Ցանկացած երջանկություն արվեստի գործ է․ աննշան սխալն աղավաղում է, ամենափոքր տատանումը` փոխում, նվազագույն ծանրությունը փչացնում է, իսկ չնչին անմտությունը կոպտացնում է այն։
Մարգըրիտ Յուրսընարը (1903 – 1987) ծնվել է Բրյուսելում որպես Մարգըրիտ Անտուանետ Ժանն Մարի Գիսլեն Կլենվերկ դը Կրայենկուր։ Ծննդից մի քանի օր անց կորցրել է մորը։ Հայրը նրա համար մասնավոր կրթություն է կազմակերպել տանը, ընթերցել է եվրոպական գրականություն, նրանք միասին են ստեղծել Յուրսընար գրական ազգանունը։ Հոր աջակցությամբ է Մարգըրիտը տպագրել իր առաջին պոեմը՝ «Քիմերայի այգին»։ 1939 թվականին տեղափոխվել է ԱՄՆ՝ խուսափելու Երկրորդ աշխարհամարտի վտանգներից։ 1947-ին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն եւ Գրեյս Ֆրիքի հետ հաստատվել Մաունթ Դեզերթ կղզում գնված տանը։ Այնտեղ գրված «Ադրիանի հիշողությունները» վեպով (1951) Յուրսընարը հասել է միջազգային ճանաչման։ 1960-80-ականներին արժանացել է հեղինակավոր գրական մրցանակների եւ, կոտրելով ավանդույթը, Ֆրանսիական ակադեմիայի առաջին կին անդամ է ընտրվել 1981-ին։