Գալիք օրը միշտ թարմ է, դրանում սխալներ չկան։
1874 – 1942
Լյուսի Մոդ Մոնտգոմերին ծնվել է Էդուարդ արքայազնի կղզում գտնվող Կլիֆտոն (ներկայիս Նյու Լոնդոն) քաղաքում։ Տուբերկուլյոզ հիվանդության հետեւանքով կորցրել է մորը նախքան կհասցներ հիշել նրան, մեծացել է մորական ծնողների մոտ, նախընտրել է, որ իրեն կոչեն Մոդ, եւ վաղ տարիքից սկսած ոչ միայն ստեղծագործել է եւ փորձել հրապարակել աշխատանքները, այլեւ իր օրագրերում ակնկալել է, որ շուտով հասնելու է գրական ճանաչման։
Մոնտգոմերին այն քիչ հեղինակներից է, որ տեսել է երկու համաշխարհային պատերազմ։ Ակտիվորեն քարոզելով իր աշակերտներին եւ մյուսներին գնալ դեպի ռազմաճակատ, այնուհետեւ իր պահվածքի վերաբերյալ ունեցել է ափսոսանքի եւ խղճի խայթի զգացողություն։ Կյանքի ընթացքում հաճախադեպ է ունեցել ընկճախտեր։
Աննայի մասին գրքերն արտացոլում են Մոդ Մոնտգոմերիի կյանքը, կորուստներն ու ուրախությունները։ 1920-ականներին նա Աննա Շիրլիի մասին գրքերի հայտնի հեղինակ էր, թեպետ ձանձրացել էր իր ստեղծած կերպարից եւ որոշել էր դադար առնել։ Շուրջ 15 տարի անց, արդեն իր կյանքի վերջին տարիներին նա նորից վերադարձավ Աննայի կերպարին՝ կարծես համակերպվելով ընթերցողների եւ հրատարակիչների սպասելիքներին։ Վերջին գիրքը, որը 1942 թվականին հրատարակչին հանձնվեց հեղինակի մահվան օրը, ակնհայտորեն փորձարարական էր, հակապատերազմական, իսկ Աննայի լուսավոր կերպարը Մոդը ներկայացրել էր անսովոր մռայլ։ Բնօրինակը չհրատարակվեց ամբողջական տեսքով մինչեւ 2009 թվականը։ Աննայի առաջին ընթերցողներն այլեւս կենդանի չէին։