատճառով։ Սովորել է Հոնկոնգի համալսարանում։ 1941-ին, երբ քաղաքը գրավել են ճապոնացիները, Ճանը վերադարձել է ծննդավայր Շանհայ։
Նրա գրական առաջին փորձերը եղել են դպրոցական տարիքում, իսկ Շանհայ վերադառնալուց հետո սկսել է լրջորեն զբաղվել գրականությամբ, անգլալեզու հեղինակների թարգմանությամբ։ 1952 թվականին գրողը կրկին մեկնել է Հոնկոնգ, իսկ 1955-ին՝ Միացյալ նահանգներ՝ մեկընդմիշտ լքելով Չինաստանը։
Ճանի երկու ամուսնություններն էլ ընտանեկան երջանկություն չեն բերել։ Առաջին ամուսինը թաքնվել է՝ կասկածվելով քաղաքական եւ նաեւ ամուսնական դավաճանության մեջ, իսկ երկրորդ ամուսնությունից կարճ ժամանակ անց Ճանը ստիպված էր փոխել իր կյանքը՝ որպես անդամալույծ դարձած ամուսնու խնամակալ։
Ճանն աշխատել է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում, ստեղծագործել, թարգմանություններ կատարել չինարենից, վերջին տարիներին մենակյաց կյանք վարել։ Գրողի կամքի համաձայն՝ նրա աճյունամոխիրը շաղ է տրվել Խաղաղ օվկիանոսում։
Ճան Այլինի վեպերն ու վիպակները նրան բերել են ժամանակակից չին գրողի մեծ համբավ։