Զամբյուղ

Գագիկ Բաղդասարյան

Ծնվել է 1945 թվականի հունվարի 10-ին Երևանում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, իսկ 1968-1972 թվականներին ուսանել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Կառավարման խնդիրների ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1975 թվականին նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1980-1981 թվականներին գիտական ստաժավորում է անցել Ֆլորենցիայի համալսարանի Էլեկտրոնիկայի ինստիտուտում, ինչպես նաև իտալերենի դասընթացներ է անցել Պերուջայի համալսարանում և Ֆլորենցիայի «Դանտե Ալիգյերի» կենտրոնում։

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1967 թվականին ՀԽՍՀ ԳԱ և Թեթև արդյունաբերության նախարարության Հաշվողական կենտրոններում՝ որպես ինժեներ, ավագ ինժեներ և խմբի ղեկավար։ 1975-1992 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ զբաղեցնելով ավագ դասախոսի, դոցենտի և ամբիոնի վարիչի պաշտոնները։ 1988-1992 թվականներին եղել է «Վերածնունդ» հասարակական կազմակերպության տնօրենը, իսկ 1992-1994 թվականներին հիմնադրել ու ղեկավարել է «Կոսսու» հրատարակչությունը և «Թումանյան-Դանտե» հայ-իտալական մշակութային կենտրոնը։

1994 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի՝ որպես ՀՀ ԱԳՆ առաջին քարտուղար։ 1995-1999 թվականներին եղել է Իտալիայում ՀՀ գործերի հավատարմատար, իսկ 1999–2005 թվականներին՝ Իտալիայի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան։ 2005–2006 թվականներին աշխատել է որպես ՀՀ ԱԳՆ խորհրդական: 

Բնակվում է Երեւանում, զբաղվում է գեղարվեստական թարգմանություններով եւ ձեռնարկատիրական գործունեությամբ։
Նրա թարգմանությամբ հայերենով լույս են տեսել Ալբերտո Մորավիայի, Նիկկոլո Մակիավելիի (այլ տարբերակով՝ Նիկոլո Մաքիավելի), Էդուարդո դե Ֆիլիպպոյի, Տոնինո Գուերրայի եւ այլոց ստեղծագործությունները։ 

Բաժանորդագրվիր մեր նորություններին