Ես մարգարե չեմ։ Իմ գործը պատուհաններ բացելն է այնտեղ, որտեղ մի ժամանակ պատեր էին։
Գաղափարների պատմաբան, փիլիսոփա, մանկավարժ
1926-1984
Բժիշկների բարեկեցիկ ընտանիքում ծնված Ֆուկոն մանկուց հակադրվում էր իր միջավայրի ու երկրի սահմանափակումներին, ուստի հետագա նրա գիտական կյանքից անբաժան էին ճամփորդությունները եւ կեցությունը այլ երկրներում։
Ֆուկոն ուսումնասիրել է հոգեբանություն և փիլիսոփայություն, հարել է կոմունիստական շարժմանը, ապա հեռացել, մշակութային կցորդ է ծառայել Շվեդիայում, Լեհաստանում և Արևմտյան Գերմանիայում։
Նրա առաջին աշխատությունները բարձր էին գնահատվում ակադեմիական միջավայրում, մինչդեռ տարածում չունեին։ Հռչակը նրան գտավ Թունիսում, որտեղ դասավանդում էր 1966–1968-ին, այնտեղ էր, երբ 1968-ի գարնանը Փարիզում բռնկվեցին ուսանողական ցույցերը։ 1969-ին լույս տեսավ նրա ամենակարեւոր աշխատություններից մեկը՝ «Գիտելիքի հնագիտություն»-ը։ 1970-ին, Փարիզի համալսարանում փիլիսոփայության ամբիոնը կարճ ղեկավարելուց հետո, Ֆուկոն «մտածողության համակարգերի պատմության» ամբիոնի վարիչ ընտրվեց Ֆրանսիայի ամենից հեղինակավոր Կոլեժ դը Ֆրանսում։
Մինչ նրա գրքերը փոխում էին հազարավոր մարդկանց պատկերացումները իշխանության, գիտելիքի և ազատության կառուցվածքի մասին, գիտնականը աշխատում ու ապրում էր Բրազիլիայում, Ճապոնիայում, Իտալիայում, Կանադայում և ԱՄՆ-ում․ Բերկլիի համալսարանում նա դասախոսություններ ուներ ամեն տարի։
1984-ին, անավարտ թողնելով «Սեքսուալության պատմության» չորրորդ հատորը, Ֆուկոն հեռացավ կյանքից ՁԻԱՀ-ի հետեւանքով։