Փոքր բաներն են մեծացնում աշխարհը:
Շվեյցարացի գրող և քաղաքական գործիչ Գոթֆրիդ Քելլերը (1819-1890) համարվում է բյուրգերական ռեալիզմի նշանավոր գրողներից մեկը։ Ծնվել է Ցյուրիխում, որտեղ սովորել է գեղանկարչություն, ապա շարունակել է ուսումը Մյունխենում: Ուսանել է պատմություն և քաղաքագիտություն Հայդելբերգում, ինչպես նաև թատերագրություն Բեռլինում:
1861-ին դարձել է Ցյուրիխի կանտոնի առաջին պետքարտուղարը և պաշտոնավարության վերջին տարիներին գրել է «Զելդվիլայի բնակիչները»։ Հենց այս շարքից են սույն գրքում զետեղված «Շահարկված սիրային նամակները» երգիծական պատմությունը, որը Նիցշեն համարում էր գերմանական արձակի գանձ, և «Հագուստն է ստեղծում մարդուն» գերմանալեզու գրականության ամենահայտնի նովելներից մեկը, որը հիմք է դարձել ֆիլմերի, օպերաների, գրաֆիկական նովելի, թատերական պիեսի ստեղծման համար:
Քելլերը սիրված և գնահատված գրող է եղել դեռ կյանքի օրոք, նրա նովելներից մի քանիսն այսօր էլ համարվում են գերմանալեզու արձակի գլուխգործոցներ: