Զամբյուղ

Լոիս Լոուրի

Հիշողությունը մենակ լինելու երջանկությունն է։

 

Բանակային ատամնաբույժի տանը ծնված միջնեկի՝ Լոիս Լոուրիի (1937) համար որոշվել էր տատիկի Սինա անունը, սակայն վերջինիս հրահանգով աղջկան տրվեց ավելի ամերիկյան անուն։ Հայրիկի աշխատանքի բերումով Լոիսը ճամփորդում էր ԱՄՆ-ով եւ աշխարհով, ուսում առնում տարբեր դպրոցներում։ Լոիսն իր ընտանիքը կազմեց 19 տարեկանում՝ ամուսնանալով ռազմածովային սպա Դոնալդ Լոուրիի հետ։ Նույն կենսակերպը շարունակվում էր, Լոիսը մեծացնում էր չորս երեխաներին ամերիկյան այս ու այն քաղաքում։ Վերջապես ընտանիքը հանգրվան առավ Մեն նահանգի Փորթլենդ քաղաքում։ Այստեղ Լոիսը բարձրագույն կրթություն ստացավ անգլալեզու գրականությունից եւ աշխատում էր որպես լրագրող եւ լուսանկարիչ։

40 տարեկանում՝ 1977-ին, լույս տեսավ նրա առաջին՝ «A Summer to Die» (Մահանալու ամառ) գիրքը, որտեղ նա կիսվում է հարազատ քրոջ հիվանդության պատմությամբ։ Նույն տարում զույգն ամուսնալուծվեց։ Երկու տարի անց Լոուրին Բոստոնում էր, վարում էր գրողի լիարժեք կյանք եւ ծանոթացավ Մարտին Սմոլի հետ․ նրանց սպասվում էր երեսնամյա համակեցություն եւ կրկին՝ ճամփորդություններ աշխարհով մեկ, ինչպես նաեւ հանգստյան օրեր 18-րդ դարի վերանորոգված ագարակում (Մեն)։

Սովորական երեխաների անունից Լոուրին գրում է հասուն երեխաների համար։ Մասամբ ինքակենսագրական համարվող գրքերում նա դիմում է կորստի, պատերազմի, հիշողության խնդիրներին, խոսում է ընտանիքի եւ մարդկության պատմությունը հիշելու կարեւորությունից։ Դժվար ու բարդ թեմաների անդրադարձող նրա գրքերը որոշ միջավայրեր չեն ողջունում զգացմունքային ծանրության համար, բայց դրանք մեծամասամբ դպրոցական մանկապատանեկան պարտադիր ընթերցանության ցանկում են։ Ամերիկյան մանկական գրականության մեջ ունեցած ամենամեծ ներդրման համար նրա «Number the stars» (Հաշվիր աստղերը) եւ «Պարգեւողը» վեպը արժանացել են Նյուբերիի մեդալի։

Բաժանորդագրվիր մեր նորություններին