Զամբյուղ

Ջեք Քերուեք

Մի օգտվիր հեռախոսից: Մարդիկ երբեք պատրաստ չեն պատասխանելու զանգին: Օգտվիր բանաստեղծությունից:

Արձակագիր, բանաստեղծ

1922–1969

Ֆրանկո–կանադական ծագումով Ջեք Քերուեքը համարվում է ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկը: Քոլամբիա համալսարանի իր ընկերների՝ Ալեն Գինզբերգի, Վիլյամ Բըրոուզի և այլոց հետ նա դարձավ բիթ սերնդի առանցքային դեմքը և կերտեց մի ոճ, որը ցայսօր ընկալվում է որպես նորարական: Քերուեքը փորձեց ստեղծել նոր ամերիկյան գրականություն, որը ձայն կտա մինչ այդ չներկայացված խավերին, այդ թվում՝ իր սերնդին:

Նա առավելագույնս անկեղծ գրել է 50–ականների ամերիկյան կյանքի՝ ջազի, սեքսի, թմրանյութերի, աղքատության և, իհարկե, ճանապարհի մասին, քանի որ «կյանքն անիվների վրա» ամերիկյան ապրելաոճի անքակտելի մասն է: Նրա առաջին տպագիր վեպը՝ «Մեծ և փոքր քաղաքները», լույս տեսավ 1950–ին, բայց մշակութային ցնցում առաջացրեց երկրորդ՝ «Ճանապարհին» վեպը, որի մի քանի սևագիր տարբերակները Քերուեքը մեքենագրեց 21 օրում 37–մետրանոց՝ միմյանց սոսնձված թղթերի վրա, ինչը թույլ էր տալիս տպել առանց դադարի և համապատասխանում էր նրա կողմից որդեգրված «ինքնաբուխ արձակի» ոճին: Վեպը, որն անօրինակ էր և նման էր ջազային իմպրովիզացիայի, դաժանորեն գրաքննվեց ու խմբագրվեց: Արդյունքում 1957 թվականին լույս տեսավ մի տարբերակ, որը թեև Քերուեքին ճանաչում բերեց (այն 20–րդ դարի անգլալեզու 100 լավագույն վեպերի ցանկում է), բայց այլևս չէր համապատասխանում նրա սկզբնական մտահղացմանը: Միայն 2007 թվականին հրատարակվեց «բնագիր գլանափաթեթը»։

Քերուեքը փորձարար էր և ամբողջ կյանքում շարունակեց հոգևոր որոնումները՝ հետաքրքրվելով նաև բուդդայականությամբ: 

Բաժանորդագրվիր մեր նորություններին