Գրող, դրամատուրգ, սցենարիստ
1923–1999
Ծնվել է Բրուքլինում՝ Ռուսաստանից ԱՄՆ տեղափոխված հրեա ընտանիքում: 19 տարեկանում ծառայության է անցել ԱՄՆ ռազմաօդային ուժերում՝ մասնակցելով Երկրորդ համաշխարհային պատերազմին որպես ռմբարկու: Պատերազմից հետո շարունակել է ուսումը Կալիֆոռնիայի, Նյու Յորքի, Կոլումբիայի համալսարաններում, Օքսֆորդի Սուրբ Կատարինա քոլեջում: Կարճ պատմվածքներ գրելուն զուգահեռ դասավանդել է Փենսիլվանիայի պետական համալսարանում և կարճատև աշխատել նաև գովազդային ընկերությունում:
1953 թ. մտահղացել է «Ծուղակ 18» վեպը, որի գլխավոր կերպարը՝ կապիտան Ջոն Յոսարյանը, նույնպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբարկու է: Վեպը լույս է տեսել 1961 թ. «Ծուղակ 22» վերնագրով, առաջադրվել է «Ազգային գրքի» մրցանակին և ԱՄՆ–ում Վիետնամի պատերազմի դեմ հասարակական շարժման համատեքստում դարձել հայտնի ստեղծագործություն ու բեսթսելեր:
Հելըրը վեպերը գրում էր դանդաղ ու տևական. վեպի վրա սկսում էր աշխատել միայն, երբ պատկերացնում էր դրա առաջին ու վերջին տողերը: Հայտնի է «Մի բան եղավ» (1974), «Ոսկու պես լավ» (1979), «Աստված գիտի (1984) վեպերով, «Յոսարյանը վերապրում է» (1987) և կարճ պատմվածքներով: