Զամբյուղ

Մարգարիտա Հարությունյան


Մարգարիտա Հարությունյանը ծնվել է 1988 թվականին՝ Հրազդանում:

Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանը՝ ստանալով լեզվաբանության մագիստրոսի աստիճան՝ «Օտար և մայրենի լեզուների զուգադրական տիպաբանություն» մասնագիտությամբ:

Մի շարք դպրոցներում աշխատել է որպես  ֆրանսերեն և անգլերեն լեզուների ուսուցիչ, լատիներենի դասախոս է եղել պրովիզոր, նկարիչ Լևոն Սարգսյանի անվ. բժշկական քոլեջում, նույն քոլեջում՝ որպես ուսումնամեթոդական աշխատանքների գծով փոխտնօրեն, անգլերեն և լատիներեն լեզուների դասախոս:

2020թ. սեպտեմբերից մինչ 2022 թ. փետրվարի 10-ը աշխատել է Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում՝ որպես տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ:

2022թ.-ից Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենն է։ Նույն դպրոցում նաև դասավանդում  է ֆրանսերեն։ Դպրոցում հիմնել է ֆրանկոֆոն ակումբ, որն ակտիվորեն համագործակցում է համայնքի կրթամշակութային հաստատությունների հետ՝ նպաստելով համայքում ֆրանսերենի և ֆրանկոֆոնիայի գաղափարախոսության տարածմանը։ «Ֆրանկոֆոն ակումբ» նախագծի  հիման վրա ստեղծված խմբակի ծրագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է գործածության հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում։

Մի քանի գիտական հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ «Մեդիագրագիտության ինտեգրումը անգլերենի դասավանդման մեջ» ( Մանկավարժական միտք, 2021 1 (74), էջ 266-275), «Անդրե Բրետոնի անձնական առասպելի լեզվական դրսևորումները», (ԵՊԼՀ, Մագիստրոսական երկրորդ գիտական սեմինար, Երևան, 2011):

Ստեղծել է առցանց կրթական պաշարներ, ուսումնական ռեսուրսներ և հարթակներ, մասնակցել ուսումնամեթոդական վերապատրաստումների: Վերապատրաստող ուսուցիչ է: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ընդգրկվել է ֆրանսերենի դասագրքի գնահատման հանձնաժողովում

2021թ. «Անգլերենի դասավանդումը մեդիագրագիտության ինտեգրմամբ» նախագծով պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով: Նույն թվականին պարգևատրվել է պատվոգրով ՀՀ ԿԳՄՍՆ, Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի, USAID կողմից հայտարարված մեդիագրագիտության ինտեգրված դասի պլանների մրցույթում հաղթելու համար: 

2022 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցել է «Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի ֆրանսերենի երիտասարդ ուսուցիչների ֆորում»-ին, որի շրջանակներում «Ֆրանկոֆոն ակումբ» հեղինակային նախագծով զբաղեցրել է առաջին տեղը «Իմ նախագիծը 60 վայրկյանում»  մրցույթում:

Ստեղծագործում է։ Մի քանի տասնյակ բանաստեղծությունների հեղինակ է։

 

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին