Կյանքի երջանիկ պահերը փխրուն են ու անցողիկ:
Աֆղան, կալիֆոռնիացի, բժիշկ… այժմ աշխարհի տասնյակ լեզուներով թարգմանված գրող Խալեդ Հոսեյնին իր առաջին վեպը («Օդապարուկ թռցնողը», 2003) նվիրեց «հայրեր և որդիներ» թեմային՝ մեկնելով նաև Աֆղանստանի պատմական վերջին իրադարձությունները:
Հոսեյնիի բարեկեցիկ ընտանիքը լքեց Քաբուլը 1976–ին, երբ տղան 11 տարեկան էր։ Չորս տարի Փարիզում անցկացնելով՝ նրանք քաղաքական ապաստան գտան ԱՄՆ–ում։ Ներգաղթյալի դասական ճանապարհ անցնող Հոսեյնին կայացավ նախ որպես բժիշկ և գրողի միջազգային համբավ ձեռք բերեց 2003–ին` «Օդապարուկ թռցնողը» (2006–ին նկարահանվեց նույնանուն ֆիլմը) վեպի լույսընծայումից հետո։ Երբեմնի հայրենիք՝ Աֆղանստան, նա այցելեց արդեն որպես հայտնի գրող, բարի կամքի դեսպան ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից։ Այցն առիթ դարձավ՝ ստեղծելու «Խալեդ Հոսեյնի» հիմնադրամը։ Այն ապաստան է տրամադրում Աֆղանստանի գաղթական ընտանիքներին, իրականացնում է մարդասիրական, կրթական և առողջապահական ծրագրեր։