Ժորժ Աբրահամյանը ծնվել է 1963 թվին Իրանում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Թեհրան քաղաքի հայկական դպրոցներում, այնուհետև երկու տարի զինվորական ծառայությունից հետո, 1987 թվին մեկնել է Հայաստան և սովորել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականության բաժնում, որից հետո վերադարձել է Թեհրան և հայկական դպրոցներում դասավանդել է հայոց լեզվու և գրականություն առարկաները:
Ակտիվ գործունեություն է ծավալել Թեհրանի հայկական միություններում, եղել է սկաուտական շարժման անդամ ապա ղեկավար վերոնշյալ միություններում։ Աշխատել է Թեհրանում լույս տեսնող «Ծիածան» և «Հանդես» պարբերականների հետ որպես հոդվածագիր և խմբագիր։ Ղեկավարել է Թեհրանի հայկական Սողոմոնյան դպրոցի երգչախումբը մի քանի տարի։ Նա միևնույն ժամանակ աշխատել է Իրանի պետական ռադիոհեռուստատեսության հայկական ռադիոյում որպես թարգմանիչ, լրագրող և հաղորդավար։ 2004 թվին տեղափոխվել է Հայաստան և շարունակել իր համագործակցությունը Իրանի պետական ռադիոհեռուստատեսության հետ որպես լրագրող, ինչի շնորհիվ մինչ օրս այդ հեռուստատեսության համար լուսաբանում է Հայաստանի տարբեր ոլորտների իրադարձությունները պարսկերեն լեզվով։
Աշխատել է նաև Երևանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնում թարգմանչի և խորհրդատուի պաշտոններում։
Ժորժ Աբրահամյանը նաև մի քանի տարի աշխատել է որպես պարսկերեն լեզվի ուսուցիչ Երևանի թիվ 110, Արարատ մարզի Ներքին Դվին և Այգեստան համայնքների դպրոցներում և դասավանդել պարսկերեն լեզու։ Թարգմանել է մի քանի գրքեր պարսկերենից հայերեն այդ թվում «Հանրագիտարան իրանհայոց»։
Թեհրանում հրատարակել է իր բանաստեղծությունների ժողովածուն «Եվ ուրիշ ոչինչ» խորագրով։